Միջազգային տարբեր հարթակներում, հաճախ հեղինակավոր լրատվամիջոցների հետ համակցված, ինչպես BBC-ն եւ CNN-ը, ազերիական հակահայ քարոզչությունը գործում է շոգեպինդ, բաց չթողնելով որեւէ առիթ, մեկ կողմից գրավիչ ցույց տալով իրենց ունեցած-չունեցածը, մյուս կողմից հայերին ներկայացնելով իբրեւ նվաճողներ, ահաբեկիչներ։
Առանց ամաչելու, շատ ագրեսիվ կերպով նրանք, ինչպես գրել էինք նախապես, իրենց երկիրը ներկայացնում են իբրեւ նուռի հայրենիք, Նիզամիին՝ ադրբեջանցի պոետ ու մտածող, էլ չխոսելով Ֆիրդուսու մասին, հայերից գողացված իրենց «անկրկնելի» ճարտարապետության, հանդուրժողականության ու մեծահոգության եւ հյուրընկալ լինելու մասին։
Օրերս, քարոզչական իրենց տասնյակ հարթակներից մեկում՝ AzerNews, նրանք շքեղ հանդիսություն էին կազմակերպել «Մուղամի զարգացման ու հանրահռչակման կազմակերպության» նախաձեռնությամբ, ինչ-որ Ախունդովա անունով երգչուհու 100-ամյակին նվիրված, որի ընթացքում նրան՝ թերեւս լավ մուղամներ երգող այդ երգչուհուն ներկայացրին, ոչ ավել ու ոչ պակաս, որպես աշխարհում առաջին կին կոմպոզիտորի։ Չգիտենք, CNN-ի կայքէջով տարածված այդ ստախոսության համար նրանք Գերմանիայից, Իտալիայից կամ Հունաստանից քննադատական որեւէ արձագանք ստացա՞ն։ Երկրներ՝ որոնք միշտ էլ ունեցել են կին կոմպոզիտորներ, դեռ չխոսելով դեռ վաղ միջնադարում հայերիս ունեցած վավերական կին երաժիշտների մասին, որոնք երգեր ու շարականներ են հորինել Հայաստանի տարբեր շրջաններում։
Բայց անգերազանցելին ազերինի փչոցներն են ընդդեմ հայերի՝ որպես խաբեբա, անշնորհք, դավաճան, ահաբեկիչ ազգի մասին։ Այդպիսի նյութերի մեջ մի քանի օր առաջ հանդիպեցի շատ լուրջ տոնով ներկայացված «վախազդեցիկ» մի հաղորդագրության, որը տարածել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ այդ հաղորդագրության՝ ոստիկանությանը հաջողվել է Ստեփանակերտում (իրենք ուրիշ անուն էին տվել) հայտնաբերել հայերի գաղտնի թաքստոց՝ լեցուն զենք-զինամթերքով։ Հայտնաբերված թաքստոցում ոստիկանությունը գտել է, միշտ ըստ նույն հաղորդագրության, բազմաթիվ ավտոմատ հրացաններ, մեկ գնդացիր, 33 նռնակ, 832 փամփուշտ, փամշտակալներ եւ… 6 սվին։
Բարեբախտաբար հաղորդագրության կից հրապարակել են մեկ լուսանկար, որը կցում ենք այս նյութին։ Նայեք սեղանին, որի վրա կտեսնեք այդ սարսափելի զինանոցը՝ որսորդական 3 հրացան եւ ընդամենը 1 ավտոմատ, որը, հավանաբար, վերջին պահին ոստիկաններից մեկն էր դրել սեղանին, որպեսզի սեղանը «ճոխ» երեւա։
Պետք է դիմագրավել այս մարտահրավերը, փողի դիմաց օգտագործելով յուրաքանչյուրիս կապերը, մանավանդ Սփյուռքի համապատասխան հնարավորությունները։ Մեր պատասխան հարվածները պետք է լինեն բովանդակությամբ փաստացի, իսկ ձեւով՝ երգիծական, ոչնչացնող։ Մեր գլխավոր թիրախը սակայն պետք է լինեն միջազգային լրատվամիջոցները, կասկածի տակ դնելով նրանց անաչառությունը, հավաստիությունն ու հեղինակությունը։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հատուկ «Պայքար»-ին
24.03.2024թ.