Ադրբեջանի տարածքային հավակնությունները ավելին են, քա սոսկ Լեռնային Ղարաբաղը
«Foreign Affairs» հեղինակավոր պարբերականից ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք «Ճգնաժամերի վերլուծության միջազգային խմբի» (ICG) անդամ, Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Օլեսյա Վարդանյանի հոդվածը:
Սեպտեմբերի վերջերին ներկա դարաշրջանի սկզբնավորումից ի վեր ամենացնցող մարդկային տեղաշարժը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի նախկին հայկական անկլավում, որը փոքրիկ, լեռնային մի տարածք է` ծվարած Ադրբեջանում: Երեք տասնամյակ շարունակող լարվածությունից եւ հակամարտությունից հետո, ընդամենը մեկ օր պահանջվեց, որ Ադրբեջանը տիրանա այդ վիճելի անկլավին: Հայաստանը հիմնականում մի կողմ էր քաշվել` բավականաչափ ներուժ չունենալով միջամտելու, պատճառ դառնալով, որ Լեռնային Ղարաբաղի մոտ 120 հազար էթնիկ հայ բնակիչները զանգվածային կերպով բռնի տեղահանվեն իրենց բնօրրանից: Միջազգային հանրությունը շուտով մոռացավ Հարավային Կովկասը, եւ Ադրբեջանն իր արարքների համար ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, ավելի ցայտուն դարձնելով տարածաշրջանում մի նոր պատերազմի հնարավոր բռնկումը:
Լեռնային Ղարաբաղի անկումը չլուծեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները: Այս երկու հարեւան երկրները երբեք էլ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել միմյանց միջեւ, առետրաշրջանառությամբ չեն զբաղվում եւ իրենց քաղաքացիները չեն կարող ազատորեն այցելել հարեւան երկիրը: Երկու պետություններում մեծացած վերջին երեք սերունդները միմյանց համարում են թշնամիներ: Նրանց սահմանների երկայնքով զինվորական դիրքեր են տեղակայված եւ անցյալ երեք տարիների սահմանային միջադեպերը թվով գերազացնում են ԼՂ-ի շուրջ նույն ժամանակահատվածում տեղի ունեցած կռիվները:
Շատ բան վտանգի տակ է: Մի ամբողջ տասնամյակ Իսրայելի, Թուրքիայի եւ այլ երկրների հետ զենքեր ձեռք բերելու պայմանագրեր կնքելուց եւ վերազինվելուց հետո Ադրբեջանի բանակը շատ ավելի հզոր է, քան Հայաստանինը, եւ կարող է մի քանի ժամում վերահսկողության տակ վերցնել հայկական որոշ տարածքներ: Ադրբեջանական զորքերը արդեն իսկ դիրքերն են զբաղեցնում Հայաստանի հարավային մասում, եւ դիտորդները ենթադրում են, որ Ադրբեջանը մի նոր հարձակում է նախապատրասվում իրագործել` նպատակ ունենալով ապահովել անմիջական ճանապարհ դեպի իր էքսկլավ Նախիջեւանը, որ իր մոտ 100 հազարի հասնող բնակիչներով Ադրբեջանից անջատված տարածք է: Այդ միջանցքը բացելու ադրբեջանական որեւէ ագրեսիվ գործողություն կարող է մասնատել Հայաստանը` պատճառ դառնալով հարյուր հազարավոր նոր փախստականների առաջացմանը: Հաշվի առնելով, որ արտասահմանյան ուժերը, ներառյալ Հայաստանի երբեմնի դաշնակից Ռուսաստանը, զբաղված են Ուկրաինայում եւ Միջին Արեւելքում ընթացող հակամարտություններով, Հայաստանը չի կարող հույսը դնել արտաքին պաշտպանության վրա: Այնպես որ, նոր պատերազմից խուսափելու լավագույն միջոցն այն է, որ այդ արտաքին ուժերը (ներառյալ Մ. Նահանգները եւ նրա արեւմտյան դաշնակիցները) ճնշում գործադրեն եւ ստիպեն ՀՀ-ին եւ Ադրբեջանին վերադառնալու բանակցությունների սեղանին եւ շտապ վերակենդանացնելու խաղաղության գործընթացը, որն ընդմիջվել է ամառվանից հետո այն պատճառով, որ Ադրբեջանը մերժում է մասնակցել արեւմտյան հարթակների կազմակերպած հանդիպումներին: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը (ներառյալ բնակիչների վերադարձը այնտեղ) պետք է մի կողմ դրվեն առայժմ առավել հրատապ հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու օգտին, ինչպիսիք են օրինակ` սահմանագծման եւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի հարցերը:
Արեւմտյան պետությունները փորձում են ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա` ազդարարելով, որ բանակցությունների սեղանի շուրջ քննարկումներին չմասնակցելը կարող է ազդել երկկողմ առեւտրական գործարքների կնքման եւ այլ ծրագրերի վրա: Բայց Ադրբեջանը կարող է պարզապես որոշել, որ մարտադաշտը ավելի արդյունավետ է, քան բանակցությունների սեղանը եւ լարելով իր գերազանց պատրաստվածության ռազմական մկանները` հագուրդ տալ իր հետզհետե աճող փառասիրություններին:
Լեռնային Ղարաբաղի լուծարումը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մոտ մեկ դար շարունակ ժամանակ առ ժամանակ արծարծվել է, բայց առավել թեժացել է Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հառնեցին որպես անկախ պետություններ: Տարածքային պահանջների մրցակցությունը եւ միջէթնիկական լարվածությունը 1990-ականներին ճանապարհ հարթեցին դեպի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը, որն ավարտվեց հայկական կողմի վճռորոշ հաղթանակով: Հայկական զորքերը տիրացան ոչ միայն Ղարաբաղին, այլեւ նրա շուրջը գտնվող ադրբեջանական յոթ շրջաններին: Խաբուսիկ մի հրադադար, որը մոտ քառորդ դար (մինչեւ 2020 թվականը) երկարաձգվեց, վերջ գտավ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների հետեւանքում: Վեց շաբաթ տեւած ղարաբաղյան երկրորդ պատերազմը վերջ դրեց անկլավի կարգավիճակի մասին քննարկումներին:
Հզոր դրոններով եւ հրետանիներով զինված ադրբեջանական բանակը դուրս մղեց հայկական զորքերին եւ կարողացավ վերատիրանալ այն տարածքներին, որ կորցրել էր 1990-ականներին, բայց Ղարաբաղը ամբողջությամբ չգրավեց: Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի հաստատումով եւ ռուս խաղաղապահների Ղարաբաղ ժամանումով: Այդպիսով Լեռնային Ղարաբաղը դեռեւս մնաց մոտ 120 հազար էթնիկ հայերի բնօրրանը: Մոսկվան նաեւ զինվորական եւ անվտանգության քանակակազմ ուղարկեց տարածաշրջան` վերահսկելու համար Հայաստան-Ադրբեջան սահմանը:
Բայց այս կարգադրությունը ամրակուռ չէր եւ չէր կարող կայունություն ապահովել: Հրադադարի պայմանավորվածությունից անմիջապես հետո երկու կողմերը սկսեցին զինվորական նոր դիրքեր հաստատել շփման գծի երկայնքով եւ խրամատներ փորել: Ադրբեջանը, որի զինված ուժերը ջախջախեցին հայոց բանակին 2020-ին, առավել մեծ միջոցներ հատկացրեց ռազմական գերատեսչություններին եւ նրանց զինեց արդիական տեխնոլոգիաներով: Ի հակադրություն Հայաստանի, Ադրբեջանը ուներ իր գազի եւ նավթի պաշարների եկամտաբեր առավելությունը: Նաեւ վայելում էր գնալով սերտացող հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի հետ, որոնք նրա բանակը զինում էին անհրաժեշտ արդիական զենքերով եւ վերապատրաստում զինվորներին: Հայաստանն ուներ այդ հնարավորությունները եւ անկարող էր համալրել իր զենքի ու ռազմամթերքի պաշարները, որ նա սպառել էր 2020-ին: Դժվար էր նաեւ բարձրացնել պաշարման մեջ գտնվող իր զինվորների բարոյական վիճակը:
Սկզբնական շրջանում Ռուսաստանը որոշ չափով վերահսկում էր իրավիճակը տարածաշրջանում` դիվանագիտական հարաբերություններ պահպանելով երկու երկրների ղեկավարների հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց 2022-ի փետրվարին, երբ նա ներխուժեց Ուկրաինա եւ շեղեց իր ուշադրությունը Հարավային Կովկասից: Ադրբեջանը անմիջապես կռահեց, որ Ռուսաստանն այլեւս չէր կարող գերիշխող դերակատարություն ունենալ տարածաշրջանում եւ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում նրա զորքերը գրավեցին որոշ դիրքեր ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ բուն Հայաստանի տարածքում: Իսկ 2022-ի դեկտեմբերին ազերի զորքերը շրջափակեցին 40 մղոն երկարությամբ Լաչինի միջանցքը, որը Հայաստանը Ղարաբաղին միացնող միակ ճանապարհն էր: Առանց սննդի, դեղորայքի եւ այլ ապրանքների հուսալի եւ կանոնավոր մատակարարմանը Ղարաբաղի բնակչությունը կանգնեց հումանիտար ճգնաժամի առաջ, եւ անկլավի որոշ քաղաքացիներ մահացան թերսնուցումից:
Ուկրաինայում պատերազմի մեջ խրված լինելով եւ ցանկանալով պահպանել լավ հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ իր գործընկերոջ` Թուրքիայի հետ, Ռուսաստանը չկարողացավ խոչընդոտել Ադրբեջանի ագրեսիան:
2022-ի գարնանից եւ ամառվանից սկսած Մ. Նահանգները եւ Եվրոմիությունը փորձեցին ներթափանցել տարածաշրջան: Տասնամյակներ շարունակ նրանք համագործակցել էին Ռուսաստանի հետ պահպանելու համար կայունությունը Կովկասում, սակայն Կրեմլի եւ Արեւմուտքի հարաբերությունները խարխլվեցին Ուկրաինայի պատերազմի հետեւանքում: Արեւմուտքը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը դյուրացնելու եւ իրադրության հետագա թեժացման առաջքն առնելու նպատակով, որոշեց 2023-ի փետրվարին քաղաքացիական դիտորդների փոքրաքանակ մի խումբ տեղակայել երկու երկրների պաշտոնական սահմանի հայաստանյան հատվածում` իրադրությունը վերահսկելու համար: Այս քայլը վրդովեցրեց Մոսկվային եւ փչացրեց Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարների միջեւ երկխոսություններ կազմակերպելու արեւմտյան պետությունների ջանքերը: Դրանով Մոսկվան դյուրացրեց անկլավի գրավումը: Ադրբեջանը որոշեց, որ զենքն է փոխելու իրադրությունը, եւ ոչ թե երկխոսությունը:
Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում դյուրասահ եւ ավերիչ էին: Մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական բանակը վերահսկողության տակ վերցրեց անկլավի գլխավոր փողոցները եւ շրջափակեց մայրաքաղաք Ստեփանակերտը: Տեղական իշխանությունների հանձնվելուց եւ հրադադարի կիրառումից անմիջապես հետո, ավտոմեքենաների շարասյունը բնիկ հայերին դուրս բերեց անկլավից եւ ուղեւորվեց դեպի Հայաստան: Հաջորդ շաբաթվա ընթացքում ամբողջ բնակչությունը լքեց Լեռնային Ղարաբաղը, եւ տեղական իշխանությունները պաշտոնապես լուծարեցին ինքնահռչակ հանրապետությունը:
Դամոկլյան սուրը
Տասնյակ հազարավոր տեղահանված մարդիկ վերջին երկու ամիսներում նոր բնակարան են փորձում գտնել Հայաստանում: Նրանցից քչերն են հավատում, որ պատերազմն ավարտված է: Վերջին շաբաթներին սահմանային շրջաններ կատարած այցելութուններիս ընթացքում իմ հանդիպած մարդկանցից յուրաքանչյուրը վախենում էր, որ նոր պատերազմ կբռնկվի:
Հայաստանը մտահոգվելու շատ պատճառներ ունի: Երկրի հարավային մասում նոր հակամարտության սկզբնավորումը ռազմական առումով նմանվելու է Ղարաբաղում տեղի ունեցած գործողություններին, բայց, անշուշտ, ավելի մեծ մասշտաբով եւ այն հավելյալ նշանակությամբ, որ անառարկելիորեն մեկ այլ անկախ պետության տարածքում է կատարվելու: Ընդամենը մի քանի ժամ է պահանջվելու ադրբեջանական զորքերին, որպեսզի տիրանան Հայաստանի վճռորոշ ենթակառուցվածքներին, մասնավորապես երկրի հարավային շրջաններում, պատճառ դառնալով տեղի քաղաքացիների զանգվածային տեղահանության: Հայաստանը կարող է այլընտրանք չունենալ եւ կապիտուլյացիայի ենթարկվել` ընդունելով որեւէ պայման, որ առաջ է քաշում Ադրբեջանը:
Հատկապես խոցելի է Ջերմուկի շրջակա տարածքը, որտեղ ժամանակին գործում էր մեծ ժողովրդականություն վայելող Լեռնային առողջարանը: 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց իր 120 մղոն երկարությամբ գտնվող սահմանակից երկրի` Հայաստանի այդ տարածքը, թողնելով իր զինծառայողներին այնտեղ: Ադրբեջանական այդ զինծառայողներն իրենց դիրքերը ամրապնդել են լեռներում, որտեղից անբնակ կիրճն է երեւում դեպի Նախիջեւանի էքսկլավը տանող իր ճանապարհով: Ռազմական հարցերի փորձագետների կարծիքով ադրբեջանական զորքերը ընդամենը երկու օրում կարող են անցնել այդ կիրճը եւ փաստորեն խզել Սյունիք անվամբ ճանաչված հարավային այդ շրջանը մայր երկրից:
Հայաստանը վախենում է այս Դամոկլյան սրից, որը կախված է իր գլխավերեւում: Անցյալ տարվա պատերազմից ի վեր Հայաստանը պահանջում է իր տարածքից դուրս բերել ազերի զինվորներին եւ որոշակի առաջարկներ է ներկայացրել սահմանափակելու զենքի մատակարարումը զինվորներին եւ նրանց ֆիզիկական հեռավորությունը միմյանցից: Հայաստանը պնդում է, որ նման քայլերը թույլ չեն տա, որ տեղի ունենան փոքր ընդհարումներ, որոնք կարող են վերածվել իսկական պատերազմի: Բայց ադրբեջանական կողմը, արձագանքելով իր հսկայական ուժի դիրքերից, չի համաձայնվում կատարել այդ պայմանները: Երկու տարուց ավելի այդ երկու հարեւան երկրները փորձում են քննարկել սահմանազատման խնդիրնրեը ինչպես երկկողմ, այնպես էլ արեւմտյան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում: Սահմանային մի համաձայնություն իրոք կարող է տեսականորեն դյուրացնել ազերի զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից, բայց այս շարունակվող գործընթացը հաջողության մեծ հույսեր չի խոստանում: Նոյեմբերի վերջերին Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները դարձյալ հանդիպեցին, բայց քննարկեցին միայն հետագա բանակցությունների ձեւաչափն ու օրակարգը, եւ ոչ թե խնդրի բուն էությունը:
Տարաձայնությունների միջանցքը
Հարավային Կովկասի յուրահատուկ աշխարհագրությունը սնուցում է լարվածություն: Նախիջեւանի ադրբեջանական էքսկլավը բուն Ադրբեջանից բաժանված է հարավային Հայաստանի մաս կազմող մի նեղ հողաշերտով: Ադրբեջանը վաղուց պահանջել է դրա միջով հատուկ ճանապարհ բացել էքսկլավը Ադրբեջանին միացնելու համար: Նա առաջ է քաշում Զանգեզուրի միջանցք անվանումով մի ճանապարհ, որն անցնելու է Հայաստանի Իրանին սահմանակից տարածքով: Այդ միջանցքը վերջին հաշվով նաեւ մոտեցնելու է Ադրբեջանը Թուրքիային, որը սահմնակից է Նախիջեւանին: Նախատեսված այդ ճանապարհի մոտ 25 մղոնը անցնելու է Հայաստանով: Ռուսաստանի միջնորդությամբ 2020-ին կնքված հրադադարի վերջին հոդվածում նշված է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը պարտավորվում են այդ ճանապարհի ամբողջ երկայնքով հատուկ վերահսկողություն հաստատել ռուս սահմանապահների միջոցով: Հայաստանը համաձայն է ազերի քաղաքացիների եւ փոխադրամիջոցների համար անխափան տեղաշարժ տրամադրել, բայց դեռեւս պատրաստ չէ այդ ճանապարհի ամբողջ վերահսկողությունը թողնել Ռուսաստանին: Ադրբեջանն, իր հերթին, նշում է, որ ցանկանում է անձնագրային եւ մաքսային վերահսկողության բնագավառներում քննարկել Հայաստանի մասնակցությունը, բայց շարունակում է պնդել, որ անվտանգության հատուկ երաշխիքներ են անհրաժեշտ մշակել, որոնք առայժմ միայն Ռուսաստանի կողմից են առաջարկվում:
Ինչպես տեղացի, այնպես էլ օտար դիվանագետները ենթադրում էին, որ խնդիրը նման էր «հասունացած միրգը քաղելու» հնարավորության, որից պետք էր օգտվել, քանի որ ներգրավված երկրները բոլորն էլ իրենց շահն ունեին, որ այդ համաձայնությունը կնքվի: Ադրբեջանը Նախիջեւանի տարածքով փորձում էր այլընտրանքային ճանապարհ բաց անել դեպի Թուրքիա: Դա կնպաստեր, որ տնտեսական օժանդակություն ստանար այնտեղից եւ վերակառուցել Լեռնային Ղարաբաղի կից շրջանները, որոնք ավերվել էին վերջին երեք տասնամյակների ընթացքում` գտնվելով հայկական վերահսկողության ներքո: Հայաստանի համար այդ միջանցքը վերացնելու էր Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից պարտադրված շրջափակումը, որ կիրառվում է հակամարտության պատճառով: Ռուսաստանն ու Թուրքիան էլ ունեն իրենց շահերը: Մոսկվան ցանկանում է ցամաքային հավելյալ ճանապարհ ունենալ դեպի իր գլխավոր առեւտրային գործընկերը` Թուրքիան, որ Ուկրաինայի պատերազմի ժամանակ չէր միացել Արեւմուտքի պատժամիջոցներին: Իսկ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի սեպտեմբերին կայացած նիստին կոչ էր արել բացել այդ միջանցքը, որը տեսականորեն Թուրքիային հնարավորություն կտար առեւտրային կապեր հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ:
Վերջին երեք տարում Ռուսաստանն ու Արեւմուտքը փորձում են միջնորդել, որպեսզի երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանա եւ միջանցքի վերաբերյալ համաձայնությունը կնքվի: Կողմերը իրենց առաջարկները ներկայացրել են անձնագրային եւ մաքսային համատեղ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ, իսկ Եվրոմիությունը նույնիսկ միջոցներ է պատրաստ ներդնել, որպեսզի կառուցվի մի նոր երկաթգիծ, որն անցնելու է ճանապարհի հայկական հատվածով: Ադրբեջանը մտահոգ է սակայն, թե ո՞վ, եթե ոչ Ռուսաստանը, ի վերջո երաշխավորելու է ճանապարհի անվտանգությունը:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանին չհաջողվեց սեպտեմբերին հետ պահել Ադրբեջանի հարձակումները, Հայաստանը հավատը կորցրել է Ռուսաստանի նկատմամբ եւ չի ցանկանում, որ Ռուսաստանը որեւէ առնչություն ունենա միջանցքի գործարկման մեջ: Փոխարենը, Հայաստանը առաջարկում է «խաղաղության խաչմերուկ» խորագրով իր ծրագիրը, որն ավելի խաղաղ ու բարգավաճ տարածաշրջան է խոստանում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր մյուս պահանջներից եւ համաձայնի բացել Հայաստանի հետ իր սահմանը:
Նման դիրքորոշումով թվում է, թե միջանցքի վերաբերյալ համաձայնություն հնարավոր է կնքել, մանավանդ, որ դրա հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները համարյա թե լուծված են: Բայց առաջընթաց արձանագրելու համար երկու երկրները պարտավոր են շարունակել բանակցությունները: Այլապես բանավեճը ձգձգվելու է, է՛լ ավելի խորացնելով վրդովմունքը Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Թուրքիայում, ինչը նպաստելու է լարվածության թեժացմանը եւ նույնիսկ մի նոր պատերազմի բռնկմանը:
Բանակցությունների սեղանը եւ ոչ թե մարտադաշտը
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների, ապա պատերազմը առավել հնարավոր է դառնալու: Հակամարտության ավելի քան երեսուն տարիների ընթացքում երկու երկրները բավական մոտ են եղել համաձայնություն կնքելու, բայց միշտ էլ հաջողության չեն հասել, պատճառ դառնալով տարածաշրջանի ռազմականացմանը, լարվածության թեժացմանը, նորանոր պատերազմների հրահրմանը եւ խաղաղության ու զարգացման հեռանկարների սահմանափակմանը:
Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները եւ անկլավի ամբողջ բնակչության տեղահանումը ողբերգական երեւույթներ են, բայց սահմանագծման եւ միջանցքի վերաբերյալ մնացած հարցերին դիվանագիտական լուծում չգտնելու պարագայում նոր պատերազմը կարող է մասնատել Հայաստանը: Բանակցությունների վերսկսումը հեշտ չի լինելու: Նախագահ Ալիեւը արդեն իսկ բաց է թողել ԵՄ-ի կազմակերպած երկու հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: Մ. Նահանգները ճնշումներ գործադրելով եւ անմիջական կապեր հաստատելով ղեկավարության հետ, փորձեց Ադրբեջանին վերադարձնել բանակցային գործընթացին` հասկացնելով, որ դրանից խուսափելը կարող է Արեւմուտքին ստիպել դիմելու աննախադեպ քայլերի, ինչպես օրինակ` ընդմիջելու երկկողմանի համագործակցության ծրագրերը, կամ ճամփորդելու արգելքներ կիրառելու որոշ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Սակայն նման մոտեցումը անարդյունավետ ճանաչվեց: Նոյեմբերի վերջերին Մ.Ն. պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի հետ` համոզելու համար, որ թույլատրի ամերիկացի պատվիրակների այցելությունները տարածաշրջան: Ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հերթին առաջ քաշեցին տարբեր ձեւաչափով եւ բացարձակապես իրենց կազմած օրակարգով անցկացնել բանակցությունները:
Մյուս կողմից, նույնիսկ Ուկրաինայի պատերազմի պատճառով Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության օրերին ռուս պաշտոնյաները Լեռնային Ղարաբաղի դեպքերից առաջ հանդիպելով իրենց ամերիկացի գործընկերնների հետ, համաձայնեցին վերաբացել Հարավային Կովկասի հետ առնչվող հաղորդակցությունների ուղիները: Դրանք չէին փոխելու Ռուսաստանի հակադրական դիրքորոշումը հանդեպ Արեւմուտքի, բայց կարող էին անռվազն նպաստել իրարհասկացողության առավել լավ մթնոլորտի ձեւավորմանը եւ ռիսկային կառավարման հեռանկարների ստեղծմանը: Արեւմուտքը պարտավոր է ամեն ինչ անել այդ ուղիները կենսունակ պահելու համար:
Հակառակ որ ԼՂ-ի պատերազմը չկարողացան կանխել Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը, դեռեւս միակ հզոր իշխանութուններն են, որոնք ե՛ւ ցանկանում են, ե՛ւ ի վիճակի են առաջ տանելու բանակցային գործընթացը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մաքոքային դիվանագիտությունը շարունակելու նրանց պատրաստակամությունը խիստ օգտակար է: Արեւմուտքը չպետք է դադարեցնի Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու ջանքերը: Այդ ջանքերը կարող են հաջողության փոքր հեռանկարներ ունենալ, բայց Ադրբեջանը եթե ոչ մի պատճառ չտեսնի բանակցություններին վերադառնալու, ապա հնարավոր է, որ մարտադաշտում գտնի իր շահերի հետապնդումը:
Անգլ. բնագրից թարգմանեց
ՕԼԵՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(Foreign Affairs)