Նոր հնարավորություններ եւ մասշտաբներ. առաջին անգամ Հայաստանում իրականացվում է «Երիտասարդ հայուհի 2023» մրցույթ։
Հայաստանում անցկացվում է աննախադեպ մասշտաբների մանկապատենական գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որը լինելու է շարունակական։ Մրցույթի առաջին փուլին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին MeriDian Expo սրահում, մասնակցում էր ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի:

Մրցույթի մասնակցության հայտերը 1000-ից ավելին են եղել, 14 հոգուց կազմված մասնագիտական թիմը նախապես մեկնել է մարզեր ու կատարել ընտրություն՝ որոշ չափորոշիչների համապատասխան։
Եզրափակիչ փուլ անցած երեխաները հնարավորություն ունեն ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Այստեղ յոթ հոգուց կազմված մասնագիտական ժյուրին՝ Անի Մնացականյանի գլխավորությամբ, կընտրի յոթ հաղթողներին։
Առաջին տեղը զբաղեցնողը որպես մրցանակ կստանա մեքենա, իսկ մյուս վեց հաղթողները կստանան Դուբայում շրջագայելու ամբողջական փաթեթ։
Մրցույթն իրականություն է դարձրել «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնը. Մտահղացումը՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի։

Անի Մնացականյանը երկար տարիներ զբաղվել է պարարվեստով, հայ ազգային մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունի մեծ ներդրում։ «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնն արդեն 8 տարի իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնց հիմնական ուղղվածությունը բարեգործական հիմք ունի՝ աջակցում եւ օգնում են անապահով ընտանիքներին։
Այս պահին բոլոր ռեսուրսները ուղղված են արցախցիներին օգնելու համար, իսկ Արցախից եկած շատ երեխաների համար այս մրցույթի մասնակցությունը եղել է անվճար։ Տեսնելով Հայաստանում մանկապատանեկան գեղեցկության մրցույթների կարգավիճակները, կազմակերպման որակները՝ Անի Մնացականյանը նախաձեռնել եւ իրականացնել այս մրցույթը, որն իր մասշտաբներով եւ կազմակերպչական շքեղությամբ առաջինն է մեր երկրում։









