Փաստորեն հիմա Հայաստանում կա ընդհանուր առմամբ չորս ուժ: Առաջինը իշխանությունը, որի մեջ բնականաբար մտնում է նաեւ ոստիկանը, որը, ինչպես վարչապետ Փաշինյանն է պահանջում, պետք է գործի դուխով, բայց օրինական, ընդ որում, այստեղ շատ կարեւոր է բայց բառը: Երկրորդը նրանք, որոնք պահանջում են իշխանության անհապաղ կամ ոչ այնքան անհապաղ հրաժարականը: Երրորդը Պողոսըՙ որպես Հայաստանիՙ շատ բան չհասկացող քաղաքացիների ընդհանրական կերպար, եւ վերջապես կորոնավիրուսը, ինչը, անկեղծ լինելու համար նկատեմ, որ ամբողջ աշխարհում է ուժ, եւ ուրեմն դրա դեմ առնելու համար ոչ այնքան ազգային, որքան միջազգային ջանքեր են պետք, եւ կամ ոչ թե 3 միլիոն, այլ 7 միլիարդ դիմակ:
Հիմա ի՞նչ է անում իշխանությունը: Նկատի չունեմՙ կոռուպցիայի դեմ սկզբունքային եւ առաջնահերթ պայքարը, Արցախ տանող երրորդ ճանապարհի կառուցումը եւ վերջապես կորոնավիրուսի դեմ մղվող անհավասար պատերազմը, առհասարակ, ընդհանուր առմամբ, մեծ հաշվով: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ երկար մնա իշխանություն, ընդ որում, եթե Փաշինյանի փոխարեն լիներ մեկ այլ յան, իսկ Հայաստանի փոխարենՙ բոլորովին ուրիշ ստան, միեւնույն է, իշխանությունն ամեն ինչ անելու էր, որ երկար մնա իշխանություն: Իսկ սրա համար իշխանությանը խիստ անհրաժեշտ է Պողոսը, որը խանգարում է նրանց, որոնք պահանջում են իշխանությունից անհապաղ կամ ոչ շատ անհապաղ հրաժարական տալ: Ի դեպ, նրանք ի՞նչ են անում: Դժվար չէ հասկանալ, որ նրանք էլ ամեն ինչ են անում, որ իրենք լինեն իշխանություն, քանի որ գործող իշխանության հրաժարականը պահանջում են բացառապես նրանք, որոնք ուզում են իրենք լինել գործող իշխանություն եւ էլի կապ չունի ովքեր են նրանք ու որ երկրում են ապրում: Պողոսը նրանց խանգարում է, քանի որ Պողոսը հրաման կատարող է, իսկ հրաման տալ կարող է միայն իշխանությունը: Բայց Պողոսը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. նա շատ արագ է ուրիշի ազդեցության տակ ընկնում, ու հենց այստեղ է, որ Պողոսը օրվա իշխանության վահանից կարող է դառնալ վաղվա իշխանության սուր: Ավելին, արդեն գալով իշխանության, նորերը կամ նախկինները, որոնք նորերն են, շարունակելու են հենվել Պողոսի վրա, եւ ուրեմն Պողոսը երկրի միակ կայուն ուժն է, միշտ պահանջարկ ունեցող: Ընդ որում, Հայաստանի պարագայում Պողոսն առավել սարսափելի է, քանի որ ի տարբերություն օրինակ Իտալիայի կամ Չինաստանի, Պողոս կատեգորիայի տակ իրենց հով տեղն են գտել Հայաստանի Հանրապետության շատ մեծ թվով քաղաքացիներ:
Ուրեմն ինչպե՞ս հաղթահարել այս փակուղին: Քանի որ ոչ մի երկրում ոչ մի սարսափելի բան չի լինումՙ առանց Պողոսի, առաջարկում եմ Պողոսին հռչակել ազգի թշնամի ու հաղթել նրան: Բայց ոչ թե նրան սպանելու համար, կամ նրան հայհոյելու նպատակով, այլ քնեցնելու եւ չեզոքացնելու միջոցով: Ինչպե՞ս, շատ պարզ: Բանն այն է, որ Պողոսն ու մշակույթը անհամատեղելի են: Այսինքն եթե հեռուստատեսությամբ, մամուլում, մարդիկ ոչ թե հայհոյեն իրար, այլ գրքից ու ֆիլմից խոսեն, բայց նախ գրքեր գրվեն ու ֆիլմեր նկարվեն, եթե կոմպոզիտորներն ու գիտնականները ոչ թե պատգամավորի մանդատի ձգտեն, այլ դեպի Լուսին, եթե նկարիչները ամեն օր հեղափոխություն անեն, բայց ոչ թե գունավոր, այլ գույներով, եթե քանդակագործները ոչ թե այս կամ այն մարդուն քանդակեն, այլ գեղեցիկը, ու այս վերածննդին ավելի շատ մարդ տեղյակ լինի, քան այս կամ այն դղյակի սեփականատիրոջ փողերին ու թաքուն նամակներին, ապա Պողոսը ձանձրույթից կքնի, իսկ երբ զարթնի ու նորից մշակույթ տեսնի, կչեզոքանա: Արդյունքում կունենանք բազմաթիվ գրքեր (ֆիլմեր, նկարներ,…) եւ ոչ մի Պողոս… Իսկ երկրում որքան քիչ է լինում Պողոսը, այնքան շատ է լինում մտածող քաղաքացին ու այնքան լավ է նա իրեն զգում:
Եւ ուրեմն, եթե դուք տեսնում եք իշխանություն, որը չի նպաստում մշակույթի ստեղծմանն ու չի արժեւորում այն, փոխարենն ամեն ինչ անում էՙ երկար իշխանության մնալու համար, եթե դուք տեսնում եք ընդդիմություն, որը եւս ոչինչ չի անումՙ հանուն Մշակույթի, փոխարենը ամեն ինչ անում է, որ ինքը լինի Պողոսի տերը, ապա մոռացեք զարգացած երկիր ունենալու մասին, քանի որ զարգացած երկիրը նախ եւ առաջ մտածող քաղաքացին է:
Բայց ես միամիտ չեմ, քանի որ գիտեմ, որ Հայաստանում երկու ուժ կա, որոնք չեն կարող սա թույլ տալ, քանի որ նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ մտածող ու ազատ քաղաքացին: Մեկըՙ օրվա իշխանությունը (անկախ նրանից, թե ով է), մյուսը օրվա իշխանության անհապաղ կամ ոչ անհապաղ հրաժարականը պահանջողները (անկախ նրանից, թե ովքեր են): Տարօրինակ է, բայց նույնիսկ կորոնավիրուսը խոչընդոտ չէ Մշակույթին, իսկ Մշակույթը, խնդրում եմ հիշեք, Պողոսի քնաբերն է, իսկ Պողոսը, սա էլ չմոռանաք, մեր թշնամին է: