Որպես բարի կամքի դրսևորում՝ որոշում է կայացվել վերադարձնել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին. պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողը ժամը 05:15-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը։ Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Փետրվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «դիվերսիայի փորձ․․․ ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու․․․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ»։