Բելգրադում ընթացող շախմատի կանանց անհատական առաջնությունը մոտենում է վերջնագծին: 9-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստուհիների համար: Միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը, որը պայքարում է մեդալների համար: Լիլիթի մրցակցուհին Յոլանտա Զավադսկան էր: Այս հաղթանակի շնորհիվ Մկրտչյանը վաստակեց 6,5 միավոր ու կրկին ընդգրկվեց առաջատարների շարքը: Աղյուսակը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհանգ Չանգը, որը ոչ-ոքի խաղալով Սալոմե Մելիայի հետ, վաստակեց 7,5 միավոր: 7-ական միավորով առաջատարին հետապնդում են Սալոմե Մելիան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Վիկտորիա Չմիլիտեն եւ Մոնիկա Սոչկոն:
Հայ շախմատիստուհիներից 2-րդ լավագույն արդյունքն ունի Լիլիթ Գալոյանը, որը 5 միավորով 59-րդ տեղում է: Գալոյանը պարտվեց Յոաննա Մայդան-Գաեւսկային: Պարտություններ կրեցին նաեւ Մարիա Կուրսովան ու Աննա Հայրապետյանը, որոնք խաղում էին համապատասխանաբար Իրինա Չելյուսկինայի եւ Լաուրա Ռոգոլեի հետ: Կուրսովան վաստակել է 4,5 միավոր, Աննան ունի 4 միավոր: 4,5 միավոր է վաստակել ռուսաստանցի Ալինա Բալայանը, որը հաշտություն կնքեց Ալյոնա Մարտինկովայի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: