Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, որն ընդունվել է Ազգային ժողովի 3-րդ ընթերցմամբ, երեկ «Հայելի» ակումբում քննարկման թեմա էր դարձել:
Ընդունումից հետո օրենքին ուղղված դեմ կարծիքները բազմաթիվ են: Հրապարակախոս Կարինե Հակոբյանը երեկվա ասուլիսի ժամանակ նշեց, որ օրենքի թիրախն ընտանիքն է, ավելի կոնկրետ` ընտանիք հասկացության վերացումը: Օրենքի շուրջը ծավալվող քննարկումների տեղիք տվել է հատկապես օրենքում ներառված «ձեռքբերովի սեռ» արտահայտությունը:
Ըստ Կարինե Հակոբյանի` օրենքը մշակելիս նաեւ անտեսել են երեխաների շահերը, այնինչ որեւէ օրինագիծ մշակելիս պետք է երեխաների շահերն էլ հաշվի առնվեն:
Իսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է` օրենքը ձեւական բնույթ է կրելու, քանի որ հայերս ավանդապաշտ ենք, եւ օրենքի իրական ազդեցությունը կնկատվի միայն այն ժամանակ, երբ փոխվեն կրթական ու ավանդական համակարգերը: Սոցիոլոգը հիշեցնում է` ավանդույթներ ունենք, որոնք գալիս են անգամ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների մասին սոցիոլոգը նշում է` կինն աստվածային էակ է եւ նույնպես ունի որոշում կայացնելու իրավունք եւ ունի մի շրջանակ, որտեղ որոշումները հենց ինքն է կայացնում, իսկ տղամարդն ունի որոշումներ կայացնելու իր շրջանակը:
Կոնկրետ քաղաքականության ու կնոջ կապի մասին «Սոցիոմետրը» հարցումներ է կատարել: Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում կանանց մուտքը քաղաքականություն` հարցված կանանցից ամեն չորրորդը բացասական պատասխան է տվել: Իսկ հարցին` եթե առաջադրվի կին թեկնածու, ապա կքվեարկե՞ք նրա օգտին` հարցված տղամարդկանց 60 տոկոսը, իսկ կանանց 75 տոկոսը դրական են պատասխանել:
Ահարոն Ադիբեկյանը վերոնշյալ օրենքն ընդհանրապես անիմաստ է համարում, մանավանդ որ հայերն օրինապաշտ ազգ չեն: Իսկ ընտանիքը, ըստ նրա, պետք է դիտել որպես կենսաբանական մի կապ տղամարդու ու կնոջ միջեւ, երբ կինն ու տղամարդը կարող են երեխաներ ունենալ:
Կարինե Հակոբյանը , սակայն, չհամաձայնելով կարծիքին, թե օրենքն անիմաստ է ու անվտանգ, ավելացրեց. «Հիմա մեր կյանքն օրենքներով է կարգավորվում, եւ այս օրենքն էլ հետզհետե կվերածվի հեռուստածրագրերի ու կունենա ազդեցություն սոցիոմշակույթի վրա»:
Իհարկե, եթե օրենքը վերածվի հեռուստատեսային հաղորդումների, սերիալների, ավելի ճիշտ` ցուցադրվի, որ ձեռքբերովի սեռն ավելի լավ բան է, քան բնությունից շնորհված սեռը, ապա վաղ թե ուշ հայկական ընտանիքի վրա օրենքն իր կործանարար դերը կունենա, մանավանդ որ սոցիոլոգը կանխատեսում է` Հայաստանում մնալու է ընդամենը 1,5 միլիոն մարդ, այն էլ նրանցից բոլորը չէ, որ հայ են լինելու: Սակայն մյուս կողմից էլ` հայկական ավանդույթներն ու մտածելակերպը, եթե չասենք կարծրացած են, ապա այնքան ամուր են իրենց արմատներով, որ միասեռականներին որպես հասարակության անդամների այստեղ հազիվ թե ընդունեն, առավել եւս` խրախուսեն միասեռականների ամուսնություններն ու «ձեռքբերովի սեռ» հասկացությունը: