2023 թվականին Բրազիլիայում լույս է տեսել Սոնյա Ֆրեիթասի (Sonia Maria de Freitas) ՄԻԱՍԻՆ ՀՅՈՒՍԵԼՈՎ ԹԵԼԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ (ENTRELAÇANDO LINHAS E MEMORIAS) գիրքը: Այն հեղինակային հրատարակություն է, բովանդակությունը շարադրված է պորտուգալերեն: Ունի 227 էջ, ամբողջությամբ գեղատիպ է, հարուստ արխիվային լուսանկարներով: Սոնյաի գրքում ներկայացված են մի շարք տեղեկություններ Հայաստանի եւ հայ մշակույթի մասին: Առանձին բաժիններով ներկայացված է 26 պատմություն Ցեղասպանությունից հետո Բրազիլիայում հաստատված հայ ընտանիքների մասին: Այն մասին, թե ինչպես են նոր երկրում, նոր պայմաններում հայուհիները շարունակել իրենց ավանդական ասեղնագործությունը:
Հեղինակը Սան Պաոլոի համալսարանի դոկտոր է, աշխատել է տեղի Museu da Imagem e do Som »õ Museu da Imigração թանգարաններում: Զբաղվել է հատկապես պորտուգալացի եւ հայ ներգաղթյալներին վերաբերող նյութերով:
Գիրքը հրատարակվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության աջակցությամբ:
Սիրելի Սոնյա քո հրաշալի ուսումնասիրությանը ծանոթանալու նախօրեին, Երեւան վերադարձի ճանապարհս անցնում էր Արարատյան դաշտով: Բիբլիական Արարատ լեռը աներեւակայելի հզորությամբ իշխում էր ողջ ուղեւորության ընթացքին: Լեռան մեծ գագաթին մի տարօրինակ ամպ էր նստած: Այն բզկտված, ճերմակ լաթի էր նման: Գագաթին հատուկենտ մնացած սառցաբեկորները կարծես լաթից պոկված պատառներ լինեին, որ թափվել էին երկնքից, անդնդախոր կիրճերով ու ձորերով գլորվել վար: Կարծես երկնային լույսը սպիտակ, անկանոն շողարձակումներով երկիր իջած լիներ: Մտածում էի, որ հազարամյակներ առաջ երեւի հենց այսպես է Աստվածային օրհնությունը իջել Հայոց աշխարհի եւ ժողովրդի վրա:
Իրականում գրեթե բան չի մնացել Հայոց աշխարհից: Դժվարությունների տակ կքած մի փոքրիկ պետություն, հայեր եւ աշխարհով մեկ սփռված միլիոնավոր սփյուռքահայեր: Ժամանակը շատ բան է փոխել, ջնջել, ոչնչացրել, խառնել: Սակայն ինչ որ բան, օրհնության մի աննշան առկայծում արձագանքվել ու մեր օրեր է հասել: Ես դրանում համոզվեցի նաեւ թերթելով քո նոր գիրքը:
Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ Հայաստանում ապրող որեւէ հայի համար մեծ ուրախություն է նման գրքի հրատարակությունը: Անկասկած, այն կարեւոր ներդրում է հայագիտության մեջ: Չափազանց գնահատելի է թե՛ քո աշխատանքը, եւ թե՛ այն միջավայրը, որում դու աշխատում ես: Ամեն գնահատանքից վեր է այն հարգալից վերաբերմունքը, որը առկա է Բրազիլիայում հաստատված փոքրաթիվ հայերի անցյալի ու ներկայի նկատմամբ: Համարում եմ կարեւոր եւ ուսանելի այն մոտեցումը, որով դու ներկայացնում ես գաղթական հայ կանանց: Յուրաքանչյուր դեպքում ուրվագծվում է շնորհալի ու կենսասեր մարդու կերպարը: Մարդ՝ որը թե՛ ընտանիքի կին է ու մայր, եւ թե՛ իր միջավայրում, հասարակական կյանքում ակտիվ ու դրական դերակատարում ունեցող էակ: Ամբողջությամբ կիսում եմ այն ուրախությունը, որով բացահայտել ես քո հերոսների կյանքի ու գործունեության մանրամասնությունները: Ի՜նչ լավ է, որ բրազիլահայ ընտանիքներում կան «կախարդական սնդուկներ», իսկ սնդուկներում իրենց վերադարձին սպասող հրաշալի ձեռագործներ:
Հայերի մասին գրելու նպատակ չունեմ, քանի որ դու մոտիկից ծանոթանալու եւ խորապես ուսումնասիրելու հնարավորություն ունեցել ես: Կարծում եմ, բազմազգ միջավայրը, ինչպիսին Բրազիլիան է, այս տեսակետից մեծ հնարավորություն է տալիս: Ես նման փորձառություն ունեցել եմ Միջին Արեւելքում՝ Սիրիայում: Այնտեղ հայերը ակամա համեմատության մեջ էին գտնվում արաբների, քրդերի, հույների, ասորիների, թուրքերի, եզիդիների հետ:
Միաժամանակ նշեմ, որ այս հրատարակությամբ ուրախանալու համար պարտադիր չէ հայ լինելը: Որեւէ մարդ, անկախ ազգությունից, եթե հետաքրքրված է ժողովրդական արվեստով, մարդ արարածի ստեղծագործական հատկություններով եւ դրա անսպասելի, չծրագրված դրսեւորումներով, ուրախությամբ է ծանոթանալու այս գրքին:
Այնուամենայնիվ, սիրելի Սոնյա, մի քանի տողով փորձեմ բացատրել, թե հատկապես ինչո՞ւ է օվկիանոսն անցած եւ նոր հայրենիք գտած իմ ազգակիցների մասին այս գիրքը ինձ համար կարեւոր:
Ժամանակակից Հայաստանի քաղաքներում, մեծ ու փոքր բնակավայրերում բազմաթիվ են մշակույթի տները, արվեստի դպրոցները: Այստեղ նկարչության, երաժշտության, ասեղնագործության կամ շախմատի դասընթացների հետեւելը սովորական բան է: Եթե մտքով փորձենք վերադառնալ 19-րդ դար, բոլորովին այլ վիճակում կհայտնվենք: Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, ընդհանրապես Օսմանյան կայսրության քաղաքներում այլ իրավիճակ էր: Հայ երեխաների առաջին առնչությունը գեղարվեստի հետ հայրական տանն էր տեղի ունենում: Հատկապես աղջիկները փոքր տարիքից տեսնում, ծանոթանում ու մասնակցում էին ձեռագործին: Կենցաղում գործածական, միաժամանակ գեղեցիկ ձեռագործ աշխատանքները նրանց շրջապատում էին օրորոցից: Գեղեցիկի հետ շփումը, ճանաչողությունը տեղի էր ունենում մոր, մեծ մոր, քույրերի միջավայրում: Այստեղ էր ձեւավորվում իր ճաշակը եւ (ենթագիտակցաբար) ծանոթությունը ավանդույթով իրեն հասած ազգային մշակույթի հետ: Այլ խոսքով՝ հայուհու գեղարվեստական կրթությունը տեղի էր ունենում ընտանիքում:
Այս երեւույթը իմ կարծիքով չափազանց թանկ է եւ արժեքավոր:
Սրանից բխող մի ուրիշ իրողություն եւս կա, որի մասին ուզեցի քեզ գրել:
Իր սովորական միջավայրում աշխատող հայուհին «հավակնություններ չունեցող շնորհալի մարդ»ն է: Փորձենք պատկերացնել տաղանդավոր, բծախնդիր վարպետների մի անթիվ անհամար բանակ, որ ժրաջան աշխատում է առանց սպասելու (կամ գրեթե առանց սպասելու) գնահատանքի ու մեծարանքի: Այսպիսի միջավայրում, որեւէ շնորհալի հայուհու քաջալերանքը կարող էր լինել իր մոր կամ մորաքրոջ խոսքը: Հաջողության գագաթը կարող էր լինել ներկայանալի օժիտը: Նրանց գործը հրատարակվելու, մասնագետների կողմից գնահատանքի եւ հոդվածների համար չէր: Իսկ Համիդյան ջարդերից ու Ցեղասպանությունից հետո հիմնականում ապրուստի համար միջոցներ հայթայթելու նպատակ էր հետապնդում: Այլ հարց, որ տարիներ հետո արվեստաբան մասնագետները ոչ միայն գնահատում եւ արժեւորում էին այդ աշխատանքները, այլեւ ընտրում էին ընտիրագույնները՝ որպես թանգարանային նմուշներ:
Այս երեւույթը եւս ինձ համար չափազանց կարեւոր է եւ հուզիչ:
Ես Սիրիայում ապրած տարիներիս հանդիպել եմ հրաշալի ասեղնագործողների, որոնք չէին գիտակցում իրենց տաղանդի չափը…: Այսպիսի կանանցով լի մի ամբողջ դահլիճ էր հավաքվել 2010թ. «Մարաշի Ասեղնագործություն» պատկերագրքի շնորհանդեսին: Նրանցից շատերը հազիվ քայլելով մտան դահլիճ, մի մասը ձեռնափայտով, մյուսները զավակների ու թոռների ուսերին կռթնած: Այդ ալեհեր մամիկները ծանր շնչելով, դանդաղկոտ ու զգուշավոր՝ աստիճանաբար լցրեցին դահլիճը: Իրենց երիտասարդությունը, ձեռքերի շնորհքը, աչքերի լույսը ընտանիքի բարեկեցությանը զոհած, ասեղնագործությամբ զավակ մեծացրած հարյուրավոր կանայք: Ճիշտ այնպիսի կանայք, որոնց մասին դու գրում ես, լցրեցին ողջ դահլիճը: Նրանցից շատերը զարմանում էին, որ իրենց անունն ու նկարները, ձեռագործները այլեւս տպագրված են գրքում: Զարմանում էին, որ Մարաշից Հալեպ հասած, Ցեղասպանության ճամբաներով անցած իրենց մայրերի գործերը հայտնվել էին ալբոմի էջերին: Ես իմ բազմաչարչար ու տաղանդավոր ժողովրդին այդ օրն եմ հանդիպել ու ճանաչել:
Վերադառնալով քո գրքին պետք է ասեմ, որ դու «կյանք ես վերադարձրել» մի շարք այդպիսի կանանց: Նրանք երբեւէ չեն մտածել, որ իրենց գործը ուսումնասիրվելու է, որպես գեղարվեստ արժեւորվելու եւ հրատարակվելու է: Այս իմաստով է, որ ես քո գործը չափազանց բարձր եմ գնահատում:
Քանի որ հարցը ունի նաեւ արվեստաբանական կողմ, եւս մի կարծիք: Վերջին ժամանակներս մտածում եմ, որ որոշ մեթոդներ, որոնցով մենք հաճախ առաջնորդվում ենք մշակութային երեւույթները հասկանալու համար, ոչ թե օգնում, այլ՝ խանգարում են: Խոսքս շոշափելի դարձնելու համար բերեմ մի օրինակ: Հայաստանի գյուղերում շրջագայությունների ժամանակ Կոմիտասի հետ պատահել է մի այսպիսի դեպք: Երեկոյան հողագործ մի գյուղացու նա խնդրրել է տանը երգել այն հորովելը, որը սովորաբար երգում է հողը վարելիս: Գյուղացին հրաժարվել է ու՝ բացատրել. «Առանց եզների, առանց գութանի եւ առանց վարելու ի՞նչ հորովել»: Նրա համար վարելը թե՛ գործ է, թե՛ արարողություն (սրբազան): Իսկ երգը այդ արարողությունը ուղեկցող (ծիսական) երեւույթ:
Ինձ թվում է այս դեպքը խորհրդանշական եւ բնորոշիչ է հայկական մշակույթի համար: Հազարամյակներով սարերում երգված երգը մի օր, պատահաբար կարող է արձանագրվել մասնագետի կողմից եւ գնահատվել, որպես հրաշալի ստեղծագործություն: Սակայն այդ երգը իր անաղարտ միջավայրում համերգային գործ չէ, ծափերի եւ գնահատանքի չի սպասում: Այդ երգի «հանդիսատեսը» երկու հսկա եզներն են, որ պատռելով հողը գութանն են քաշում:
Կրկին անգամ շնորհավորելով այս գրքի հրատարակության առթիվ, ցանկանում եմ քեզ ավելի մեծ հնարավորություն մեր մշակույթին ծանոթանալու համար: Մաղթում եմ, որ մի օր դու ինքդ հնարավորություն ունենաս գալ Հայաստան, քո ուսումնասիրած հայուհիների հայրենիքը: Անպայման պետք է լինել Արարատյան դաշտում, Արարատի դիմաց, այնտեղ՝ որտեղից աշխարհով մեկ տարածվել են Արարատի զավակները:
ՀՐԱԶԴԱՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ
Արվեստաբան, ազգագրագետ