Հայաստանի նկարիչների միությունում բացված «Սալոն 2023» խորագրով ամենամյա ցուցահանդեսը պետք է դիտարկել՝ իբրեւ ամփոփումն այն ստեղծագործական աշխատանքի, որ տարել են միության անդամ արվեստագետներն այս տարվա ընթացքում, թեեւ ներկայացված էին նաեւ նախորդ տարիներին վրձնած գործեր եւ քանդակներ: Ըստ էության, սա, որոշակի վերապահումներով, հայ կերպարվեստի ընդհանրական պատկերը տալու միտումն ուներ, քանի որ երկու հարյուրից ավելի նկարիչների եւ քանդակագործների արարումներն էր մի հարկի տակ հավաքել: Նշենք նաեւ, որ ցուցահանդեսը նվիրված էր Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տան 50-ամյա հոբելյանին, վայր, որտեղ բազում նշանակալից մտքեր եւ ստեղծագործություններ են ծնվել: Գործընկեր – թանգարանների, պատկերասրահների, խանութ-սրահների կողմից ընծաներ տրվեցին Վանանդ Շիրազին, Արտակ Տիրատուրյանին, Արամ Իսաբեկյանին, Կարեն Կնյազյանին, Էդգար Հովհաննիսյանին, Գայանե Սարոյանին, Ալիկ Կոստանյանին, Սամվել Մովսիսյանին, Համլետ Ասատրյանին, Ժորա Գասպարյանին, Գրիգոր Դարբինյանին, Հարություն Հարությունյանին, Հրազդան Թոքմաջյանին, Վահագն Ավետիսյանին, Հայդուկ Սմբատյանին, հայր ու որդի Գայ եւԳագիկ Ղազանչյաններին, Աշոտ Գրիգորյանին, Արմենուհի Հովսեփյանին, Աշխեն Սեւյանին, այլոց:
ՀՆՄ երեք հարկերում կազմակերպված խոշորածավալ ցուցադրության մասին կարճ ակնարկով հիմնովին անդրադառնալն անհնար է, եւ մտքերդ ի մի բերելու համար հիմնվում ես առանձին հեղինակներից ստացած տպավորությունների վրա, եւ այդ զգացական գնահատականները կարող են նաեւ սուբյեկտիվ լինել, սակայն, հուսամ՝ ոչ սխալական: Շատ կերպարվեստագետների «ձեռագրերը» վաղուց ծանոթ էին արվեստասեր հանրությանը, հասուն եւ հանրահայտ նկարիչների կողքին հաճախ հավասար վստահությամբ եւ արժեքավոր գործերով հանդես էին գալիս երիտասարդները: Նրանցից ոմանց ՀՆՄ հովանավորներն ընծաներ հանձնեցին, եւ պարգեւատրվողներից էր Գայ Ղազանչյանը, որը վերջին տարիներին հասցրել է աչքի ընկնել մերօրյա իրականության արձագանք՝ կերպարային անսպասելի լուծումներով, որոնք արտահատվում են թե՛ քանդակում, թե՛ կտավներին: Հատկապես տպավորիչ են թռչնակերպ կերպարները, որ ասես քարացած, օդում կախված խուլ ճիչեր են, որոնց աշխարհն անարձագանք է եւ քար – անտարբեր: Երիտասարդների ներկայացրած արվեստից եւս մի քանի օրինակ. Զամոկ Սարգսյանի՝ թումանյանական կերպարի մեկնությունը, որ վերջերս ներկայացրել էր ՀՆՄ եւ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի միատեղ հայտարարած՝ երիտասարդ քանդակագործների մրցույթին: Մրցանակային տեղ չշահած գործերից էր թեեւ, բայց հանդիսականի ընկալման, արվեստային լուծումների, Հայոց մեծ բանաստեղծի կերպարի պատշաճ մեկնաբանման առումով, իրոք, արժանի էր համապատասխան գնահատանքի: Հենց այս քանդակը մի անգամ եւս տնտղեցի ցուցահանդեսում. բանաստեղծի մարմնաձեւերը սահունորեն ձուլվում էին գրքին, գիրքն էլ ետեւից ժայռակերպ տպավորություն էր թողնում, եւ արձանագրված էին Թումանյանի տողերը. «Կոպիտ նյութից մի գեղեցիկ կերտվածք ստանալու համար արվեստ է հարկավոր: Դա ամեն մարդու բան չէ»: Ամեն մարդու բան չէ ստանալու այն գունաժայթքումը՝ սիմֆոնիկ բազմաձայնության տպավորությամբ «Այրվող աշուն»-ը, որ վրձնել է երիտասարդ գեղանկարիչ Տիգրան Սարգսյանը: Իր՝ բնության իրապաշտական պատկերների շարքում սա մի նոր որակ է, որ հանձնել էր լայն հանրության քննությանը:
Առաջին հարկում ցուցադրված համեմատաբար մեծածավալ կտավներից մեկը մի այլ երիտասարդ նկարչի՝ Հայդուկ Սմբատյանի գործն էր՝ մոդեռնիստական լուծումներով. վերջին տարիների իր փնտրումներն հանգեցրել են մի որակի, որը թույլ է տալիս Հայդուկի գործերը տարբերել արվեստային բազմազանության մեջ. հատվածական, ընդհատ գծագրումներով տարածությունները լցվում են գույնով, եւ իրականության գորշությունից ձերբազատման ասույթն ունեն: Տեսա Մանե Մակյանի կողմից՝ հաճախ արծարծվող թեմային՝ վերականգնողական արվեստին եւս մի անդրադարձ. պատռված կտավի դարձերեսին մոտեցված խոշորացույցը խորհրդանշում էր վերականգնող – մասնագետների քրտնաջան, մանրակրկիտ աշխատանքը:
Գրաֆիկական գործերի մի քանի տասնյակ շարքեր կային, դրանց մեջ՝ Նաիրա Ահարոնյանի՝ մանկական գրքերի բազմաթիվ ձեւավորումներից առնված երկու թերթերը: Մանկական գրականության ձեւավորման արվեստն այսօր առանձնակի քննարկման նյութ է. արտահայտիչ, կենդանի, բնական, չաղարտված կերպավորումների կարիք կա: Ունենք գրքերի ձեւավորման ծանրակշիռ փորձառություն. հիշենք, թեկուզ, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Էդուարդ Իսաբեկյանի թողած թանկ ժառանգությունը, յուրաքանչյուրը՝ մի-մի դպրոց, որոնց շարունակողների եւ զարգացնողների սերնդի աճն ու զարգացումն օրվա հրամայականներից է: Նաիրան ունի իր ուրույն նկարելաոճը, մանկական գրականության կերպարների մեկնաբանման իր լուծումները, թեեւ, որպես նկարչուհի, կարող է ներկայանալ նաեւ ակադեմիական արվեստի՝ իր վաղեմի գործերով. ժամանակ է պետք այդ վերադարձի համար, եւ ես սպասում եմ դրան:
Եվս մի երիտասարդ նկարչուհի՝ Մարիամ Գալստյանը, իր յուրատիպ ինքնադիմանկարների շարքից մի գործ էր ներկայացրել. մի ամբողջ ցուցահանդես կարող է կազմակերպել այդ ինքնադիմանկարներով. կինն է՝ առանց սիրունացնելու միտման, տարբեր տրամադրությունների արտահայտություն, թվացյալ պարզունակ լուծումներով, ոնց թվացյալ կոպտավուն, բայց եւ զարմանալի՝ նյութերի անսպասելի ընտրությամբ են կառուցված Մարտիրոս Բադալյանի ինքնադիմանկարները՝ փայտ, մետաղ, կտորե գործվածք, ամեն տեսակ թափոն եւ այլն: Բայց կերպարներ է, որ ստեղծում է, եւ միտք է հաղորդում դրանց, որ պակաս կարեւոր չէ:
Հասցնեմ խոսել Հրանտ Թադեւոսյանի, Վանանդ Շիրազի, Հասմիկ Սեւոյանի, Սամվել Մովսիսյանի աբստրահարված կոմպոզիցիաների, Շահեն Ասլանյանի «Գարուն», Վահագն Ավետիսյանի «Վանդակ», Աշխեն Սեւյանի «Զուգահեռ աշխարներ», Ինե Սերգեյանի «Անվերնագիր», Աշոտ Ասատրյանի «Զարթոնք», Արամ Դանիելյանի «Էվոլյուցիա», Արմինե Թումանյանի «Ինտուիցիա», Մարգարիտա Ասատրյանի «Աշնանային կեսօր», Մոկո Խաչատրյանի «Անվերնագիր», Կարլեն Գրիգորյանի «Խաղաղությունը գործողություն է» խորագրումներով խոսուն – խորհրդավոր ձեւա-գունաբաշխումների, Սերվետ Պողոսյանի «Հոգեվիճակ»-ի խառնակ – համաչափումների մասին:
Էդվարդ Վարդանյանի «Կապույտ լուսաբաց»-ը՝ հեթանոս շրջանի նկարաշարերի ոգով, աքլոկանչերով, սրնգահար կնոջ մերկությամբ, որ միաձույլ էր երկնաձույլ հողերին ննջող կերպարից վեր աճող ծառի սաղարթներին: Այդ կապտաթույրից անցում կատարենք հայկական բնաշխարհի արձանագրումներին, գյուղանկարներին: Դրանցից էին Ռաֆայել Ջավախյանի՝ արեւաբեկ – մետաղահունչ – պղձափայլ լեռներով «Ալավերդի»-ն, Արամ Ապարանցի Սարգսյանի խաղաղաբեր «Աշնանային անդորր»-ը, Արմեն Հարությունյան Լոռենցի՝ աշխատանքային եռքով «Լոռվա բնաշխարհը», Սուրեն Սաֆարյանի՝ իրար վրա բլրված վառ պատկերներով «Դեղին ամպը», Խաչատուր Ազիզյանի խիտ-մութ կապույտով եւ այդ կապտությանն ընդգծած վառ – գույն ներկված տանիքներով «Գիշերը Ծաղկաձորում» կտավը: Ապա եւ՝ Սամվել Չիբուխչյանի՝ թարմ կանաչներով, անդորրավետ «Ճամբարակ»-ը, Ավետիք Հարությունյանի՝ լույս թախծությամբ «Աշնան շշուկ»-ը, Գագիկ Աբրահամյանի ճերմակափառ «Առաջին ձյուն»-ը, Շմավոն Շմավոնյանի «Վայոց Ձոր»-ը, Վահագն Գալստյանի «Շորժա»-ն, Սուրեն Ամիրյանի «Աշնանային մեղեդի»-ն, Համլետ Ասատրյանի «Աշնանային Սեւան»-ը, Գարիկ Փրվեյանի «Աշուն»-ը, Արթիի «Մայրամուտ»-ը, Սերգեյ Առուստամյանի «Իմ Արարատը», Հռիփսիմե Գրիգորյանի «Սեւանը ծեգին», Վլադիմիր Սիմոնյանի «Տեսարան Չքնաղ գյուղից», Մարտին Ակողյանի «Սա Հայաստանն է» ստեղծագործությունները եւ էլի մի քանի տասնյակ բնանկարներ: Հայրենի աշխարհի գեղեցկության մասին էր, ավելին՝ Հայաստանի հանդեպ սիրո խոստովանություն էր Սամվել Լաճիկյանի՝ դաշտային բազմանուն ծաղիկներով նատյուրմորտը, որ անվանել էր «Հայաստան»:
Քանդակը ցուցահանդեսում ներկայացված էր շատ ավելի սակավ, սակայն համարյա ողջն էլ հիշատակելու արժանի է՝ Արմենակ Վարդանյանի դրվագաքանդակը, Սպարտակ Գեւորգյանի «Գարուն»-ը, Ալբերտ Ավետիսյանի «Ոտնահետք»-ը, Նարեկ Կնյազյանի «Սերունդներ»-ը, Արմենուհի Հովսեփյանի «Ստվերներ խամաճիկների փողոցում» երկմասված քարե նրբաձեւումը, Բագրատ Բալաբեկյանի «Մենություն»-ը, Կամո Ալոյանի «Թումանյանի աշխարհը», Վարդան Հակոբյանի «Իմաստուն»-ը, Հայկ Հակոբյանի «Ցուլ»-ը, Սարգիս Բաբայանի «Բարձունքում» (Քարայծը) եւ էլի տարբեր հեղինակների հզորամկան ցլարձաններ, զանազան նյութերով ձեւապատկերներ:
Ավարտին՝ Սերգեյ Նարազյանի «Մեր նավը» նկարի մասին: Խռիվ քարուքռա, չորացած, ցածր խոտածածկով անհարթ տարածքում, ուր դատարկության զգացողությունն է տիրում՝ չոր հողին առագաստները հավաքած մի նավ է կանգնած՝ լեփ-լեցուն մարդկանցով: Եվ ջրազուրկ հողերին նրանք ապրում են խաբկանքով, թե առաջ են լողում, կամ թե ջանում են դեպի ծով հասնել եւ շարժուձեւով ուղղություն են ցույց տալիս, ամեն մեկը՝ ձեռքերը մի կողմ մեկնած… Գաղափարն է ինձ ցնցում: Որքա՜ն բնորոշ է հաղորդվել հայ իրականությունը, որքա՜ն տիպական է հողում խրված մեր նավ – տապանում ամբոխվածների խռով բազմաձայնությունն ու անհամաձայնությունը մեկմեկու հետ: Արվեստագետը ոչ միայն իր ժամանակի արձանագրողն է, այլ նաեւ ճշմարտությունը բարձրաձայնողը: Եվ եթե այս ցուցահանդեսում շատերն ապավինում էին բնության անդորրին, վերացական անրջանքներին, գտնում «հեռու մի անկյուն»՝ գեղեցկի մասին պատումներ հյուսելու, ապա այս գործն ուղղակիորեն ասում էր՝ անծին հողերի թվացյալ տեղատվությունների եւ մակընթացությունների մեջ միակամ ուժ է պետք, կռիվ՝ մեր նավը տեղից շարժելու համար:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ