ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ պգդ, պրոֆեսոր
Օրերս իր ելույթներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահայտեց այն միտքը, թե մենք 500 տարի պետականություն չենք ունեցել եւ հետեւաբար պետականության գաղափարը մեզ համար խորդ է ու մենք ազգովին չենք սիրում այն: Այնուհետեւ զարգացվում էր այն ոչ ճիշտ տեսակետը, որ իբր տեւական ժամանակ պետական կառուցվածք չենք ունեցել, դրա համար էլ սովոր ենք բռնության: Սակայն հանրահայտ ճշմարտություն է, որ բռնության երեւույթները պետականության գոյության կամ չլինելու հետ կապելը սխալ է. սովորաբար բռնությունն անձով է պայմանավորված, եւ պետական կառուցվածքի հետ որեւէ կապ չունի: Ավելին, ասել, որ մեր հանրապետության քաղաքացիները պետական կարգը չեն պահպանում, քանի որ պետականություն չենք ունեցելՙ ճիշտ չէ:
Պատմաբանիս դիրքերից կարող եմ վկայել ու բազմաթիվ փաստեր վկայակոչել, որ նույնիսկ ամենադժվարին ու մռայլ միջնադարում, երբ հայ ժողովուրդը կռվախնձոր էր դարձել հզոր հարեւանների համար, երբ շարունակական պատերազմները մոխրակույտերի էին վերածում հայոց ծաղկուն շեները, երբ ամնեուր արյուն էր ու ավեր, երբ տեւական ժամանակ ժողովուրդը հեծում էր օտար բռնատիրությունների ճիրաններում, սակայն երբեք չկորցրեց հավատը լուսավոր ապագայի նկատմամբ եւ մշտապես հոգու խորքում անթեղված պահեց սեփական պետականությունը կերտելու հավատը: Եվ ամեն անգամ բավական էր փոքրիկ հույսի առկայծում, թեկուզ երազելու հնարավորություն, հայ մարդն իսկույն լծվում էր իր պետականությունը կերտելու ազգանվեր գործին:
Չի կարելի ասել, որ մենք 500 տարի պետական կառուցվածք չենք ունեցել: Նախ` պետականության գաղափարն ու հույսը եղել են հայ մարդու մշտական ուղեկիցը, հետո էլ` մենք պետականության դրսեւորումներ ենք ունեցել հանձինսՙ Հայ եկեղեցու, մելիքությունների, իշխանական տների: Մինչեւ 1420 թվականը իշխանական մնացորդները պահպանվել են նաեւ Կիլիկյան Հայաստանի լեռնային շրջաններում: Իհարկե, դրանից հետո օտարի տիրապետության տակ ենք եղել, բայց նույնիսկ այդ տարիներին մենք պետական առանձին միավորումները պահպանել ենքՙ իշխանապետությունների ձեւով (օրինակ` Սասունն ու Զեյթունը կիսաանկախ կարգավիճակ ունեին ընդհուպ XIX դարի կեսերը): Կամ` պետականության գաղափարի առկայություն չէին, ապա ինչ էին «Որոգայթ փառաց» ու «Տետրակ, որ կոչի յորդորակ» ծրագրային փաստաթղթերը, որոնք ոչ ավել ոչ պակաս ապագա հայկական հանրապետության սահմանադրության եւ այն իրականացնելուն ուղղված կոչ-հորդոր էին: Կամ արդյոք պետականության կերտման պատմական ծրագրեր չէին Իսրայել Օրու «Պֆալցյան» եւ «Մոսկովյան» նախագծերն ու դրանք իրականացնելուն ուղղված նրա ջանքերը:
Զարմանալ կարելի, երբ հայ մարդը կարող է անտեսել Հայկական մարզի գոյության փաստը, որը սեփական պետականության կերտման ճանապարհին կարեւոր հանգրվաններից էր: Այլ խնդիր է, որ այն կարճ կյանք ունեցավ, բայց բոլորովին էլ պատահական չէր, որ դրա վերացումից հետո ռուս ցարերի պատվատիտղոսներում պարտադիր հիշատակվում էր նաեւ «թագավոր աշխահի Հայոց»-ը: Իսկ ֆիդայական կռիվը, որին զոհ գնաց ազգի ծաղիկ երիտասարդության մեծ մասը, հանուն ազատության ու սեփական պետականությունը կերտելու պայքար չէր, ապա ի՞նչ էր: Ի վերջո` եթե պահպանված ու սերնդեսերունդ փոխանցված չլիներ պետականության գաղափարը, ապա ինչպես, որտեղից ծնվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը: Պատմությանը փոքր իսկ տեղյակ յուրաքնչյուր հայ մարդ անթաքույց հպարտություն է ապրում այն իրողությունից, թե ինչպես 1918 թ. մայիսին կերտվեց հանրապետություն: Ընդ որում այնպիսին, որի ժամանակ, այսինքն` 1918-1920 թթ., մենք ստեղծեցինք պետական բոլոր ինստիտուտներըՙ եւ պառլամենտ, եւ գործադիր, եւ օրենսդիր իշխանություն, այսինքն` ունեցանք այնպիսի կատարյալ պետական կարգ, որին կնախանձեին դարերով պետականություն ունեցող շատ ժողովուրդներ: Նույնիսկ այդ դժնդակ պայմաններում, սովի, համաճարակի ու հազարավոր անօթեւան գաղթականների առկայությամբ հստակ գործում էին երկրի Խորհրդարանը, գործադիր իշխանությունը եւ դատաիրավական համակարգը, օրեցօր կատարելագործվում էր օրենսդրությունը: Այս ամենից հետո ասել, որ եղել է, թե մենք ավելի քան 500 տարի եւ ավել պետականություն չենք ունեցել եւ պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրիշների կողմից պարտադրված, կարծում եմ ոչ միայն ճիշտ չի, այլեւս ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացներին, որոնք շնչակտուր վայրահաչում են, թե իբր հայերն ընդամենը գնչուների նման թափառական, անտուն ու անհայրենիք հանրույթ են եղել:
Անկասկած, մենք պետական կառուցվածքով հանրապետություն էինք, այլապես չէինք կարող միութենական հանրապետության կարգավիճակով ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնել եւ ոչ էլ մեզ կհամարեին առանձին հանրապետություն, եւ մեզ հետ հաշվի կնստեին: Հետո էլ պետք չէ մոռանալ, որ դրանից հետո էլ ըստ էության որպես պետական միավորՙ Խորհրդային Հայաստանի հանրապետությունն էր հանդես գալիս, ուներ պետականության բոլոր կարեւոր ատրիբուտները` դրոշը, հիմնը, զինանշանը: Վերջապես ներկայիս Հանրապետությունը եղավ հենց այդ ՀԽՍՀ-ի ժառանգորդը, հենց այդ անկախ ու ազատ պետականության գաղափարը դարձավ այն հոգեկերտվածքի հիմքը, որը փայլուն հաղթանակ ապահովեց Արցախյան ազատագրական պայքարում:
Մեր պետության հարգարժան ղեկավարը կարծում եմ չպետք է աչքաթող անի այն կարեւոր իրողությունը, որ հենց այդ պետականության գործոնի կրող նույն ժողովուրդը հեղափոխություն արեց եւ իրեն բերեց իշխանության: Որ հենց այդ հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, թե դա ժողովրդի իշխանությունն է, իսկ այսօր, այս օրհասական պահին` մեղադրվում «պետականություն, կարգ ու կանոն չսիրող» այդ նույն ժողովուրդը: Որ հասարակությունը երկփեղկվել է սեւերի ու սպիտակների, որ հատկապես սոցցանցերում կողմերն անզիջում, իսկ երբեմն էլ շրջանցելով կոռեկտության բոլոր սահմաններըՙ հոշոտում են միմյանց, շատ տգեղ է, բայց գուցե քաղաքագիտական տեխնոլոգիա է` բաժանվածներին ավելի հեշտ է կառավարել: Իսկ այ, պատմագիտական դաշտում, հարգելի ղեկավարներ, պետք չէ անցնել թույլատրելի Ռուբիկոնը եւ թույլ տալ պատմագիտական կոպիտ վրիպումներ: Չմոռանանք, որ մեր գրածներն ու ասածները հասանելի են նաեւ մեր թշնամիներին: Այնպես որ, հայ ժողովուրդն իր գոյության մի քանի հազարամյա պատմության ընթացքում եղել պետականության գաղափարի կրողն ու միշտ պայքարել է դրա համար:
17.06.2020