Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի դպրոցն ամփոփեց 2023-2024 ուսումնական տարին կիսամյակային հաշվետու ցուցահանդեսով։ «Փյունիկ» զարգացման կենտրոնի «Փյունիկ» ցուցասրահը տրամադրված էր դպրոցի սաների լավագույն աշխատանքների ներկայացման համար։ Մի շարք գեղանկարներ, գոբելեն աշխատանքներ, տիկնիկագործություն եւ այլն… ընտրված լավագույն աշխատանքները իրենց վրա էին հրավիրում այցելուների ուշադրությունը՝ բացահայտելով փոքրիկների տաղանդը։
Փոքր վարպետների մասին տնօրենի ժ/պ Արմենուհի Ղազարյանը նշում է, որ ունեն 500-ից ավել աշակերտ, որոնք այդ փոքր դպրոցում հաճախում են երեք հերթափոխով. «Արվեստի դպրոցի փոքրիկ «լաբորատորիաներում» երեխաները կարողանում են ստեղծել հրաշալի գործեր։ Դպրոցի գեղարվեստական խորհուրդը անաչառ կերպով ընտրել է լավագույնները»,- ավելացնում է տնօրենը։
Մանկապատանեկան դպրոցում գործում է 17 խմբակ, յուրաքանչյուրը տարիների ընթացքում հասցրել է ունենալ սեփական հաջողության բանաձևը` ջանասիրությունը, պատասխանատվությունը, սերը աշխատանքի նկատմամաբ։ Այս երեք կարեւոր հատկանիշների շնորհիվ դպրոցն ունեցել է համապետական մի շարք միջոցառումներում առաջատար դիրք ` շնորհիվ երեխաների ջանասիրության եւ ծնողների ուշադրության, ինչպես նշում են մանկավարժները։
«Հանրակրթական դպրոցը պիտի շատ ակտիվ համագործակցի նման կենտրոնների հետ, քանի որ մենք ոչ միայն կրթում, նաեւ դաստիրակում ենք, սովորեցնում ենք էթիկա, վարվեցողություն եւ այլն,»-ասում է տնօրենը, եւ ավելացնում.- «Երեխան սպունգի պես է. նա փոքրուց պետք է մոտ լինի արվեստին` ազգային մշակույթը պահպանելու և մեր գենոֆոնդը շարունակելու համար»:
Իսկ զրույցի վերջում այն հարցին, թե ինչն է մղում երեխաներին դեպի արվեստ, Ա. Ղազարյանը մեկնաբանեց մեկ բառով ` «անկեղծությունը»…
ՀԵՂԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՊՄՀ Լրագրության բաժին