Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր, առանձին վերցրած, հազիվ թե կարողանան Հայաստանի սպառազինման առումով այլընտրանք լինել։ Այսինքն՝ այդ ոլորտում Հայաստանը պետք է կատարի առաջին քայլը՝ դիվերսիֆիկացնի իր սպառազինության մատակարարներին, որպեսզի որևէ մեկից կախվածություն չունենա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Այս առումով Հայաստանը ճիշտ ճանապարհ է ընտրել։ Իհարկե, սպառազինության հարցում մեր երկիրը պետք է շատ զգույշ լինի, որովհետև կոնկրետ անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ-ում է գտնվում։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և չկշռադատված գործելաոճը կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Փոթիի նավահանգստում ենթադրաբար Հայաստանի համար նախատեսված ֆրանսիական զրահատեխնիկայի լուսանկարներին՝ Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ անհասկանալի էր, թե ինչու այդ թեմայի շուրջ աղմուկ բարձրացվեց։
«Այդ զինատեսակները, դեռ Հայաստան չհասած, արդեն լուսնկարներ հրապարակվեցին՝առավել ևս, որ խոսքը փոքր, կարելի է ասել՝ խորհրդանշական խմբաքանակի մասին է։ Իր պաշտպանունակությունը վերականգնելու համար Հայաստանը նման տեմպերով շատ երկար ժամանակ պետք է ծախսի։
Ինչ վերաբերում է ֆրանսիական զրահատեխնիկայի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, ապա Բաքվի կոշտ արձագանքի պատճառն այն չէ, որ Ադրբեջանը մտահոգված է Հայաստան սպառազինության ներկրմամբ։ Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ձգտում է ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի, որովհետև միայն կապիտուլյացիայի դեպքում է, որ հաղթող կողմն իրեն իրավունք է վերապահում խառնվել որևէ երկրի բանակի վերականգնման հարցերին և հարաբերություններին այլ երկրի հետ։
Ադրբեջանի այդ նյարդային արձագանքը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունների մատնանշած խաղաղության դարաշրջանը փուչիկ է, որովհետև Ադրբեջանն այդ գաղափարը բոլորովին այլ կերպ է պատկերացնում»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ X սոցիալական ցանցում տարածվել են վրացական Փոթի նավահանգստից արտահոսած լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, որ ավելի քան 20 ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներ են բեռնաթափվում։ Դրանք, ենթադրաբար, պետք է փոխադրվեն Հայաստան։
APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը ևս X-ի իր միկրոբլոգում կիսվել է լուսանկարներով՝ գրելով, որ Հայաստանը ստացել է 21+ ֆրանսիական Bastion APC-ների առաջին խմբաքանակը։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այա առնչությամբ Aysor.am-ին ասել է․«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ, այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»։








