«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է, որ Հայաստանում տնտեսությունը ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց է ապրում, իսկ տնտեսական աճի մասին վիճակագրական տվյալները, ըստ նրա, վերլուծված չեն ու չեն արտացոլում տնտեսության իրական վիճակը:
Երեկ «Նոյյան տապան» ակումբում Բաբկեն Պիպոյանը նշեց, որ օրենսդրական դաշտում ունենք մարմիններ, որոնք շարունակական թանկացումների պատճառները վերահսկելու համար են, սակայն այս մարմիններն իրականում չեն իրականացնում իրենց ճիշտ գործառույթները:
Բաբկեն Պիպոյանը փաստում է, որ Հայաստանում կարիք կա նաեւ լաբորատոր հագեցածության, քանի որ այսօրվա դրությամբ անգամ հնարավոր չէ որեւէ կերպ տարբերակել տեղական լոլիկը թուրքականից: Եվ չունենալով հանդերձ լաբորատոր բավարար պայմաններ, ըստ բանախոսի, ասում են, թե ունեն եվրոպական չափորոշիչներին համապատասխան ապրանքներ:
Իսկ շարունակական թանկացումները Բաբկեն Պիպոյանը չի կապում միայն մենաշնորհների հետ: Օրինակ` կաթնամթերքի թանկացումը պայմանավորված չէ մենաշնորհներով: Ըստ նրա` թանկացումների պատճառներից մեկն էլ կամքի ու պրոֆեսիոնալիզմի պակասն է:
Բանախոսը կարծում է, որ գները վերահսկելու համար պետք է ստեղծվի իրական հանձնաժողով, որը գոյություն ունենա ոչ թե զուտ գոյություն ունենալու, այլ իսկապես աշխատելու համար. «Իսկ հիմա մնում է միայն հույսը դնենք հանրային վերահսկողության վրա»: