Ամերիկյան հեղինակավոր կորպորացիաներից մեկի ղեկավարը թերթերում հայտարարություն է տարածում. «Մեզ անհրաժեշտ է «միակարծիք» տնտեսական աշխատակից»:
Հայտարարության տեքստով մտահոգ ու զարմացած օգնականների խնդրանքով նա բացատրում է` ինչ է նշանակում «ինձ պետք է տնտեսագետ, որը որեւէ բան բացատրելիս չի ասում՝ եթե այս կողմից դատենք… եթե մյուս կողմից դատենք…»:
Պետական ծառայության մեջ հայտնված մարդիկ մեծ մասամբ դառնում են «երկկարծիք» կառավարիչներ, իսկ պետական կառավարչական ճահճից դուրս գտնվող տնտեսագետը, որպես կանոն, ունի տնտեսական խնդիրների պատկերացման եւ լուծման մեկ եւ հստակ կարծիք, որն էլ գոլորշիանում է պետական ծառայության կաբինետային խավարի մեջ:
Բերված օրինակը ենթադրում է զորակցություն՝ պետական կառավարման հայկական նավը տնօրինող կառավարչական խմբին:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք բոլորս մահանալու ենք» խոսքերը վերագրվում են մեծագույն տնտեսագետ, տեսաբան Քեյնսին, սակայն բարոյականության հրապարակային ժխտման հետ նա ընդգծում էր, որ ավանդական բարոյական սկզբունքների արժեքն այն է, որ դրանք ձեւավորվել եւ դիալեկտիկ զարգացում են ունեցել մարդկային գործողությունների երկարաժամկետ ազդեցությունների ներքո, եւ որոնց մի զգալի մասը մարդիկ չէին կարող ո՛չ կանխատեսել եւ ո՛չ էլ հասկանալ:
Շուկայական համակարգի ֆունկցիան եւ արժեքավոր նկարագիրը ծնում են հետեւանքներ, որոնք մարդկանց զգալի մասը չի կարող հասկանալ ու կանխատեսել:
25 տարվա անկախության հանգրվանին տնտեսական, սոցիալական անմխիթար վիճակում, կախված այն բանից, թե ինչպես կլուծվեն տնտեսական խնդիրները, կորոշվի ապագայում մեր լինել-չլինելու հարցը:
Համենայն դեպս, սկզբում մենք դեռ աղքատ կմնանք: Տնտեսական հրաշքի ճանապարհը վերելքի դժվարության ու տառապանքի ճանապարհ է լինելու, սակայն խելամիտ, անձնազոհ աշխատանքով, արդյունաբերության, կիբեր- տնտեսության, կառավարման գիտական դրույթների ներդրմամբ կհասնենք մեծագույն հաջողությունների:
Վերջ ի վերջո չմոռանանք, որ 20-րդ դարի առաջին կեսին եվրոպական երկրներում հաստատված տոտալիտարիզմը եւ ուժեղ ձեռքի, տնտեսական դիսցիպլիններից վեր կանգնած անձի ֆենոմենը իրեն դեռեւս զգացնել է տալիս, մանավանդ որ տոտալիտարիզմի հաղթանակի համար միլիոնավոր համակիրների բանակ կա՝ ի դեմս աղքատության շեմից ներքեւ գտնվող սոցիալական խմբերի:
Ակնհայտ է, որ տասնյակ հազարավոր մարդկանց ընդամենը աշխատանք ունենալու ձգտումը պետք է չանտեսվի: Բարեկեցության հեռանկարը մոտեցնելու համար հասարակության առջեւ պետք է խոշորագույն նպատակներ, դժվարին խնդիրներ դրվեն: Ինչպես վայել է ազատ մարդկանց, պետք է յուրաքանչյուրն իր մեջ լրացուցիչ ուժ գտնի՝ դիմագրավելու, աշխատելու, հավելյալ արժեք ստեղծելու:
Բայց բոլորին գոնե միջինից ցածր կենսամակարդակ խոստանալու պարագայում պետական կառավարման ղեկը տնօրինող խումբը պետք է վերացնի արտոնությունները: Հավանաբար, արտոնությունների վերացումը հազարավոր մարդկանց մոտ կստեղծի պատրանք, որ այն վերաբերվում է մենաշնորհներին:
Իրականում մենաշնորհները պետք չէ վերացնել, պարզապես դրանք պետք է վերաբերեն պետական եւ սոցիալական խմբերին, ընդ որում՝ հեղափոխական դաշնակցական նախարարը մի քանի ամսում այդպես էլ չկարողացավ մենաշնորհների հասարակական ընկալումը մեղմացնել: Չվերացավ այն կարծիքը, թե մենաշնորհների տերերը վտանգել են հասարակական անվտանգության հիմքերը:
Պետք է մարդկանց բացատրել, որ հավասար օրենսդրական, տնտեսական ազատությունների խաթարումն է իրական վտանգը, ոչ թե մենաշնորհները, որովհետեւ սպառման ապրանքերի երկրում մեկ կամ մի քանի հարյուր տնտեսվարողների կողմից այդ ապրանքերը ներմուծելով՝ իրացված արժեքային բովանդակությունը չի փոխվում:
Շուկայական տնտեսության ինքնակազմակերպվող բնույթի խաթարումն է, որ արդար բողոքի հիմք է դարձել:
«Միակարծիք» տնտեսագետներն առանց վարանելու կառաջարկեն մենաշնորհների դեմ պայքար չծավալել`հաշվի առնելով այդ կազմակերպությունների՝ արդեն իսկ ունեցած պոտենցիալը չվնասելու հիմնարար սկզբունքը: Եվ դա խելամիտ քայլ կլինի: Բայց հավելյալ արժեքի ստեղծմանը հաջորդող շահույթի ձեւավորման փուլն արդեն իսկ հետաքրքրական կլինի որոշակի պետական կարգավորումերի հեռանկարի իմաստով, եւ մի՞թե կարելի է մերժել եկամուտների տնօրինման համար մենաշնորհային կարգավիճակի հասած խմբերին պետական միջամտության միջոցով հանրային մասնակցության դաշտ բերելու առաջարկը:
Դրան կարելի է հասնել՝ հարկադիր կերպով որոշ ձեռնարկություններին բաց բաժնետիրական բնույթ տրամադրելով, միջազգային բորսաներում անվերապահորեն լիստինգ անցնելու ներկայով եւ արժեթղթերի շուկայական տեղաբաշխման հեռանկարով:
Հասարակական ցնցումների վախերով ապրող տեսաբաններին կարող է թվալ, թե ասվածը հեղափոխական կոչ է եւ անխուսափելիորեն պարունակում է վտանգներ, կատակլիզմներ:
Հասարակական բազմաթիվ սոցիալական խմբերի մասնակցությունը խոշոր ձեռնարկություններում առաջ է բերելու մի քանի կարեւոր հատկանիշներ, որոնք փակ կլանային տնտեսական խումբը չի կարող ունենալ:
Հասարակական խմբերը, արժեթղթեր ձեռք բերելով, հսկայական ազատ, անտոկոս էժան ռեսուրսներ կստեղծեն այդ ձեռնարկությունների համար, որոնց կառավարիչներն այդ ռեսուրսները կուղղեն գիտատեխնիկական առաջընթացին, գիտահեն ապրանքերի եւ ծառայությունների շուկաներ:
Բազմաթիվ սեփականատերերի կազմակերպություններում անկասկած կտիրեն գործարարության արեւմտյան պատկերացումները`դրանից բխող հաշվետվության եւ թափանցիկության փայլով:
Մյուս կարեւորագույն հարցը պետության կողմից նոր ձեռնարկությունների ստեղծումն է՝ հատկապես գրավիչ բնագավառներում`հետագայում դրանք մասնավորեցնելու նպատակով, քանի որ միայն տնտեսական կյանքից հեռու մարդիկ կարող են ենթադրել, որ արդի աշխարհը միայնակ, մենատնտես անհատ գործարարների դրախտն է:
Հստակ ծրագրեր, բավարար ռեսուրսներ, հավակնությունների դոմինանտ կրող տեխնոկրատների խմբերը կարող են դառնալ հեղինակություններ՝ առավելապես պետական կազմակերպման եւ վենչուրային կապիտալի բաղադրիչներով:
Վենչուրային կապիտալի կառավարիչների առջեւ կա երկու փակոց.
Առաջինը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պրոդուկտների սեփականության հարցն է:
Երկրորդը այդ սեփականության համասեփականատեր դառնալու գինն է:
Կարծիք կա, որ միայն խոշոր, աներեւակայելի բարձր գնի դեպքում են սեփականության տերերը զիջում իրենց բաժնեմասը լրիվությամբ կամ մասնակիորեն: Իր հերթին էլ շատ բարձր գնով որեւէ բաժնեմաս գնելը ենթադրում է որոշակի կանգառ՝ շուկայում գործող միջին գների եւ արդեն վճարված բարձր գնի տարբերությունը կամ դրա բացասական շլեյֆը չեզոքացնելու համար:
Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանում թեմայի հետ առնչվող հարցերի շարքը համալրվել է մի խիստ բացասական երեւույթով, որպիսին է անդրծովային շուկաներում բաժնեմասի կառուցվածքային տնօրինման փաստը եւ ՀՀ շուկայում փակ բաժնետիրական իրավական կարգավիճակի խստագույն պահպանումը:
Կարծում եմ՝ ՀՀ քաղաքական յուրաքանչյուր իշխանություն ներկայում եւ ապագայում պետք է քննարկի սեփականության միջոցների նկատմամբ իրավունքների մասով բաց բաժնետիրական իրավական կարգավիճակով վենչուրային կապիտալի, ֆոնդերի ինչ-որ կիսահարկադրական կարգավորումը՝ հեռանկարում այդ ֆոնդերի բերած տեխնոլոգիական առաջընթացը տնտեսության բոլոր ճյուղերում ազատ կիրառելու համար:
Իհարկե, անելիքները շատ են, եւ արդեն հիմա պետք է տեսական հիմք ունենալ՝ մոտակա տնտեսական զարգացումներն ըմբռնելու եւ դրանց համահունչ տնտեսական մոդել կառուցելու համար:
ՀՐԱՅՐ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ