Azg.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։
-Տիկի՛ն Վարդանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Երևանի Թումանյանի փողոցում մեկնարկած ծառահատման վերաբերյալ։ Դուք ուսումնասիրե՞լ եք՝ կտրված ծառերն իսկապես հատման ենթակա՞ էին։
-Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ այդ ծառերը հատման ենթակա չէին։ Թումանյանի փողոցում հատված ծառերից երևում է, որ դրանք դեռ տասնյակ տարիներ կարող էին կենսունակ լինել։ Փաստացի մենք հաջորդ տասնյակ տարիների համար Թումանյանի, Սայաթ-Նովայի, Ուլնեցու փողոցները թողնում ենք առանց պաշտպանության, որովհետև ծառերի սաղարթն ահռելի նշանակություն ունի հարավային այնպիսի քաղաքների համար, ինչպիսին Երևանն է։
Քանի որ մայրաքաղաքում ամռանն ասֆալտը տաքանում է մինչև 70, իսկ շենքերի՝ ճակատները 50-60 աստիճան ՝առաջացնելով քաղցկեղածին նյութեր, միակ պաշտպանիչ շերտը ծառերի սաղարթներն են։ Խոսքը լայնասաղարթ ծառատեսակների մասին է, որոնք խորհրդային տարիներին շատ ճիշտ ընտրվել էին Երևանի համար։ Այժմ լայնասաղարթ ծառերի հատումը նպաստելու է օրգանիզմի ջրազրկմանը և արյան մակարդելիության բարձրացմանը, այսինքն՝ ինսուլտների, ինֆարկտների թվաքանակի աճին։ Ծառերի հատումը նպաստելու է նաև քաղցկեղի տարածվածությանը, որովհետև ունենալու ենք արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվություն։
–Տիկին Վարդանյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ անհարկի ծառահատումների հարցի շուրջ մասնագիտական ընդվզում չկա։
-Առաջինը պետք է ընդվզեր Ագրարային համալսարանը, որովհետև այն ամբողջությամբ գիտատեխնիկական խորհրդի կազմում է։ Այնտեղ նույն մարդիկ են, որոնք 30 տարի շարունակ մեզ ասում էին, որ ծառերը պետք է խոր էտել։ Այսօր այդ նույն մարդիկ ասում են, որ սխալ էտի հետևանքով ունենք այնպիսի իրավիճակ, որ բոլոր ծառերը Երևանում պետք է փոխարինվեն։
–Արդյոք մայրաքաղաքում հերթական ծառահատումներն իրականացնելը և հատված ծառերի տեղում հատկապես հուդայածառեր տնկելը քննարկվել է մասնագիտական շրջանակների հետ։
-Նամակավ դիմել եմ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտին, որը պետք է մասնակից լինի քաղաքային կանաչապատման բոլոր որոշումներին, սակայն տնօրենից պատասխան եմ ստացել, որ իրենք ընդգրկված չեն եղել Երևանի կանաչապատման ծրագրում։ Սա նոնսենս է։ Նամակ եմ գրել նաև Կենդանաբանության ինստիտուտ, որովհետև ծառերի հատումը միայն մարդկանց և բուսականության մասին չէ։ Սա նաև կենսաբազմազանության մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ երկար տարիներ թռչուններին քշել ենք Երևանից, ոչնչացրել նրանց բները։ Այժմ նույն այդ թռչունները չեն բնադրելու ցածր սակուրաների կամ հուդայյածառերի վրա, քանի որ դրանք անհրաժեշտ բարձրություն չեն ապահովում։
Այս ամենին զուգահեռ՝ ուզում եմ ասել, որ կանաչապատում իրականացնելիս չի կարելի ամբողջ փողոցի համար ընտրել մեկ ծառատեսակ։ Հիվանդությունների դեպքում ստացվում է, որ ամբողջ փողոցն ենք «կորցնում», իսկ 21-րդ դարի կանաչապատումը ենթադրում է կենսաբազմազանություն, աբորիգեն ծառատեսակներ, որոնք կհարմարվեն կլիմայական փոփոխություններին։ Եթե մենք ամբողջ փողոցը լուծենք հուդայածառերով, կունենանք կիզիչ փողոց։
–Հայտնի է, որ հատված ծառերի տեղում նախատեսվում է հուդայածառեր տնկել։ Արդյոք այդ ծառատեսակը, ինչպես նաև ոչ վաղ նացյալում մայրաքաղաքում տնկված սակուրաները համապատասխանում են Երևանի կիսանապատային կլիմային։ Դրանք անհրաժեշտ չափի սաղարթ և թթվածին ապահովո՞ւմ են։
– Փաստացի այժմ ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք առհասարակ սաղարթ չեն առաջացնելու։ Եթե նախկինում մայրաքաղաքում աճում էին լայնասաղարթ, փոշեկլանող թեղիներ, ապա այժմ տնկում են այգեպուրակային տարածքների ծառատեսակներ։ Դրանք փողոցի էկոլոգիական հարցերը չեն լուծում։ Այս դեկորատիվ ծառատեսակները՝ սակուրաները, հուդայածառերը, սիրում են խոնավություն և կարող են գոյատևել բացառապես այգեպուրակային տարածքներում։
Կանաչապատման գիտատեխնիկական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանն իր մենագրության մեջ գրել է, որ Երևանի կլիմայական պայմանների համար ռիսկային ծառատեսակներ են ձիակասկը, լենքորանյան ալբիցիան, հուդայածառը և կատալպան։ Բայց նա, որպես Կանաչապատման գիտատեխնիկական խորհրդի նախագահ, ստորագրում է, որ Երևանի փողոցների համար այդ ծառերն ընտրվեն։ Ինձ համար բացարձակապես անհասկանալի է նման մոտեցումը, երբ մարդն իր աշխատությունում գրում է, որ դրանք ռիսկային ծառատեսակներ են, սակայն հետո դրանք ընտրվում են կանաչապատման համար։
Փաստացի ստացվում է, որ մենք մենք խիստ չորադիմացկուն, միայն խոր էտ պահանջող մեր թեղիները փոխարինում ենք խիստ խնամք պահանջող, փողոցների կանաչապատման համար չնախատեսված գեղազարդ ծառատեսակներով։ Բայց փողոցը պաշտպանությնա մասին է, փողոցը գեղազարդության մասին չէ։
-Տիկին Վարդանյան, քաղաքային իշխանությունները ծառահատումները պատճառաբանում են նոր ծառեր տնկելով. իսկ հնարավո՞ր է, որ պարզապես ներկրված որոշ խմբաքանկի ծառեր իրացնելու խնդիր է դրված։
-Ես չեմ կարող հերքել կամ պնդել այդ տեսակետը, սակայն կարող եմ փաստել, որ 2023 թվականի բյուջեի կատարողականով Եվրոպայից ներկրվել են 360 հազար դոլարի ծառատեսակներ։ Նման ծավալի ներկրում երբևիցե չի եղել։ Մենք միշտ աշխատել ենք տեղական ծառատեսակներով՝ տնկարանային տնտեսությունների հզորություններով։ Ներկրումներ եղել են հիմնականում Իրանից։
-Տիկին Վարդանյան, ի՞նչ իրավունքով են ըստ Ձեզ քաղաքային իշխանությունները հատում առողջ ծառերը։ Հայտնի է, որ մինչև նոր ծառերն աճեն, սաղարթ տան, առնվազն տասնյակ տարիներ պետք կլինեն։
-Բնության մեջ այսպես է. ծառերը, ինչպեսև մարդիկ, ունեն փոքր, երիտասարդ, հասուն և տարեց շրջանները, և էկոծառայություններ մատուցելու համար դրանք պետք է հասնեն հասուն տարիքի։ Այսինքն՝ մենք պետք է սպասենք 15-20 տարի՝ սաղարթ ստանալու համար, սակայն կրկնում եմ՝ որոշ ծառատեսակներ առհասարակ ստվերային ծածկ չեն ստեղծելու։
Խնդիրն այն է, որ մեր քաղաքային իշխանությունները Երևանում ներդնում են եվրոպական փորձը, բայց Եվրոպայում մարդիկ բոլորովին այլ խնդիր են լուծում։ Նրանք կիզիչ արև չունեն, և այնտեղ ուղիղ հակառակ խնդիրն է դրված՝ մարդկանց հնարավորինս ապահովել արևի ճառագայթներով, վիտամին D-ով։ Այսինքն՝ կախված կլիմայական պայմաններից՝ կանաչապատումը լուծում է շատ տարբեր խնդիրներ։
Մենք 2020 թվականին մի պիլոտային նախագծով ենք զբաղվել. Հալաբյան փողոցում թեղիների արանքում, առանց դրանք հատելու, նոյեմբեր ամսին տնկել ենք քաղաքային տնկարանից ընտրված 14 հացենի։ Որոշեցինք, որ հաջորդ տարի աշնանը կկտրենք ամեն երրորդ թեղին, գարնանը կանենք հանրային լսումներ, կկատարենք ծառերի գործիքային հետազոտություններ՝ ապացուցելու, որ դրանք իսկապես պետք է հատվեն։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ցույց տայինք, թե ինչպես պետք է իրականացնենք այդ ծրագիրը։ Հիմա այսքան ծառ են հատել, բայց որևէ մեկի համար փորձագիտական պատասխան չկա, գործիքային գոնե մեկ հետազոտություն չկա։