Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կարևորագույն և ամենաերկարակյաց ազգային կառույցն է, որն անխաթար գործում է դարեր ի վեր։ Բնականաբար, եկեղեցու խոսքը դարեր շարունակ որոշիչ է եղել, և միանգամայն ողջունելի է եկեղեցու նվիրապետների՝ ազգային ուղերձներով հանդես գալու ցանկությունն ու վճռականությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձին, որ Արցախը մեզ համար երբեք անցյալ չի դառնալու, և մենք շարունակելու ենք այն փայփայել մեր սրտում ու հոգում։
«Միաժամանակ ցավալի է, որ Գարեգին Երկրորդը չունի այն բավարար համաժողովրդական հեղինակությունը, որը պետք է լուրջ և հիմնավոր կշիռ հաղորդեր իր խոսքին։
Մենք կտեսնենք, որ ազգուրաց և պետականակործան ՔՊ-ն ի պատասխան կկիրառի Կաթողիկոսի անձնական կյանքին վերաբերող կամ նրա հեղինակությունը երկու տասնամյակ խաթարող որոշ գործիքներ, ինչն, իհարկե, ազնիվ չէ։ Որովհետև մենք պետք է տարանջատենք Կաթողիկոսի անձը և այն դերը, որն ունեն եկեղեցին և Վեհափառ Հայրապետը հայ ազգի կյանքում։
Հետևաբար, այնումանայնիվ, ողջունում եմ Գարեգին Բ-ի՝ Արցախի վերաբերյալ պատգամը։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ եթե եկեղեցին իսկապես կամենում է վերականգնել հայության կյանքում իր հովվական և հոգևոր առաջնորդի դերը, պետք է լրջագույնս զբաղվի ներքին վերափոխմամբ, որպեսզի կարողանա հաղթահարել առավել աչքի ընկնող և մարդկանց եկեղեցուց վանող թերությունները»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է հանդես գա ոչ միայն պատմական իրավունքով, այլև իր ճշմարիտ և Ավետարանին համապատասխանող վարքագծի կենդանի օրինակի ուժով։
Հիշեցնենք, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ այսսօր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ մատուցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններին, տեղահանված արցախցիներին։
«Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։
Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության», – նշեց Գարեգին Բ-ն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նաև շեշտեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն»։