Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ պատասխանը՝ ՌԴ ԱԳՆ-ին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: 

Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:  

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,- ասված է հաղորդագրության մեջ: