«Ազգ»-ի, «Պայքար»-ի եւ Armenian Mirror-Spectator-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ նախագահի հետ
– Ո՞րն է պատճառը, որ Հայաստանը Covid-19-ով վարակվածության ավելի շատ դեպքեր ունի, քան Կովկասի իր հարեւան երկրները։
– Ինձ մեծ ցավ է պատճառում կորոնավիրուսի պատճառով մեր յուրաքանչյուր քաղաքացու կորուստը։ Օրեցօր մահերի թիվն ավելանում է, եւ դա շատ անհանգստացնող է։ Սահմանափակումների մի փոքր թուլացման դեպքում մարդիկ մտածում են, որ համավարակն այդքան էլ վտանգավոր չէ։ Բոլորին հորդորում եմ լինել ծայրահեղ զգոն։ Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել։
Ինչ վերաբերում է պայքարին, յուրաքանչյուր երկրում կիրառվում են պայքարի տարբեր մեթոդներ, ուստի հետեւանքները տարբեր են թե հաջողությունների, թե անհաջողությունների տեսանկյունից։
Գնահատականներ ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում կլինեն։ Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի եւ առողջության համար։
Այսօր մեզ համար կարեւորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման եւ բժշկական անձնակազմի համալրման հարցերը։
Ինչպիսի՞ն կլինի հետկորոնավիրուսային աշխարհը. ակնհայտ են դրա ինչպես բարոյական, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար օբյեկտիվ բացասական հետեւանքները։ Այսօր եւ կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը եւ առողջությունը համաշխարհային մասշտաբով եւ նաեւ Հայաստանում դառնում են առաջնահերթ։
Համավարակներ կրկին կլինեն, հնարավոր էՙ այլ ձեւով եւ անվանմամբ։ Եթե մենք պետական կառույցների, հասարակության, գիտական հանրության, գործարար մակարդակներով պատրաստ չլինենք, ապա այդ անգամ արդեն ոչ միայն ավելի շատ կյանքեր կկորցնենք, ոչ միայն ավելի մեծ տնտեսական կորուստներ կունենանք, այլեւ չենք կարողանա հասկանալ, թե դեպի ուր ենք գնում։
– Ի՞նչ կարող է անել Հայաստանը դիմագրավելու համար համավարակի պատճառով տուրիզմի, միջազգային առեւտրի եւ այլ ոլորտներում իր կրելիք նյութական հավանական կորուստները։
– Այդ առումով նախագահականի կողմից քայլեր են արվել դեռեւս անցյալ տարի, երբ 2019թ. նոյեմբերին ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) հրապարակեց իմ խնդրանքով պատրաստածՙ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը (IPR)։ Զեկույցը մատնանշում է տնտեսության արտահանման ենթակա եւ խոստումնալից մի քանի ճյուղ, որոնք հաջորդ 10-20 տարիների ընթացքում կարող են ապահովել միլիարդավոր դոլարի ներդրումներ։ Զեկույցը նաեւ ներկայացնում է առաջարկություններ, որոնք միտված են վերացնելու այդ ճյուղերում ներդրումները խոչընդոտող հիմնական գործոնները։ Սա երկարաժամկետ ռազմավարություն է, որն ուղղված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդրումները խթանելուն եւ դրանցից շահույթներ ստանալուն։
Հետամուտ լինելով Ներդրումային քաղաքականության զեկույցի դրույթներին եւ հիմնվելով տեղեկությունների եւ վերլուծության վրա, նշված զեկույցում UNCTAD-ը եւ ՀՀ Նախագահի աշխատակազմը հանդես են գալիս նկատառումներով եւ առաջարկներով, որոնք կծառայեն ռազմավարական մոտեցման կողմնորոշիչ ցուցիչներՙ կիրառելու ներդրումային քաղաքականության գործիքներՙ COVID-19-ի ճգնաժամով պայմանավորված որոշ սպառնալիքներ չեզոքացնելու համար։ Առաջնային քայլերը կենտրոնանում են այն գործիքակազմի վրա, որը Հայաստանը կարող է կիրառելՙ արագ մեղմելու ճգնաժամի ազդեցությունը ներդրումների ներհոսքի եւ տնտեսության վրա։
Այդ նպատակով առաջարկում ենք իրականացնել նաեւ նոր գործողություններ. ստեղծել մի կառույցՙ Ներդրողի արագ արձագանքման աշխատանքային խումբ (QIRT) պայմանական անունով, որը կոչված է լինելու համալրել կառավարության որդեգրած բիզնեսին անհապաղ աջակցելու միջոցառումների շարքը։ Այդ կառույցի հիմնական գործառույթներն են լինելու ներդրումների պաշտպանությունը, աջակցություն վերաներդրողներին եւ արդեն իսկ առկա ներդրողների/ներդրումների վերակողմնորոշումը, ներդրողների ռազմավարական թիրախավորումը եւ ռազմավարական գործընկերությունը։ Այսինքնՙ մի կողմից լինելու է մի կառույց, որը դասական ընթացակարգերով կխթանի ներդրումները երկրում, աշխարհին կգովազդի Հայաստանը, մյուս կողմիցՙ այդ կառույցը հայկական սկսնակ ընկերություններին պետք է օգնի։ Ամբողջ աշխարհը նաեւ այդ կազմակերպության ջանքերի միջոցով պետք է ծանոթանա Հայաստանին։
Պետք է մանրամասն ծրագիր ունենանք, թե ինչ ենք անումՙ եւ բնապահպանության, եւ տնտեսության, եւ զարգացման, եւ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենքՙ հակառակ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել բոլոր ոլորտները, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, բանկային համակարգը, եւ այլն։ Այս բոլոր ոլորտները փոխկապակցված են։
Մենք ունենք շատ մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, որը չենք օգտագործում։ Խոսքն այն մասին չէ, թե մենք ինչքան ունենք, խոսքն այն մասին է, թե մենք ինչքան ենք արտադրում։ Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրըՙ այդ համատեքստում շատ էական եմ համարում Հայաստանը պարենի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը եւ այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների եւ մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իմ շարունակական քննարկումները։
Կրկնեմ ՙ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնելՙ գյուղատնտեսությունից մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Օրինակ, կորոնավիրուսից հետո պետք է ավելի ջանասիրաբար աշխատել էլեկտրոնային կառավարման (eGovernment), էլեկտրոնային առողջապահության (eH) եւ էլեկտրոնային ուսուցման (EdTech) ներդրման ոլորտներում։ Այն երկրները, որոնք հաջողությամբ կարողացել են խթանել, կիրառել, ներդնել այս գործիքները, շատ ավելի ուժեղ եւ դիմադրող են։
Կորոնավիրուսից հետո մտադիր եմ վերադառնալ ATOM նախագահական նախաձեռնությանը, որը միտված է միջազգային կազմակերպություններ Հայաստան բերելուն, արհեստական բանականության զարգացման նպատակով լաբորատորիաներ ստեղծելուն, քանի որ դա ապագայի հիմնարար գործիքն է սննդի արտադրության, գյուղատնտեսության, միջպետական հարաբերությունների, կորոնավիրուսի դեմ պայքարի, կենսաբանական տեխնոլոգիաների զարգացման, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Աշխարհը գնում է դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ եւ էլեկտրոնային սպասարկում։ Հետեւաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ։
– Ինչպե՞ս կարելի է զսպել Հայաստանում ներկայիս տիրող ծայրահեղ եւ վտանգավոր ներքաղաքական բեւեռացումը։
– Այսօր առհասարակ աշխարհում խախտվել են դասական քաղաքական վարքագիծը, իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանությունն ու ձեւերը։ Նայեք ձեր շուրջը, ամենուրեք նույն պատկերն է։ Բեւեռացումը հետեւանք է նաեւ մարդկանց մտքերի եւ վարքագծի վրա վիրտուալ աշխարհի ազդեցության։
Այսօր վիրտուալ աշխարհը, սոցցանցերը հեղեղված են ատելությամբ, հայհոյանքներով, բռնության կոչերով, եւ չկա օրենք կամ նորմ, որ կարողանա զսպել դրանք։ Վիրտուալ աշխարհը դառնում է ավելի իրական, քան իրական աշխարհը։ Ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամենուր այն ձեւավորում է հանրային կարծիք եւ ազդում իշխանությունների եւ ընդդիմության վարքագծի ու որոշումների վրա։
Այս պայմաններում քաղաքական ուժերը պարտավոր են չափազանց պատասխանատու լինել սեփական վարքի, խոսքի եւ գործի մեջ, թույլ չտալու համար ներքաղաքական վիճակի ծայրահեղ սրացում եւ տեղ թողնելու համար երկխոսությանը։ Մեր երկրի եւ ժողովրդի շահերը պահանջում են դա։
– Սովետական շրջանում մտավորականության ձայնը ավելի էր հնչում եւ լսվում, քան այժմՙ անկախության եւ ազատությունների պայմաններում։ Ինչո՞ւ։
– Գիտեք, հասարակարգ է փոխվել, աշխարհն է փոխվել։ Մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ։ Խորհրդային շրջանում կար արտոնյալ մտավորականությունՙ նոմենկլատուրային մտավորականություն, որի ձայնը լսելի էր։ Սակայն ոչ բոլորը եւ ոչ ամեն ինչի մասին կարող էին խոսել։ Ասվում էր այն, ինչ համապատասխանում էր իշխող գաղափարախոսությանը եւ Քաղբյուրոյի քաղաքականությանը։ Արտահայտության կամ մամուլի միջոցներն էլ միայն պետական էին։
Այսօր ամեն ինչ փոխվել է, դրա հետ միասին նաեւ «մտավորական» հասկացությունը։ Հիմա ամեն ոք ամեն ինչի մասին եւ ուր ասես կարող է խոսել։ Մի կողմից դա լավ է, մյուս կողմիցՙ շատախոսությունը երբեմն բերում է խոսքի արժեզրկման։
Բայց դա չի նշանակում, թե հասարակությունն այսօր կարիք չունի լուրջ եւ մասնագիտական խոսքի։ Ընդհակառակըՙ աշխարհը կառավարում է միտքը եւ խոսքը։ Այսօր աշխարհի լուրջ եւ հեղինակավոր ուղեղային կենտրոնները, մտածողները, քաղաքագետները, տնտեսագետները, փիլիսոփաները եւ այլք մեծ ազդեցություն ունեն համաշխարհային զարգացումների վրա։ Ցանկալի կլիներ, որ նրանցից ոմանք հրավիրվեին Հայաստան, նրանց գործերը թարգմանվեին եւ ներկայացվեին Հայաստանում, որը կնպաստեր մեզ մոտ նույնպես մտքի զարգացմանը եւ խոսքի արժեքի մեծացմանը։ Հենց այդ նպատակն էր հետապնդում 2019թ. հունիսին «Մտքերի գագաթաժողովի» անցկացումը Հայաստանում, որը մենք պատրաստվում ենք դարձնել ամենամյա, եւ որի 2-րդ թողարկումը, հակառակ կորոնավիրուսի, ծրագրում ենք անցկացնել այս տարի հոկտեմբերի 10-ին, Աշխարհաքաղաքականությունը եւ արհեստական բանականությունը թեմաներով։
– 2015 թ. ընդունված ՀՀ նոր կամ նորացված Սահմանադրությունը, որը նախկին նախագահը ձեւել-կարել էր տվել իր հագին, այժմ սուր բեւեռացումների եւ կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն երեւան է հանում իր անհամապատասխանությունը ներկա պահանջներինՙ պետական իշխանական թեւերի միջեւ հակակշիռների խախտման, այդ թվումՙ նախագահի իրավասությունների սահմանափակման տեսակետից։ Ի՞նչպես եք գնահատում այս իրողությունը, ի՞նչպես կարելի է դուրս գալ այս վիճակից։
– Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահիՙ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում։
Իմ խնդիրը, որպես կյանքի երկար ճանապարհ անցած նախագահ, համակարգային խնդիրներին լուծումներ գտնելն է, ինչպես նաեւ ազգի եւ պետականության ամբողջականության ջատագով լինելը։ Հենց դրանում եմ տեսնում նախագահի ինստիտուտի հիմնական գործառույթը։
Անկախ նրանից, թե տվյալ պաշտոնն ինչ նկարագրություն ունի, պաշտոնը զբաղեցնող անհատն է ձեւավորում արդյունքը։ Ես փորձում եմ Հանրապետության նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ է եւ օգտակար։
Կարող ես ունենալ աշխարհի ամենամեծ պատասխանատվությունը, բոլոր մեծ հնարավորությունները, բայց ոչինչ չանել։ Եվ հակառակըՙ ունենալ մեկը եւ այն օգտագործել։ Պետք չէ մտածել, թե ինչ լծակ, գործիք ունես, կարեւորըՙ հասնես նպատակին։
Հույս ունեմ նաեւ, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի, որոնց շարքումՙ ժամանակի ընթացքում Սահմանադրության մեջ ի հայտ եկած բացերի վերացումը, մասնավորապես զսպումների ու հակակշիռների մեխանիզմների ներդրումը։
– Սփյուռքյան տեսանկյունից կարծիք կա, որ ՀՀ իշխանությունները լրիվ չեն օգտագործում Սփյուռքի ներուժը։ Մյուս կողմիցՙ Սփյուռքի ձայնը ներհայաստանյան եւ համահայկական հարթակներում լսելի չէ, չկա պետական օրինական-պաշտոնական որեւէ հարթակ, որտեղից լսելի դառնա Սփյուռքի տեսակետը Հայաստանի ազգային հարցերում։ Ո՞րն է ձեր կարծիքը, ի՞նչպես կարելի լուծել այս հարցը։
– Հարցադրումն առավել քան արդիական է։ Նոր ժամանակները եւ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած մարտահրավերները պահանջում են ազգային բոլոր ռեսուրսների միատեղում, համախմբվածություն եւ միասնություն։ Այստեղ երկուստեք անելիքներ շատ կան, բայց, որպես պետություն, Հայաստանն իր վրա պետք է վերցնի նախաձեռնությունը։ Աշխարհում հայերը հայտնի են որպես «կազմակերպված եւ ազդեցիկ Սփյուռք ունեցող ազգ»։ Մեզ միավորում են մեր ընդհանուր ազգային արժեքները եւ իղձերը։ Դա մեր առավելություններից մեկն է, կարեւոր ռեսուրս Հայաստանի զարգացման եւ համահայկական շահերի առաջմղման առումով։
Հայերն իրենց բնակության երկրի օրինակելի, հարգված եւ հաջողակ քաղաքացիներ են։ Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքըՙ Սփյուռքը Հայաստանը եւ աշխարհը կապող օղակ եւ կամուրջ է։ Արտերկրում 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում։ Կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական եւ գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում եւ, հատկապեսՙ երկրի գիտական, մշակութային եւ տնտեսական զարգացման մեջ։
Ցավոք, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեզ դեռեւս չի հաջողվել գտնել անհրաժեշտ ժամանակակից մոդել` սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար։
– Դուք Ձեր մտքում պատկերացնո՞ւմ եք այդպիսի մի կառույց։
– Դեռեւս իմ վարչապետության օրոք, քսանչորս տարի առաջ, ես նախատեսում էի ստեղծել «Ազգային Գործերի Գործակալություն», գործնական մի մարմին, որ կազմված կլիներ Հայաստանի եւ Սփյուռքի կարող մասնագետներից (փոխարեն կամ զուգահեռ Սփյուռքի նախարարության, որը պետական մարմին է եւ ներկայացնում է միայն մի կողմին)։ Անկախ գործակալությունը թույլ կտար ձեւավորել համատեղ օրակարգ ըստ առաջնահերթություններիՙ քաղաքական, տնտեսական, մշակույթի, գիտակրթական, հայապահպանության, հայրենադարձության եւ այլն։ Այդ մարմինը համազգային կառույցներին զուգահեռ կարող է դառնալ միջնորդ կամ կամուրջ պետության եւ սփյուռքան կառույցների եւ անհատների միջեւ։ Խոսքը հատկապես անհատների մասին է, որոնց 80-90 տոկոսը մաս չի կազմում Սփյուռքի ավանդական կառույցներին։
Հայկական սփյուռքն անսպառ ներուժ է, հզոր էներգիայի խտացում։ Եթե մենք կարողանանք ուժեղ պետության միջոցով հասնել համաշխարհային ազգի ցանցային մոդելի ստեղծմանը, ապա վստահաբար կիրագործենք մեր ազգային իղձերը։ Կարծում եմ, որ Հայաստան-Սփյուռք այդ տիպի համագործակցությունը կարող է աշխարհին նույնպես շատ բան տալ։
– Մեծարգո պրն Նախագահ, տպավորությունն այն է, որ Ձեր նկատմամբ, որպես ՀՀ Նախագահի, իշխանական եւ պաշտոնական լրատվամիջոցներն ունենՙ եթե չասենք վերապահ, ապաՙ «սառը» կեցվածք, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցներըՙ դժգոհ ու քննադատական վերաբերմունք։ Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը դրաՙ հուսախաբությո՞ւնը, թյուրըմբռնո՞ւմը, թե՞…
– Հարցն ավելի խորքային է, որը լայն առումով առնչվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակության մեջ մամուլի դերին։ «Չորրորդ իշխանությունը» առողջ եւ զարգացած հասարակության համար կարեւոր, առաջնային օղակ է, առաջընթացի պայման։ Վերջին երեք տասնամյակի փորձը ցույց է տվել, որ մամուլն ինքնիրենՙ միայն «ազատ շուկայական» կանոններով չի կարող լիովին կայանալ։ Պետությունը, քաղաքական ուժերը, տնտեսվարողները եւ հասարակությունն ինքը պետք է շահագրգրված լինեն իրական ազատ եւ անկախ մամուլ ունենալու հարցում։ Ինչպե՞ս, դա խոսակցության երկար նյութ է։ Սկզբի համար կարեւորը պետության կողմից հարցի ձեւակերպումը եւ դրա անհրաժեշտության գիտակցումն է։ Պրոֆեսիոնալ, անաչառ մամուլի կայացումը թե ներքին, թե արտաքին առումով ես համարում եմ ազգային անվտանգության խնդիր։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գործում եմ նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում եւ չեմ պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որեւէ մեկին կամ որեւէ խմբի դուր գալու համար։ Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող եւ ազգային միասնականությանն աջակցող դերը։
Ես հասկանում եմ, որ սպասումները նախագահիցՙ որպես պետության գլուխ, մեծ են, սակայն, հաշվի առնելով, թե սահմանադրությամբ ինչպիսի սահմանափակ եւ կոնկրետ լիազորություններ են վերապահված Հանրապետության նախագահին, այդ ակնկալիքներն հաճախ իրատեսական չեն։
Անշուշտ, որպես քաղաքացի եւ անհատ, ես ունեմ իմ կարծիքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների կամ երեւույթների վերաբերյալ։
– Ի՞նչ կարծիքի եք Մարտի 1-ի դատավարության մասին, որտեղ լուրջ մեղադրանքներ են առաջադրված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ աշխատել եք։
– Ես չափազանց ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ տալըՙ միջամտելով իշխանության այլ ինստիտուտների, ներառյալՙ դատական համակարգի իրավասություններին։
Ես շարունակում եմ հետեւել տվյալ իրավիճակինՙ թե որպես քաղաքացի, թե որպես պետության գլուխ եւ վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։
– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում (այս առումով որքա՞ն լուրջ պետք է ընդունել Ադրբեջանի տարածքային պահանջներ ներկայացնելը նույնինքն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, անգամ նախագահ Ալիեւի մակարդակով)։ Ո՞րն է, ըստ Ձեզ, Արցախի ապագան եւ ի՞նչ անելիք ունենք մենք բոլորս այդ ապագայի կերտման գործում։
– Հանրային ուշադրությունը գերսեւեռված է Ղարաբաղի հարցի վրա։ Դա հասկանալի է, հարցը կենսական է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի համար, այլեւ դուրս է գալիս Հայաստանի սահմաններից եւ ծայրաստիճան զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որն ունի հստակ լսելի ձայն եւ ազդեցություն։
Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը գտնվում է վարչապետի եւ արտաքին գործերի նախարարության իրավասության շրջանակում։
Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների համանախագահությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն։
Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, մենք պատրաստ ենք եւ կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման փորձի դեպքում։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման եւ Արցախի Հանրապետության անվտանգության ու նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է։
Խնդրի լուծման համար ուժի կիրառման սպառնալիքն ու ռազմական սցենարը բացարձակապես անընդունելի են եւ պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Մեզ համար գերակայություն է Ղարաբաղյան հարցի արդարացի կարգավորման խնդիրը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, կայուն խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունը եւ Արցախի ժողովրդի իրացրած ինքնորոշման իրավունքի ամրապնդումը։
Մինչ այդ կա նաեւ հարցի մյուս կողմը, ոչ պակաս էական։ Դա Արցախի Հանրապետության զարգացումն է բոլոր առումներովՙ առաջին հերթին տնտեսական եւ ժողովրդագրական։ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալը եւ ավելի զարգանալու։ Ահա այս ուղղությամբ պետք է արվեն անհետաձգելի եւ գործնական քայլեր։ Ահա այստեղ են անհրաժեշտ համահայկական ներդրումներՙ եւ նյութական ու ֆինանսական, եւ մտքի ու ծրագրերի։
Ես հաճախ եմ այցելում Արցախ եւ ամեն անգամ հիացմունքի հետ միասին ցավով նկատում, որ մենակ ենք թողնում արցախցուն իր ամենօրյա հոգսերի եւ խնդիրների հետ։ Մինչդեռ պատկերացրեք, թե ինչքան եկամուտ կբերեր Արցախին սոսկ տուրիզմը, խոսքս առայժմ միայն ներքին տուրիզմի մասին էՙ Հայաստանից։
Նույնը Հայաստանի հատկապես գյուղական աշխատունակ բնակչության արտագնա աշխատանքի դեպքում։ Եթե նրանց սեզոնային գործ առաջարկվեր Արցախում, պատկերացնո՞ւմ եք ինչ աշխուժություն ու ելումուտ կլիներ։ Իհարկե, սա հենց այնպես ասելով չի լինի։ Դրա տակ պետք են ճշգրիտ տնտեսագիտական հաշվարկներ, հարկային, վարկային եւ ֆինանսական արտոնություններ։ Պետք է ծրագիր, որը Հայաստանի եւ Արցախի կառավարությունները կարող են միասին մշակել։
Արցախի տնտեսական զարգացումը եւ գրավչությունը ոչ միայն կբարձրացնի բնակչության կենսամակարդակը եւ կբարելավի կյանքի որակը, այլեւ կամրապնդի Արցախի Հանրապետության դիրքը բանակցություններում, որը չի կարող հաշվի չառնվել։
Արցախում եւ Արցախի շուրջը կան եւ միշտ էլ եղել են հնարավորություններ։ Խնդիրը դրանք տեսնելը եւ ճիշտ օգտագործելն է։
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ հայտարարություններին, կարծում եմ, դրանք չպետք է անպատասխան թողնել։
– Ի՞նչ կասեիք հայ-ռուսական հարաբերությունների մասին շրջանային եւ միջազգային ներկա բարդ իրողությունների պայմաններում։ Ո՞ր ուղղություններն են առաջնահերթ, ո՞ր ոլորտներում փոխգործակցության խորացման կարիք կա։
– Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը։ Մեզ կապում են համատեղ փորձություններով եւ հաջողություններով ամրապնդված բազմադարյա հարաբերությունները, ինչպես նաեւ բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը։ Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր վերածվել են անխախտ բարեկամության։
Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունն ունի նվազագույն եւ առավելագույն հիմնարար խնդիրներ։
Նվազագույն խնդիրն է պահպանել ռազմավարական երկխոսության նախկին մակարդակը, որը հիմնված է խորը պատմական եւ արժեքային կապերի վրա։ Մենք պետք է գնահատենք մեր համատեղ ժառանգությունը եւ այս կամ այն քաղաքականությունն իրականացնելիս ուղղորդվենք հենց դրանով։ Այդ դեպքում մենք զերծ կմնանք լուրջ սխալներից։
Առավելագույն խնդիրն է մեր փոխհարաբերությունները հասցնել նոր մակարդակի, բացահայտել «անձեռնմխելի մնացած» ոլորտները եւ ստեղծել նոր հնարավորություններ։ Մեր փիլիսոփայությունը պետք է բխի երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում «միմյանց ուժեղացնելու» բանաձեւիցՙ տարածաշրջանային եւ համաշխարհային ձեւաչափերով։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք գործնականում ցուցադրելու մեր ռազմավարական դաշինքըՙ անկախ առանձին խնդիրներից։
Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է եւ ընդգրկում է մեր հարաբերությունների ողջ սպեկտրը։ Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապեսՙ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ նորարարության, պարենի անվտանգության ոլորտներում։ Անհրաժեշտ է ավելի սերտ փոխգործակցություն ծավալել էներգետիկայի ոլորտում։ Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքայիններից մեկը լինել Ռուսաստանի սննդի եւ պարենային անվտանգությանն աջակցելու գործում։
Ես կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները նաեւ կարող են կարեւոր գործոն դառնալ մեր երկրների բազմակողման կապերում։ Հայաստանը կարող է ծառայել կամուրջ տարբեր ինտեգրացիոն նախագծերի եւ տարածաշրջանների միջեւ, ինչպիսիք են` ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն։
Կա մի կարեւոր բառՙ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։ Մեր երկրների միջեւ վստահության բարձր մակարդակը պետք է լինի ամեն մի իրավիճակի կառավարման հիմքում։
– Այս տարի լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամյակը, մյուս տարիՙ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերինը, որոնք ճակատագրական էին եւ շարունակում են այդպիսին լինել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։
– Խոսքը վերեւում հենց դրա մասին էր։ Եթե Սեւրի պայմանագիրը հնարավորություն էր տալիս ստեղծելու կենսունակ հայկական պետություն իր բնական սահմաններում, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը ծայրագույնս անտեսեցին հայ ժողովրդի շահերը եւ խոցելի դարձրին երկիրը։
Ուստի Հայաստանն իր այսօրվա խնդիրներով ուղիղ հետեւանքն է Հայոց ցեղասպանության եւ դրան հաջորդած պայմանագրերի։ Աշխարհաքաղաքական առումով այն շատ բարդ վիճակ է ստեղծել մեր տարածաշրջանում, որը մեկեն բացահայտվեց Խ. Միության փլուզումից հետո։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների բարդությունը բխում է դրանից։ Ցեղասպանության հարցում Անկարան վարում է ժխտողականության քաղաքականություն, իսկ Արցախի հարցում կանգնած է Ադրբեջանի թիկունքին եւ նաեւ այդ պատրվակով փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Դա Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության հարց է։
– Պարոն նախագահ, կրկին սահմանադրական լիազորությունների մասին, այս անգամ այլ տեսանկյունից։ Որքան էլ պարադոքսալ թվա, գործող Սահմանադրությունը Հանրապետության նախագահին գործնականում հնարավորություն է տալիս աշխարհում հանդես գալ որպես համայն հայության շահերի ներկայացուցիչ եւ առաջնորդ։ Ըստ Սահմանադրության, Նախագահը պետության գլուխն է, հետեւում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, երդվում է իր «ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»։ Հաշվի առնելով Ձեր փորձը, գիտելիքները եւ անցած ուղինՙ Դուք առավելագույնս համապատասխանում եք այդ դերին։ Ինչպե՞ս եք պատրաստվում կյանքում իրագործել այդ բարձր առաքելությունը ի շահ մեր Հայրենիքի եւ ժողովրդի։
– Ինչպես ասացի, առաջին հերթին ես քայլեր եմ անում կայացնելու եւ ուժեղացնելու նախագահի ինստիտուտը, որը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո փաստորեն պետք է վերակառուցել այնպես, որ, անկախ անձերից, կարողանա ապահովել պետության կայունությունը եւ ներքին հավասարակշռությունը, մեր ժողովրդի միասնականությունը։
Մյուս կողմից, մենք պատմական այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ յուրաքանչյուր հայ քաղաքական ղեկավարի եւ գործչի պարտադրում է իր գործն ընկալել որպես առաքելություն։
Առանց այդ գիտակցության, առանց այդ պատմական ժառանգության խոր վերլուծության եւ դրանից բխող ապագա ծրագրերի, հնարավոր չէ կառուցել կենսունակ պետություն։
Մեր ժողովրդի քաղաքակրթական ռեսուրսը մեծ է, այն իր զգալի դերն է խաղացել մարդկության առաջընթացի գործում։ Մենք վերապրող ժողովուրդ ենք եւ որպես ռազմավարական դիրք ունեցող զարգացող երկիր եւ համաշխարհային ազգ, մեր խոսքն ունենք ասելու աշխարհին։ Այդ իմաստով ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ, որպես դեսպան Հայաստանի ու աշխարհի միջեւ։
Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ ինձ հնարավորություն է տալիս Հայաստանին նայել թե ներսի, թե դրսի աչքերով։ Նույնըՙ սփյուռքի դեպքում։ Ես գաղթականի զավակ եմ։ Իմ նախնիները Էրզրումից, Բիթլիսից եւ Ալաշկերտից գաղթել են Ռուսաստան, այնտեղից Պարսկաստան, հայրս եւ մայրս 1946-ին վերադարձել են Հայաստան։ Ես ծնվել, մեծացել, կրթություն ստացել եւ ձեւավորվել եմ Հայրենիքում, այնուհետեւ գործի բերումով երկար տարիներ ապրել եմ դրսում, եւ առանց համեստության կարող եմ ասել, որ հավասարաչափ լավ եմ ճանաչում թե մեր երկիրը, թե Սփյուռքը եւ նրա մարդկանց։ Գիտակցելով այս ամենը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ կանգնած մարտահրավերներըՙ Հայաստանի եւ Սփյուռքի կարող ուժերի հետ խորհրդակցաբար ջանում եւ ջանալու եմ համակարգային մոտեցումով ձեւավորել համազգային օրակարգ։
Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ այլընտրանք չունի, քանի որ մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, եւ այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ։
Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, եւ դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։
Տեխնոլոգիական առաջընթացը հսկայական ազդեցություն է ունենալու ամեն ինչի, ներառյալՙ հիմնական սոցիալական վարքագծի, արժեքների, մարդկանց վարքագծի վրա, որն ավելի քվանտային է դառնում, նույնիսկ ժողովրդավարությունն է փոխում իր ձեւը։
Ես կցանկանայի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես առաջադեմ երկրներից մեկըՙ կենսաբանության, առողջապահության, արհեստական բանականության կիրառման վրա հիմնված համակարգեր մշակող եւ ներդնող առաջատարների շարքում։ Այս ճանապարհը, իմ կարծիքով, թույլ կտա Հայաստանին գտնել իր նոր տեղն աշխարհում եւ ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները։