Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում մեծ թիվ են կազմում լեգեոնականները, որոնք հիմնականում աֆրիկյան մայրցամաքից են: Այսուհետ մեր առաջնությունում հանդես կգան նաեւ իտալացի ֆուտբոլիստներ: Ալեսանդրո Վենեցիան եւ Ալեսանդրո Մարկետին պայմանագիր են կնքել բարձրագույն խմբի նորեկ Մարտունու «Ալաշկերտի» հետ:
24-ամյա Վենեցիան կիսապաշտպան է: Ժամանակին նա ընդգրկված է եղել Իտալիայի մինչեւ 18 տարեկանների պատանեկան հավաքականում, իսկ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ռումինական «Ունիվերսիտատա Կլուժ» թիմում: 25-ամյա Մարկետին աջ եզրային պաշտպան է: Նրա վերջին ակումբը բուլղարական «Բոտեւն» է:
Սպասվում է, որ իտալացի ֆուտբոլիստներն իրենց նորամուտը կնշեն օգոստոսի 24-ին «Փյունիկի» հետ կայանալիք խաղում: