Երևանի պատմական ժառանգությունը վտանգված է, և այս անգամ քաղաքապետն ընկել է Կոնդ թաղամասի հետևից։ Այս գործընթացը նոր չի սկսվել, բացի այդ ՝ թեմայի շուրջ որևէ հանրային քննարկում չի եղել. կոնդեցիները տեղյակ չեն՝ ինչ օտարման մասին է խոսքը։ Կոնդ թաղամասի օտարման խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը։
«Սա միանձնյա որոշում է՝ ևս մեկ յուղոտ պատառ քաղաքում, որը կդառնա բիզնես ծրագիր, որտեղից քաղաքացիները կվտարվեն։ Իսկ վտարումներ տեսել ենք տարիներ շարունակ՝ կլինի Հյուսիսային պողոտայից, 33-րդ թաղամասից և այլն։ Սա, իհարկե, անընդունելի է։
Մենք տեսնում ենք, որ այս փուլում մարդիկ վտարվում են ոչ միայն Կոնդից, այլ նաև Լվովյան փողոցից։ 21-րդ դարում ՀՀ մայրաքաղաքում մարդիկ տեղահանվում են իրենց տներից, ինչն անընդունելի է։ Փաստացիորեն մարդիկ ունեզրկվում են, և մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարել են ունեզրկման դեմ, այսօր իշխանության գալով՝ պատրաստվում են ունեզրկել այլ մարդկանց»,- ասաց Գրիգորի Երիցյանը։
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր հերթին նկատեց, որ կորցնելով Կոնդը՝ կորցնելու ենք Երևանի կոլորիտը։
«2018-ից ի վեր՝ այս իշխանությունը փորձում է վերացնել ազգայինը՝ գործնականում ապացուցելով, որ հակազգայինի կրողն է։ Ինչ վորաբերում է բնիկ կոնդեցիներին, ապա նրանք իրավուքն ունեն ապրելու այն թաղամասում, որտեղ ծնվել են և հիմա էլ մեծացնում են իրենց թոռներին։
Շատ տարօրինակ է, որ վերջերս փակվեց Կոնդի դպրոցը, և աշակերտները տեղափոխվեցին այլ դպրոցներ։ Օրերս ես դպրոցի տարածքում տեսել եմ շահագրգիռ այլազգիների, որոնք տեսալուսանկարահանումներ էին անում՝ հասկանալու, թե ինչ ծրագիր կարող են իրականացնել՝գնելով Կոնդի դպրոցը։
Կոնդեցիներն անհանգստացած են, նրանք մտադիր են պայքարել մինչև վերջ, չեն թողնելու, որ իրենց տները քանդեն»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, ճարտարապետ Սևադա Պետրոսյանն էլ նշեց՝քաղաքային իշխանությունները Կոնդի մասով գնում են ոչ թե կոնդեցիների խնդիրները լուծելու, այլ որոշակի խավի հարստացման ճանապարհով։
«Կոնդի ամենամեծ արժեքն իր պատմականությունն է՝ շուրջ 200 տարվա ճարտարապետական կոթողների տեսքով։ Մարդիկ այդտեղ ապրել են հարյուրամյակներով։ Կոնդն ունի յուրահատուկ դեմք և ինքնություն, և այդ դեմքն ու ինքնությունը կորցնելն աղետալի կլինի ոչ միայն Կոնդի, այլ նաև Երևանի համար»,- ասաց ճարտարապետը։
Անդրադառնալով պետության կողմից կոնդեցիներին առաջարկվող փոխհատուցման թեմային՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նկատեց՝ ոչ որևէ մարզում, ոչ էլ հատկապես Երևանում հնարավոր չէ 139 հազար դրամով 1 ք/մ տարածք գենլ, գին, որն, ըստ մամուլի հրապարակումների առաջարկվում է կոնդեցիներին։
«Սա որևէ տրամաբանություն չունեցող քայլ է, և կոնդեցիները չպետք է սխալ գործեն։ Նրանք չպետք է համաձայնվեն փոխհատուցումներին, քանի որ դրանից հետո իրենց դուրս են հանելու սեփական տներից և գցելու են աղքատության ճիրանները»,- ասաց ավագանու անդամը։
Սոնա Աղեկյանն էլ հավելեց՝ կոնդեցիներին տրվող փոխահուցումները պետք է հավասարեցվեն Հայաստանում գործող շուկայական արժեքներին։
«Տիգրան Ավինյանն իրավունք չունի վրեժ լուծելու կոնդեցիներից, որովհետև վերջիններս նրան են ընտրել, որպեսզի չքանդի իրենց տները»,- նշեց նա։
Վերջում ճարտարապետ Սևադա Պետրոսյանը հիշեցրեց՝ մինչև 80-ականների վերջը՝ Կոնդում կար մոտ 40 ցուցակագրված հուշարձան, սակայն 2000-ականների սկզբին վերանայումների արդյունքում դրանց թիվը հասավ մեկ-երկուսի։