Բենժամեն Գաբրիել Ժան Վարոնյանը ծնվել է 1980-ին, Նիցցայում (Ֆրանսիա): 1998 թվականի Եվրոպայի մարմնամարզության Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալՙ մարզաձողի եւ թիմային մրցումներում: Վարոնյանը մասնակցել է 2000-ի ամառային Օլիմպիադային եւ մարզաձողի վրա կատարվող վարժությունների կատեգորիայում նվաճել է արծաթե մեդալՙ մեկ այլ ֆրանսիացի մարզիկիՙ Էրիկ Պուժադենի հետ դառնալով պատմության մեջ առաջին ֆրանսիացի մարզիկները, որոնք մեդալակիր են դարձել բոյկոտի չենթարկված օլիմպիական խաղերում: Այս հաջողությունից հետո Բենժամենը որոշ ժամանակ հեռացել է սպորտից, բայց որոշել է վերադառնալ մարմնամարզության աշխարհը` դառնալով ակրոբատ: Նա մարզվել է կրկեսային աշխատանքի համարՙ մասնակցելով դերասանական, պարի եւ երաժշտական հատուկ դասընթացների: Մինչեւ աշխարհում համավարակի հռչակումըՙ Բենժամենը որպես կրկեսային ակրոբատ աշխատում էր Չինաստանում…
-Բենժամեն, առաջին անգամ ես քո մասին իմացա ռուսական հեռուստատեսությունիցՙ Սիդնեյի 2000 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ: Ռուս մեկնաբանը նշեց, որ դու Ֆրանսիայից ես, բայց նախնիներդ եղել են Հայաստանից: Տեղյա՞կ ես, թե որտեղից են սերում քո հայկական արմատները:
-Այո, ես Ֆրանսիայից եմՙ որոշ հայկական ծագմամբ: Պապիկս Երկրորդ աշխարհամարտի տարիներին եկել է Ֆրանսիա եւ ամուսնացել է տատիկիս հետ, որը պահել է նրա անունը: Դժբախտաբար, երբեք չեմ հանդիպել պապիկիս, ուստի մենք ընտանիքում երբեք հայկական ավանդույթներ չենք ունեցել: Ինձ հետ կապվել են նրա ընտանիքի մի քանի այլ անդամներ, պապիկիս եղբայրը, որն ապրում է Մարսելում: Ես որոշ հետազոտություն եմ կատարել եւ պարզել եմ, որ մենք ծագումով Երեւանից ենք: Շատերն են ինձ հարցնում իմ ծագման մասին, ինչը պատճառ է դառնում, որ բացահայտեմ հայ ժողովրդին, նրա մշակույթն ու ավանդույթները: Եվ ես հիմա այնքան հպարտ եմ իմ անունով: Ես շատ հաճախ եմ ճանապարհորդում, ու երբ մարդիկ ինձ հարցնում են, թե որտեղից եմ, պատասխանում եմ, որ ես հայ եմ Ֆրանսիայից:
-Դու մարզակա՞ն ընտանիքից ես:
-Ես մարզական ընտանիքից չեմ, մայրս էլ մենակ է մեծացրել ինձ: Նա բուժքույր էր, աշխատում էր գիշերները: Ես բավականին անհանգիստ տղա էի, եւ սպորտով զբաղվելը նպաստեց, որ ես վարժվեցի կարգապահության ու լավ արժեքների, նաեւ սպառում էի իմ ողջ էներգիան:
-Վերադառնալով Սիդնեյի օլիմպիական խաղերինՙ լավ հիշում եմ քո գերազանց կատարումը, որը քեզ արժանացրեց արծաթե մեդալի մարզաձողի վարժություններում: Ի՞նչ ազդեցություն ունեցավ այն քո կյանքի եւ կարիերայի վրա:
-Դե, օլիմպիական մեդալի ազդեցությունը միանշանակ փոխում է կյանքդ: Ֆրանսիական սպորտում իմ կատեգորիայում առաջին անգամ էր, որ ահա մի այդպիսի անսպասելի երիտասարդ նման ելույթ է ունեցել: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել հանդիպելու օլիմպիական խաղերի այլ չեմպիոնների, որոնք օգնում են տարբեր կերպ տեսնել կյանքը: Նրանց հետ կատարված փորձի փոխանակումն օգնում է աճել եւ հասունանալ: Ինձ համար այնքան ոգեշնչող էրՙ այդպիսի տաղանդներով շրջապատված լինելը:
-Այժմ որպես ակրոբատ աշխատում ես «չինական Լաս Վեգասում»ՙ Մակաոյում, ելույթ ունենալով «Արեւի կրկես» շոուում: Մարմնամարզիկների մեջ տարածվա՞ծ է կրկեսային աշխարհ տեղափոխվելը:
-Այո, մեզ համար սովորական է մարզական կարիերայի ավարտից հետո կրկես տեղափոխվելը, բայց սկզբում ես ընտրեցի այլ ուղի: Ես յոթ տարի աշխատում էի անշարժ գույքի գործակալությունում` որոշակի պաշտոններ զբաղեցնելով, ընդհուպ տնօրենի: Բայց, գիտեք, որոշ ժամանակ անց շատ ծանր էի տանում այն փաստը, որ այլեւս մարմնամարզությամբ չեմ զբաղվում: Ուստի որոշեցի փոխել իմ կյանքը եւ նորից մարտահրավեր նետեցի ինձ: Մի քանի ամսվա ծանր մարզումներից հետո գնացի լսումների ու հաջողություն ունեցա: Կարծում եմՙ երբ հասնում ես քո երազանքներին եւ ունես փորձ ու հմտություններ, գիտես, թե ինչպես կարելի է շատ աշխատելՙ հաջողության հասնելու համար:
-Ինչպե՞ս ես ապրում Չինաստանում:
-Կյանքը լավ է Չինաստանում, Մակաոն եւ Հոնկոնգն իսկապես տարբերվում են մայրցամաքային Չինաստանից: Այն ինձ նաեւ հնարավորություն տվեց բազմիցս ճանապարհորդել ողջ Ասիայով մեկ, ծանոթանալ տարբեր մշակույթների եւ կրոնների: Անցյալ տարի որոշ ժամանակ անցկացրինք Կանադայում եւ Նյու Յորքում, որտեղ ելույթներ ունեցանք, հանդես եկանք «Առյուծ արքայի» նոր բեմադրության մեջ:
-Որտե՞ղ եւ ինչպե՞ս ես անցկացնում բոլորիս համար այս անհանգիստ ժամանակաշրջանը: Կրկեսի արտիստների համար պիտի որ դժվար լինի իր խմբակիցների հետ չմարզվելը, ճի՞շտ է:
-Համավարակից առաջ վերադարձա Ֆրանսիաՙ ընտանիքիս հետ մի փոքր ավելի ժամանակ անցկացնելու: Մայրս տարիքն առնում է, եւ ես պետք է նրա կողքին ավելի շատ լինեմ, քան երբեւէ: Ես մինչեւ հիմա Ֆրանսիայում եմ: Իրականում շատ ծանր ժամանակ է բոլոր կրկեսային արտիստների համար: Ամեն բան քեզ մոտ տարածության վրա է գտնվում, ու մենք չենք կարող մարզվել որեւիցե սարքավորման վրա: Բազմաթիվ ներկայացումներ փակվել են եւ երբեք չեն բացվելու: Փորձում եմ մարմինս պահել լավ մարզավիճակում, որպեսզի պատրաստ լինեմ ավելի լավ ժամանակների համար: Բայց հիմա գաղափար չունեմ, թե ինչպիսին կլինի ապագան… Իրականում, ոչ ոք գաղափար չունի…