Մարտի 19-ին Հայաստանում Ռուսասատանի դեսպանատունը ֆիլմի ցուցադրություն էր կազմակերպել: «Ականատես» կինոժապավենը տեսնելու հրավերով «Մոսկվայի տուն» (ցուցադրությունն այնտեղ էր) էին եկել հայաստանյան քաղաքական դաշտի «պրոռուսական» ուժերի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, «Հայաստան» խմբակցությունից՝ Սեյրան Օհանյանը, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Թեեւ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մեղադրում է «արեւմտամետության» մեջ, բայց դեսպանատան հրավերը չբոյկոտելը ճիշտ հակառակի մասին է վկայում: Ավելին, Փաշինյանին ու թիմակիցներին «հակառուս» անվանող ընդդիմադիր քաղգործիչներն, առանց ավելորդ ձայն-ծպտունի, դահլիճում հարմար տեղավորվեցին հենց ՔՊ-ականի կողքին:
Առավել ուշագրավ էր Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի ներկայությունը: «Ազգ»-ի տեղեկություններով՝ հյուրերի հարցում դեսպանատունն անձամբ է զբաղվել: Եվ Շահրամանյանին բերել, «առաջին» պլանում նստեցնելը պատահական լինել չէր կարող: Եթե սրան հավելենք դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ֆիլմի ցուցադրությունից առաջ ասած խոսքը, թե «այստեղ հավաքվածները Ռուսաստանի ընկերներն են», թերեւս կարող ենք եզրահանգել՝ Կրեմլը ինչ-ինչ «մեսիջներ» է տալիս՝ նաեւ Ադրբեջանին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ