ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաև պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը:
Այս մասին X սոցցանցում հրապարակված իր տեսաուղերձում հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Նա նշել է, որ Ադրբեջանը, սկսած 2020 թվականից, անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Քաղաքական գործիչը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակողական գործողություն ձեռնարկեց և 120 հազար հայ՝ ամբողջ բնակչությունը, տեղահանվեց:
Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում «հայկական հնագույն տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային արտաքսման» մասին, դժգոհել է Քենեդի կրտսերը:
Նա վստահ է, որ այդ էթնիկ զտման դատարկ պարսավանքը բավարար չէ։ Նրա կարծիքով, ներկայիս իրավիճակը կարելի է փոխել։
«Սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող էին աշխատել։ ԱՄՆ-ն դեռևս լծակներ ունի այս տարածաշրջանում և կարող է այդ ուժն օգտագործել այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով:
Մենք նաև պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ», – կարծում է ամերիկացի քաղաքական գործիչը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կաջակցի Հայաստանի Հանրապետության և Արցախի վերականգնմանը:
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանի վերականգնման համար։ Ես ուզում եմ նպաստել Հայաստանի, Արցախի ինքնիշխանության վերականգնմանը։ Ես ուզում եմ դա անել խաղաղ միջոցներով։
Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն կուզենայի դադարեցնել պատերազմներից մեկը»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին: