Այսօր Երևան քաղաքի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում երջանկահիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետմահու մեղավոր ճանաչեց։
«Այսինքն` մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված են, արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված է, վերագրվող արարքը մեղադրյալ Արմեն Գրիգորյանի կողմից կատարված լինելն ապացուցված է, մեղադրյալ Արմեն Գրիգորյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ ապացուցված է»,-վերդիկտը կարդաց Մնացական Մարտիրոսյանը։
Դատարանի հենց այս նույն դահլիճում է 2022 թվականի հունիսի 15-ին հանկարծամահ եղավ կալանավորված Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանի ընտանիքի ցանկությունն է, որպեսզի նրա մահից հետո դատական գործընթացը շարունակվի, և թեկուզ երկնային կյանքում, մեղադրանքը նրա վրայից վերցվի։
Բայց, ինչպես և կանխատեսվում էր, դատավոր Մնացականյանն Արմեն Գրիգորյանին մեղավոր ճանաչեց։
Արմեն Գրիգորյանի պաշտպանական թիմը դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ բոլոր դատական ատյաններում։
Ինչպես հիշում եք, Արմեն Գրիգորյանը ձերբակալվեց հատուկ կազմակերպված շոուով՝ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «նկարահանման հրապարակում» հատուկ մեթոդաբանությամբ ձերբակալեցին Արմեն Գրիգորյանին այնպես, ինչպես կձերբակալեին սերիական մարդասպանի։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Մեղադրանքի հիմքում դրված էր Արմեն Գրիգորյանի մի ասուլիսը, որը վերջինս տվել էր իրեն կալանավորելուց շուրջ մեկ տարի առաջ։
Այսօր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ Արմեն Գրիգորյանի մեղքն ապացուցված է, արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված և արարքի ժամանակ գործած քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այժմ գործող քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 3-րդ կետով ապացուցված հանցագործության հատկանիշներին։





