Azg.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ խնդիր է նա փորձում սրանով լուծել, ո՞րն է իրական նպատակը։
-Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կապիտուլյացիան ամրագրել նոր Սահմանադրությամբ, որպեսզի կարողանա խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված մի քանի բարդություններից։ Նա փորձում է նոր Սահմանադրության միջոցով ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ մենք այլևս չունենանք Հայաստանի երրորդ Հանրապետություն, Անկախության հռչակագրի վրա հիմնված Հայաստանի Հանրապետություն, որտեղ ամրագրված են մի քանի դրույթներ, որոնց առկայությունը խանգարում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա համաձայնությունների գա Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Հիմնական նպատակն, իմ կարծիքով, սա է։
-Այսինքն՝ ըստ էության՝ Հայաստանին նոր Սահմանադրություն պետք չէ։
-Իհարկե, պետք չէ։ Հայաաստանը չունի նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխության խնդիր։ Հայաստանն ունի անվտանգության խնդիր և Հայաստանի անվտանգությունն այսօր խարխլված է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։ Եվ որպեսզի նա կարողանա իր սև գործը մինչև վերջ հասցնել, ցանկանում է նաևՍահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության միջոցով հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին։
-Ի՞նչ ռեալ վտանգներով է հղի ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացը։ Որո՞նք են լինելու նոր Սահմանադրության հետևանքները։
-Ավելացնելու բան, ըստ էության, չունեմ։ Պարզապես եթե Փաշինյանին հաջովի ընդունել նոր Սահմանադրություն, մենք այլևս չենք ունենալու Հայաստանի անկախ Հանրապետություն, այլ ունենալու ենք մի կիսագաղութային վիճակում գտնվող տարածք, որտեղ ռեալ իշխանությունը չի իրականացվելու հայ ժողովրդի կողմից։
-Փաշինյանին կհաջողվի՞ հանրաքվեով անցկացնել իր պատկերացրած նոր Սահմանադրությունը։ Հասարակությունը հավանություն կտա՞ նրա այս նախաձեռնությանը։
-Հույս ունեմ, որ ոչ, բայց որևէ մեկը չի կարող այս պահին հստակ կանխատեսել։ Միակ բանը, որը կարող է կանխել այս ազգակործան գործընթացը, այն է, որ մարդկանց հստակ և պարզ բացատրվի, թե ինչ նպատակներ է հետապնդում այս նախաձեռնությունը և ինչ հետևանքներ է ունենալու, եթե այդ հանրաքվեն կայանա Նիկոլ Փաշինյանի գծած սցենարով։
-Եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրոք նոր Սահմանադրության կարիք ունի, Նիկոլ Փաշինայնի վարչակազմն ի զորո՞ւ է զրոյից այդպիսի լուրջ փաստաթուղթ մշակել։
-Իրենց ուզած ձևով՝ այո՛, կարող են։ Ոչ ոք չի ասում, որ Սահմանադրությունը պետք է շատ տրամաբանական-կուռ կառուցվածք ունենա, ներքին հակասություններից զերծ լինի։ Ինչ-որ մի «պրոդուկտ» իրենք կարող են տալ։ Բայց վստահ եմ, որ այսօրվա Սահմանադրությունը որևէ փոփոխության կարիք չունի։ Հատկապես նոր Սահմանադրության կարիք Հայաստանի Հանրապետությունում չկա։
Այն նպատակը, որ հետապնդում է Նիկոլ Փաշիանյանը՝ նոր Սահմանադրություն ընդունելով՝ իրականում Սահմանադրության և սահմանադրական իրավունքի հետ կապ չունի։ Նա, ինչպես արդեն ասացի, փորձում է լուծել իր կապիտուլյացիայի գործընթացը՝ այդ գործընթացին տալով լեգիտիմության շղարշ։
-Եվ մեկ տեխնիկական հարց, պարո՛ն Պողոսյան։ Եթե նոր Սահմանադրության ընդունման գործընթացն ամենամոտ ժամկետներում նախաձեռնվի, բուն հանրաքվեն ե՞րբ կարող է տեղի ունենալ։
-Այդպիսի հստակ ժամկետներ չկան։ Պարզապես պետք է նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, որից հետո նոր արդեն գործում են համապատասխան ժամկետները։ Այս մասին նշված է Սահմանադրությունում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Արդարադատության նախարարությունում հայտարարել էր՝ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Նա պնդել էր, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։
Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, ըստ Փաշինյանի, «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»:
Նա նաև շեշտել էր՝ պետք է ունենալՍահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն առավել մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում։ Այլ փակագծեր Փաշինյանը չէր բացել։
Նրա ելույթի հրապարակումից հետո, սակայն, մի շարք քաղաքական գործիչների և սահմանադրագետների շրջանում սկսեցին տեսակետներ շրջանառվել, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Բաքվի պահանջների մասին է։
2020-ի պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահը թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում հրապարակավ ասել էր, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիային տարածքային պահանջներ է ներկայացնում։ Իսկ անցյալ ամիս Ալիևն արդեն հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքվին անհրաժեշտ են ամուր երաշխիքներ, որ Հայաստանը ապագայում ռևանշի չի գնա և կմոռանա Ղարաբաղի մասին։
Նշենք նաև, որ Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Նա, մասնավորապես, ասել է.
«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է»։