«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացի Հակոբ Պէրպէրեանին աշխատանքից ազատել են Փաշինյանի հետևից «Արցախ, Արցախ, Արցախ» վանկարկելու համար։
Բանն այն է, որ երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը «Դառգետ» ռեստորանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձը նշելիս են եղել, երբ կատարվել է միջադեպը։
ArmLur.am-ը զրուցել է Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձից հետո աշխատանքից ազատված Հակոբ Բերբերյանի հետ, ով տարիներ առաջ Հալեպից է Հայաստան եկել, Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է։ Հակոբ Պէրպէրեանը պատմել է, թե ինչպես է պատահել միջադեպը։
«Աննա Հակոբյանի ծնունդն էին Փաշինյանենք նշում «Դառգետ»-ում։ Իմ աշխատանքային ժամը վերջացել էր ժամը 17:00-ին, բայց ես որպես հաճախորդ նստած էի սրահում։ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընտանիքով եկել էր նշելու Աննա Հակոբյանի ծնունդը։ Ոչ մի ավելորդ բան կամ կոնֆլիկտ չկար, բայց լիքը բան կար Նիկոլին ասելու, բայց որպես «Դառգետ»-ի աշխատող՝ ոչինչ չեմ ասել։ Ես ընդամենը Փաշինյանի դուրս գալուց նրա դեմքին ասացի՝ Արցախ, Արցախ, Արցախ։ 5 րոպե հետո տնօրինությունից զանգեցին, ասեցին վաղվանից գործի չգաս»,- ասաց Պէրպէրեանը։
Հակոբ Պէրպէրեանին այդպես էլ չեն բացատրել, թե ինչպես են 5 րոպեում ազատել 7 ամիս ռեստորանում աշխատող բառմենին այն դեպքում, երբ նա նույնիսկ աշխատանքային ժամի մեջ չի գտնվել։
Նշված ռեստորանում Փաշինյանի ընտանիքի հետ է եղել նաև Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։ Ըստ Հակոբ Պէրպէրեանի՝ անվտանգությունը հեռանալիս նրանց հերթով է ուղեկցել։ Սկզբում դուրս են եկել Փաշինյանի դուստրերը, ապա Աշոտը և Հրաչյա Հակոբյանը։ Երբ նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի հերթն է դուրս գալու, այդ ժամանակ էլ տեղից բղավել է։
«Երևում էր, որ կողքի սեղանների մարդիկ ուրախ չէին, լարված էին։ Երբ գնացին, մարդիկ իրենց ավելի լավ զգացին, համերգ էր, սկսեցին պարել, ուրախանալ, մինչ այդ կաշկանդված նստած էին։ Ինձ մոտենում, շնորհակալություն էին հայտնում»:
Պէրպէրեանի վանկարկումներից հետո Փաշինյանը նրան ոչ մի կերպ չի արձագանքել․
«Անկեղծ կարող եմ ասել՝ վախեցավ, տարօրինակ նայեց ինձ։ Բայց զգաց, որ ուր էլ գնա, իրենից Արցախը պահանջող է լինելու։ Նրա վախը զգալու էր, ինքը վախեցավ։ Բայց ես ասում եմ՝ ռեվանշ է լինելու, լիքը պահանջելու բան կա»: