Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՊՏԵԼ

Պ. Ք.

Ֆրանսիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 1881 թ. օրենքը, որը նախատեսում է պատասխանատվություն հանրապետության նախագահի հանդեպ կոպտություն դրսեւորելու համար:

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ մինչեւ օրս պետության ղեկավարը մյուս բոլոր քաղաքացիների համեմատությամբ արտոնյալ վիճակում էր: Նրան հասցեագրված ամեն մի կոպտություն ինքնաբերաբար համարվում էր իրավախախտում: Իսկ այսուհետեւ վիրավորված նախագահը ստիպված կլինի դատարանում ապացուցել զրպարտության կամ վարկաբեկման փաստը:

Նոր օրենքը ընդունվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո: Դատարանի կարծիքով, Ֆրանսիան խախտել էր այն ցուցարարի իրավունքը, որը տուգանվել էր նախագահ Նիկոլա Սարկոզիին հասցեագրված «Կորի՛ր, ցանցառ» պաստառի համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ Ֆրանսիան խախտել է պետության ղեկավարի մասին կարծիք հայտնելու ցուցարարի իրավունքը:

«Կորի՛ր, ցանցառ» արտահայտությունը Ֆրանսիայում բավական տարածում գտավ, երբ ինքըՙ Սարկոզին, այն օգտագործեց իր ձեռքը սեղմելուց հրաժարված մի մարդու նկատմամբ:

Նոր օրենքը, սակայն, պետության ղեկավարին ուղղված զրպարտության համար պատասխանատվությունը չի վերացնում, եթե դատաքննության ընթացքում բացահայտվի նման իրավախախտումը:

Երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը առայժմ չի փորձել իր քննադատներին դատի տալ իրեն տրված որոշ մականունների, օրինակՙ «դոնդողի» համար: