Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«ՉԱՐԱԲԱՍՏԻԿ» ՀԱՄԲՈՒՅՐԻ ՄԱՍԻՆ

Ի. Պ.

Երգչուհի, Աժ պատգամավոր Շուշան Պետրոսյանը բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստին համբուրելը համարում է զուտ մարդկային վարք: Երեկ ասուլիսի ժամանակ նա այսպիսի պատասխան տվեց ոստիկանի «չարաբաստիկ» համբույրի մասին հարցին:

Հիշեցնենք, որ օրերս Կոմիտասի 5 հասցեում բողոքի ակցիաներից մեկից հետո համացանցում տարածվեց լուսանկար, թե ինչպես է ոստիկանը համբուրում ակտիվիստ աղջկան:

«Համբույրի մեջ վատ բա՞ն կա, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտուք», ասաց Շուշան Պետրոսյանը, «Դուք ծանո՞թ եք այդ աղջկան, կարող է այդ աղջկա սիրած տղան է եղել»:

Իհարկե, համբույրը ծեծկռտուքից գերադասելի է, բայց դա էլ պետք է լինի հարմար տեղում, հարմար ժամանակին եւ ոչ հակառակ համբուրվողի կամքի: Ամեն դեպքում, ոստիկանի համբույրի մասին այսքան շատ խոսակցություններն էլ անտեղի են, մանավանդ որ աղջիկը տեղյակ չի եղել ու մինչեւ հիմա էլ չի հասկանում, թե ինչպես եղավ, որ համբուրեցին իր պարանոցը: