Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Մահացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը:

Հայկազ Քոչարը 1971 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։

Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտի մշտական ցուցադրության (1995 թ.), համահեղինակ է (նկարիչներ Կամո Նիգարյանի և Էդուարդ Սադոյանի հետ) Սարդարապատի հուշահամալիրում բացված Հայաստանի ազգագրության թանգարանի մշտական ցուցադրության (1978 թ.)։

Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր: Նա հեղինակ է մշակութային-կենցաղային մի շարք նորատիպ ապրանքների նախագծերի, որոնց համար ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ու հեղինակային վկայագրեր։ Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադրման պահից (1984 թ.) Հայկազ Քոչարի նախագծերով են իրականացվել թանգարանի ինտերիերի և ցուցադրությունների, լուսավորության, կահավորման ձևավորումները։

Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան», «Մելամաղձություն» և «Բիբլիական Դավիթ» մոնումենտալ քանդակների պատվանդանների ճարտարապետն է. վերջին երկուսը մեծացվել և բրոնզի են փոխադրվել նրա անմիջական հսկողությամբ։