Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՍԱՄԲՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր մայրաքաղաքի «Աշխատանք» ընկերության մարզասրահում կմեկնարկի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար ռազմաօդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը, որը կազմակերպել է մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանավորությամբ:

Մրցաշարին բացի Հայաստանի եւ Արցախի սամբիստներից, կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի եւ Լիտվայի պատանի մարզիկները: Այսօր առավոտյան կտրվի մրցումների մեկնարկը, իսկ ժամը 17-ին կկայանա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդեն տղաների եւ աղջիկների 5 քաշային կարգերում եզրափակիչ գոտեմարտերը: Հաջորդ օրը եւս 5 քաշային կարգերում կորոշվեն մրցումների հաղթողները: Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով ու գավաթներով:

Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:

Այս մրցաշարը հայ սամբիստների համար լավ փորձություն կլինի առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ: Սեպտեմբերին մեր սամբիստները կմասնակցեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, իսկ հոկտեմբերին եւ նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունենալու սամբոյի մեծահասակների եւ մարտական արվեստների աշխարհի առաջնությունները: