Սույն հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից, հրապարակվել է նախ «Washington Examiner» պարբերականում եւ տեղակատվական կայքում: Դոկտ. Ռուբինը այդ պարբերականի «Beltway Confidential» բլոգի թղթակիցներց է եւ «American Enterprise Institute»-ի ավագ աշխատակիցը:
Ընդամենը հինգ օր հետո այն ելույթից, որ գործող պետքարտուղարի տեղակալ Յուրի Կիմը ունեցավ Մ. Նահանգների սենատի հաձնաժողովներից մեկում, նշելով որ Ամերիկան չպետք է հանդուրժի որեւէ ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա համայնքի դեմ, Ադրբեջանի բռնակալը հրամայեց բանակին հարձակվել այդ անկլավի վրա: Դրանով վերջ գտավ աշխարհի հնագույն քրիստոնյա համայնքներից մեկի ոդիսականը, քանի որ ազերի զորքերը ստիպեցին շրջանի 120 հազար տղամարդկանց, կանանց եւ երեխաներին փախչել իրենց բնօրրանից:
Կարելի է վստահությամբ հաստատել, որ Պեկինից Բաքու երկարաձգվող բռնակալների կլանը Մ. Նահանգների նախագահ Բայդենի թուլությունն ու շփոթվածությունը կանաչ լույս են համարում ագրեսիա սանձազերծելու համար: Դիվանագիտությունը կորցնում է իր վարկանիշը, երբ կարմիր գծերը անցանելի են դառնում: Պետքարտուղարությունը կարող է հավատ ընծայել երկխոսության բարենպաստ ներգործությանը, բայց հակամարտությունները սոսկ ազնիվ համաձայնությունների ոսպնյակով դիտարկելը հաճախ գործընթացը ձախողության է առաջնորդում: Գաղափարախոսությունը կարեւոր նշանակություն ունի: Բազմաթիվ ապացույցներ կան հաստատելու, որ ռասիզմն է գունազարդում նախագահ Իլհամ Ալիեւի վերաբերմունքը հայերի նկատմամբ: Դրան ներկայիս ավելացել է նաեւ ագահությունը: Այստեղ Գուբադ Իբադօղլու անունով ադրբեջանցի մի գիտնականի պարագան խիստ ուսանելի է: Անցյալ տարի Ալիեւի հրամանով ձերբակալված Իբադօղլուն հյուծվում է բանտում` զրկված լինելով բժշկական տարրական խնամքից, որը կարող է բուժել շաքարախտի եւ սրտի հետ կապված իր հիվանդությունները: Իբադօղլուն տաղտկալի ընդդիմադիր մարդկանց թվին չէր պատկանում: Ընդհակառակը` նա մանրազնին հետազոտող էր, որի գրությունները հուշում են, թե ինչու Ալիեւը հուսահատված՝ ստիպված է եղել նրան լռեցնել:
Իբադօղլուն ղեկավարում է Տնտեսական հետազոտությունների կենտրոնը (ERC), որն ինքն է հիմնադրել, ուսումնասիրելու համար մակրոտնտեսության քաղաքականությունն ու դրա արդյունավետ կառավարումը: Իբադօղլուի զեկույցները ապացույց են այն բանի, թե ինչպես Ալիեւը հօգուտ իր անձնական շահի խլել է Լեռնային Ղարաբաղի կարեւորագույն գյուղատնտեսական տարածքները: Սա ուղղակի ցինիզմ է, հաշվի առնելով, որ զուտ քարոզչական նպատակներով նա անընդհատ բողոքում է այնտեղ գտնվող ականների գոյությունից: Ալիեւը ստիպել է ամերիկյան ներդրումներով գործող «HALO» Տրաստին դադարեցնել ականազերծման աշխատանքները եւ փոխարենը պահանջել է, որ բոլոր դոնոր ընկերությունները ականազերծման իրենց ներդրումները կատարեն բացառապես իր միջոցով: Դրանից հետո նա իրեն հաշվետու ականազերծողներին հրամայել է մաքրել ականներից միայն այն տարածքները, որոնք կնպաստեն իր շահերին, թողնելով անօգնական հասարակ ադրբեջանցիներին:
Նրա նպատակը մենաշնորհյալ անձնավորություն դառնալն է: Իբադօղլուն փաստերով ապացուցում է, թե ինչպես Ադրբեջանի կառավարությունը չի թույլատրում գյուղացիներին աշխատել Ղարաբաղում: Նա բացահայտում է, որ «բոլոր ընկերությունները, որոնք Ղարաբաղում հող են վարձակալում, պատկանում են կա՛մ նախագահի ընտանիքին, կա՛մ էլ այդ շրջանակին մոտիկ բարձրաստիճան պաշտոնյաներին»:
Ալիեւի խոսքերն այն մասին, թե «ազատագրել է Ղարաբաղը», հասարակ ադրբեջանցիների համար պարզապես կեղծ են եւ զուտ քարոզչական նպատակներ են հետապնդում:
Անձնական հարստություն կուտակելով հնարավոր է խթանել շինարարությունը, ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարեց: Բայց Ալիեւը կրկնակի ավելի շահույթ է ակնկալում: Նա նախ միլիարդավոր դոլարներ է ուղղորդում դեպի իր շինարարական ընկերությունները, հետո էլ ստիպում վարձակալական պայմանագիր ստորագրել ցանկացողներին վճարել աստղաբաշխական գումարներ: Ալիեւն ու իր քարոզչությունը տարածողները կարող են անընդհատ կրկնել որպես «մանտրա» կամ խորհրդանիշ, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», բայց Ադրբեջանը երբեք էլ այդ տարածքի ամբողջական տիրապետությունը չի վերահսկել: Այս պատմական ճշմարտությունն է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարը դժվարանում է ներկայիս համոզել ադրբեջանցիներին ապրելու Ղարաբաղում:
Մինչ Ադրբեջանն ու իրեն մերձավոր երկրները շռայլորեն ուղեւորություններ են հովանավորում դյուրահավատ արեւմուտքցիներին` ցույց տալու վերաշինությունների ընթացքը, վերաշինությունները, որոնց պայմանագրերը շնորհված են միայն թուրքական եւ ադրբեջանական այն ընկերություններին, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, ցույց են տալիս, որ դրանք «դատարկ փամփուշտներ» են, որոնք փողերի լվացման, այսինքն` կոռումպացվածության հետ կապ ունեն:
Կաշառակերությունը տարբեր դրսեւորումներով է արտահայտվում: Բազմաթիվ բռնակալներ չեն բավականանում 100 միլիոն դոլարով կամ մեկ միլիարդ դոլարով: Նրանք ավելին են ցանկանում: Նրանք կարող են խոսել ղարաբաղցիներին ինքնորոշման որոշ պայմաններ շնորհելու մասին, բայց ինչպես ասում են` սատանան հենց մանրուքների մեջ է: Շահույթի ետեւից վազելը վճռական դեր խաղաց պատերազմ սանձմազերծելու եւ աշխարհի հնագույն ժողովրդին իր բնօրրանից դուրս մղելու մեջ: Այս երեւույթը է՛լ ավելի ամոթալի է դարձնում Վաշինգտոնի լռությունը:
Մի օր հայերը վերադառնալու են (Ղարաբաղ), եւ թուրքերն ու ազերիները համապատասխան ղեկավարներից պահանջելու են իրենցից գողացված գումարները: Մինչ այդ ժամանակները ամոթ նրանց, ովքեր դյուրացնում են նման ծրագրերի իրականացումը ոչ միայն Անկարայում եւ Բաքվում, այլեւ Վաշինգտոնում, Լոնդոնում եւ Երուսաղեմում:
Անգլ. բնագրից թարգմանեց`
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Դոկտ. ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ