Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ լրագրողական ոճով ինչ-որ ձևակերպում է անում, ինչը, սակայն, որևէ կերպ չի փոխում իրականությունը. իրականությունը հնարավոր չէ բառերով փոխել՝ ինչ մեկնաբանություն էլ տալու լինես։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի արած այն արտահայտությանը, որ 2019 թվականի մայիսի 20-ին «մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար, բայց պետք է արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն»։
«Երևույթները բառերով չես կարող փոխել. արձանագրված փաստն այն է, որ 2019 թվականի մայիսի 20-ից սկսած՝ մեկնարկեց ՀՀ դատական իշխանության գահավիժումը, որը շարունակվում է մինչ օրս, և կասկածից վեր է, որ ինչ-որ պահի դրան իրավական արձագանք տրվելու է։
Այսօր դեռ դրա ժամանակը չէ. իրավապահ համակարգն ամբողջությամբ իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո է, բայց այս երևույթները մի օր արժանանալու են իրավական գնահատականի։ Որքան էլ լրագրողական ոճով օգտագործվեն մակդիրներ, համեմատություններ և խոսքի պատկերավորման այլ միջոցներ, դրանցով իրականությունը փոխել հնարավոր չի լինելու»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարության երկրորդ հատվածին, որտեղ վերջինս նշում է, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, մեր զրուցակիցը նկատեց՝ անձամբ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների ոճը սուտը չէ, այլ կիսաճշմարտությունը։
«Բոլոր մտքերում միշտ մի փոքր ճշմարտության բաղադրիչ առկա է լինում։ Իհարկե, արդարադատության վիճակը Հայաստանում լավը չէ, բայց այս արտահայտությունը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում, որովհետև թույլ չի տալիս գնահատել, թե դինամիկան ինչպիսին է։
Իսկ մինչև 2018-2019 թվականնները, երբ դեռ գործող իշխանությունների ձեռքերը չէին հասնում դատական իշխանությանը, Հայաստանում եղել է դրական դինամիկա։ 2019 թվականից հետո սկսվել է բացասական դինամիկա։ ՀՀ անկախության առաջին իսկ օրից շատ դանդաղ սկսվել է դատական իշխանության ամրապնդման գործընթացը, որը տևել է երկուսուկես տասնամյակ։ Գործընթացի գագաթնակետը երևի եղել է 2017-2019 թվականները։
Հայ ժողովրդի պատմության մեջ այդպիսի մակարդակի դատական իշխանություն երբևէ չի եղել. խոսքը վերաբերում է կադրերի որակին, փաստաբանների կողմից դատական իշխանության անկախության ընկալմանը և այլն։
Մի բան է, երբ դու չեղած տեղից ինչ-որ համակարգ ես «սարքում» և օր օրի լուծում առկա խնդիրները (այդ դեպքում էլ են արդարադատության դռները ոչ ամբողջությամբ բաց), նույն կերպ, երբ արդեն իսկ սարքածը քանդում ես։ Այսինքն՝ այդ արտահայտությունն իր մեջ մանիպուլյատիվ էլեմենտ է պարունակում, որն այն է, որ ի տարբերություն ՀՀ նախորդ ղեկավարների՝ Փաշինյանը միակ ղեկավարն է, որը ոչ թե բարելավեց դատական իշխանությունը, այլ սկսեց այն քանդել․՝ ընդհուպ մինչև սեփական թիմակցին դատական իշխանության ղեկավար նշանակելը և դաստավորների նկատմամբ ռեպրեսիաներ սկսելը»,- նշեց Մելիքյանը։