Լեւոն Արոնյանը կմասնակցի 2014-ի հունվարի 29-ից փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք շախմատի խոշոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը, շախմատային թագի հավակնորդ Մագնուս Կառլսենը, նախորդ մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան եւ Բորիս Գելֆանդը: Այս պահի դրությամբ մրցաշարի մասնակիցների միջին վարկանիշը 2794 է, ինչը շախմատի պատմության մեջ ամենաբարձրն է:
Մինչեւ մրցաշարի մեկնարկը մասնակիցներն ուժերը կչափեն կայծակնային խաղում, որում գրաված տեղերը նրանց համար մեկնարկային համարներ կդառնան: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվելիք մրցաշարի առաջին շրջանում կգործի դասական ժամանակաչափը: Ընդ որում հաղթանակի համար շախմատիստներին կտրվի 2 միավոր, ոչ-ոքին կգնահատվի 1 միավոր: 2-րդ շրջանը կանցկացվի մեկ օրում, որում մրցակիցները կմրցեն արագ շախմատի կանոններով: Այդ մրցումներում հաղթանակի համար շախմատիստները կստանան 1 միավոր, ոչ-ոքիի համարՙ 0,5 միավոր:
Մրցաշարի գլխավոր հովանավորը ռուսաստանցի գործարար Օլեգ Սկվորցովն է, որին կաջակցի Ցյուրիխի շախմատային հնագույն ակումբը: