Որոշ ընդմիջումից հետո, որի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը ընտրական 2 հանդիպում անցկացրեց Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ, վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 5-րդ տուրն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Խփվեց ընթացիկ առաջնության համար ռեկորդայինՙ 19 գոլ: Դրանցից 11-ը գրանցվեց Կապանում, որտեղ «Գանձասարը» 9-2 հաշվով պարզապես ջախջախեց բարձրագույն խմբի նորեկ Մարտունու «Ալաշկերտին»: Առաջին խաղակեսում հյուրերը քիչ թե շատ դիմադրեցին մրցակցինՙ հանգստի գնալով 1-3 հաշվով: Իսկ ընդմիջումից հետո գնդակները հյուրերի դարպասում հայտնվեցին ինչպես առատության եղջյուրից: Կապանցիներից արդյունավետ խաղով աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանըՙ դառնալով ընթացիկ առաջնությունում գրանցված առաջին հեթ տրիկի հեղինակ: Գոլերից մեկը նա խփեց 11 մ հարվածով: Մեկական անգամ մրցակցի դարպասը գրավեցին Սամվել Մելքոնյանը, Շոթա Ջիքիան, Գորան Օբրադովիչը, Արթուր Բարսեղյանը, Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը: «Ալաշկերտից» գոլերի հեղինակներ դարձան Միհրան Մանասյանը (11 մ) եւ Վարդան Պետրոսյանը:
«Գանձասարը» ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Մինչ այդ թիմի համար ամենախոշորը 2011-ին «Արարատի» նկատմամբ 5-0 հաշվով տարած հաղթանակն էր:
Հարկ է նշել, որ վերջին անգամ առաջնությունում մեկ խաղում 10 եւ ավելի գոլ էր գրանցվել 2006-ին, երբ «Փյունիկը» 12-1 հաշվով ջախջախել էր «Կիլիկիային»: Իսկ ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1992-ին «Արարատ»-«Աղթամար» խաղումՙ 18-0: Այդ գոլերից 8-ի հեղինակն արարատցի Վահե Յաղմուրյանն էր, որի ցուցանիշը մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել:
Ի տարբերություն Կապանի, Երեւանում կայացած «Միկա»-«Բանանց» խաղում ֆուտբոլասերներն այդպես էլ գոլի ականատես չդարձան:
Գոլառատ էր նաեւ «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումը: Թվում էր, թե առաջնության առաջատարներից մեկըՙ փյունիկցիները հեշտությամբ կհաղթեն հետնապահին, սակայն մեծ դժվարությամբ խուսափեցին պարտությունից: Ճիշտ է, առաջինը հաջողության հասավ «Փյունիկը», որի կազմում աչքի ընկավ պաշտպան Վարազդատ Հարոյանը: Սակայն մինչեւ ընդմիջման գնալը Արտավազդ Բոյաջյանն ու Վիգեն Ավետիսյանն առաջ մղեցին «Ուլիսին»: Ընդմիջումից անմիջապես հետո Արտավազդ Բոյաջյանը 3-րդ անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը: Վերջինիս մեծ ջանքերի գնով հաջողվեց խուսափել պարտությունից: Նախ Դավիթ Զաքարյանը կրճատեց հաշիվը, ապա խաղավերջում թիմի ավագ Դավիթ Մանոյանը հստակ իրացրեց 11 մ հարվածըՙ 3-3:
Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Գյումրիում «Շիրակի» եւ «Արարատի» մրցավեճը: 2 թիմերն էլ հաջող են հանդես գալիս ու հաղթանակի դեպքում կարող էին գլխավորել աղյուսակը: Առաջին խաղակեսի ավարտին հաշիվը բացեց արարատցի Գեւորգ Նռանյանը: 2-րդ խաղակեսի սկզբում Անդրանիկ Բարիկյանը վերականգնեց հավասարակշռությունը: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 5 | 2 | 3 | 0 | 12-9 | 9 |
2. Միկա | 5 | 2 | 3 | 0 | 5-3 | 9 |
3. Շիրակ | 5 | 2 | 2 | 1 | 9-6 | 8 |
4. Արարատ | 5 | 2 | 2 | 1 | 5-4 | 8 |
5. Գանձասար | 5 | 2 | 1 | 2 | 17-11 | 7 |
6. Բանանց | 5 | 1 | 3 | 1 | 5-5 | 6 |
7. Ուլիս | 5 | 0 | 2 | 3 | 5-10 | 2 |
8. Ալաշկերտ | 5 | 0 | 2 | 3 | 6-16 | 2 |
Ռմբարկուները
Արտակ Դաշյան | «Գանձասար» | 6 |
Նարեկ Բեգլարյան | «Գանձասար» | 4 |
Սերժ Դեբլե | «Շիրակ» | 3 |
Անդրանիկ Բարիկյան | «Շիրակ» | 3 |
Դավիթ Մանոյան | «Փյունիկ» | 3 |