Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեինՙ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման եւ հայրենիք վերադարձնելու համար: Մայր աթոռից «Ազգ»-ին տեղեկացրին, որ Վեհափառը հայ գերուն օժանդակելու հարցում խնդրել է նաեւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
«Հայ ռազմագերու խնդիրը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է», երեկ հավաստիացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանըՙ հավելելով, որ ամեն բան արվում է, որպեսզի գերեվարված հայ զինվորը վերադառնա հայրենիք: «Բոլոր մակարդակներով, բոլոր ուղղություններով հնարավորինս ամեն ինչ արվել է, ե՛ւ զանգեր, ե՛ւ հանդիպումներ, եւ հեղինակը ոչ միայն արտգործնախարարությունն է, այլեւ բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են այդ հարցին», ասել է նա: