Մինչ ուղեվարձի թանկացման դեմ հասարակական ընդվզումը նորանոր ձեւեր էր ընդունում, ու անգամ երեկ տարբեր լուրեր կային երկկողմանի սադրանքների վերաբերյալ, նույնիսկ լուր եղավ թիվ 67 երթուղու վարորդի դանակահարման փաստի մասին, երեկոյան քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձով ամեն ինչ փոխվեց: Չնայած թվում էր, թե ցերեկվա որոշումները 150-դրամանոց սակագինը թողնելու օգտին են, քանի որ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ խոսում էր խոցելի խմբերին հնարավորություններ տրամադրելու, եւ ոչ թե 150 դրամ սակագինը վերանայելու մասին, այնուամենայնիվ երեկոյան ուղերձով քաղաքապետը կասեցրեց իր հուլիսի 19-ի որոշումը` տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու վերաբերյալ, ուղեվարձն առայժմ թողնելով նախկինը: Հետաքրքրական է բավական էմոցիոնալ այդ ուղերձը, որտեղ քաղաքապետը խոստովանում է, որ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իր թերեւս ամենածանր որոշումն էր, եւ որ` խնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նա առաջնահերթ խնդիրներից է համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ ուղեվարձն անփոփոխ թողնելու ուղիների որոնումը.
«Անկեղծ ասած, ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա», խոստովանել է ուղերձում քաղաքապետը` միաժամանակ ընդգծելով, որ ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումները, ցավոք, զրկել են անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու բոլոր հնարավորություններից. «Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էին», բացատրել է նա: Մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու, եւ միաժամանակ` սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու, երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու մտահոգություններով դժվարությամբ կայացված որոշում էր 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, որը սկսած մեծ գործընթացի միայն սկիզբը ու համակարգին ներկայացված խնդիրները լուծելու գինը` 150 դրամն ուղեվարձն է համարել քաղաքապետը: Տեղեկացնելով, որ արդեն հանձնարարել է ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը մի քանի ամիսների ընթացքում կմշակի բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, Տ. Մարգարյանը հայտարարել է. «Իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»:
Քաղաքապետը միաժամանակ նշել է. «Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն»
Դե, ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Ու հավանաբար այսպիսի ուղերձի համար դեր խաղացին եւ առավոտյան կառավարության նիստում վարչապետի հանձնարականները` համապատասխան կառույցների հետ քննարկելու ուղեվարձի խնդիրը, եւ սակագնի դեմ հասարակական բողոքի ալիքի երեկվա թեժացումը, եւ, ինչու չէ, միգուցե ավելի վերից, միգուցե երկրի ղեկավարից հնչած զանգերը (այդ մասին ստույգ չգիտենք): Բոլոր դեպքերում` հանրային կարծիքը կարող է ժամանակավորապես տոնել իր հաղթանակը:
Ավելացնենք, որ քաղաքապետը երեկ, այս ուղերձից առաջ հանդիպելով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության հետ, իր տեսակետներն էր ներկայացրել, որից հետո խմբակցութունն իր հայտարարությամբ տրանսպորտի սակագնի բարձրացումը անընդունելի էր համարել, իսկ հարցի լուծման համար հանձնաժողով ստեղծելու գաղափարը` անարդյունավետ, եթե նախկին սակագնին չվերադառնանք: Ուրեմն` հիմա ԲՀԿ-ի համար էլ ընդունելի է հանձնաժողով ստեղծելու գաղափարը:
Երեկ երեկոյան, ի դեպ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող երիտասարդությունը Երեւանի փողոցներում եւ Ազատության հրապարակում նշում էր իր հաղթանակը` համապատասխան տոնայնությամբ կարգախոսներով: