Նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Էրդողանը նրան անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից:
Չնայած մոտ մեկ ամիս առաջ՝ նյույորքյան հանդիպման ժամանակ, Էրդողանն ու Նաթանյահուն միմյանց ձեռք էին սեղմում, այսօր սակայն փոխվել է Անկարայից հնչող հայտարարությունների տրամաբանությունը:
Թուրքիայի նախագահը հրապարակավ դատապարտել է ոչ միայն Գազայի կոտորածը, այլեւ հայտարարել, թե պատրաստվում է որպես ռազմական հանցագործ ճանաչել Իսրայելը:
«Ի՞նչ էր Գազան. Պաղեստինը՝ 1947 թվականին, եւ ի՞նչ է այն այսօր: Իսրայել, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս ներս մտար: «Դու զավթիչ ես, դու կազմակերպություն ես»,- բարձրագոչել է Թուրքիայի առաջնորդը:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի համոզմամբ, սակայն, Էրդողանը «տաք ու սառը» քաղաքականություն է վարում, եւ նման հայտարարություններ անելով՝աշխարհի աչքին թոզ է փչում ընդամենը: «Ազգ»-ի հետ զրույցում թուրքագետը նշում է, որ պետք է հետեւել Էրդողանի ոչ թե խոսքին, այլ՝ գործին:
– Թուրքիայն, այո, առաջին անգամը չէ, որ հակաիսրայելական խոսույթ է զարգացնում, սակայն այդ «հակա» ելույթներից կարճ ժամանակ անց տեսնում ենք, որ Թուրքիա-Իսրայել տնտեսական հարաբերությունները շատ ավելի լավանում են, տակից իրար շատ էլ լավ հասկանում են, պետք եղած ժամանակ էլ՝ միանգամից համագործակցում: Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը միայն Ադրբեջանի հետ չէ, որ համագործակցում էր, եւ այդ եղբայրությունը ձգվում էր մինչեւ Թուրքիա: Հետեւաբար՝ պետք է ուշադրություն դարձնել՝ ոչ թե ով ինչ հայտարարեց կամ ասաց, այլ թե ինչ գործողությունների դիմեցին, կամ ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Եթե Էրդողանի հայտարարություններին չեն հաջորդում, ենթադրենք, տնտեսական սանկցիաները, ապա նրա՝ մատ թափ տալն ու հոխորտալը գրոշի արժեք չունի:
– Էրդողանը խոսել է նաեւ «խաչն ու լուսինն իրար դեմ հանելու մասին»: Արդյո՞ք միջկրոնական պատերազմով է ուզում վախեցնել:
– Միանշանակ՝ ոչ: Էրդողանը միամիտ չէ, որ միանգամից կամ կտրուկ դեմ գնա Արեւմուտքին կամ Ամերիկային: Ազգային կամ կրոնական հարցերն առաջ բերելով, գուցե, ինչ-որ գործողություններ կամ հայատարարություններ անի, բայց այնքան թափ չունի, որ համարձակվի ինչ-որ հակամարտություն հրահրել մուսուլմանական ու քրիստոնյա աշխարհի միջեւ:
– Այս ամենին հակառակ բեւեռում Ադրբեջան-Իսրայել սիրախաղերն են: Իսրայելը վերջերս իր տարածքում նավթ որոնելու արտոնագիր է տրամադրել ադրբեջանական նավթային ազգային ընկերությանը՝ «SOCAR»-ին:
– Իսրայելը շատ մեծ օգնություն ցուցաբերեց Ալիեւին 44-օրյա պատերազմի ժամանակ եւ հիմա էլ օգնության ձեռք մեկնելու հերթն Ադրբեջանինն է: Իսրայելցի գործակալներն ու ռազմական գործիչները, բառիս բուն իմաստով, վխտում են օկուպապված Արցախի հարավային տարածքներում: Ինչի մասին Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է:
– Փաստորեն, Իսրայելի «հետաքրքրություններն» Իրանի նկատմամբ այնքան խորն են, որ նա Ադրբեջանի հետ եղբայրությունն օգտագործում է հենց այդ նպատակով:
– Իհարկե: Իսրայել-Իրան, մեղմ ասած, խայթոցները նոր չեն եւ հայտնի են բոլորին: Իսրայելը միշտ էլ ցանկացել է մոտիկից իմանալ ու տեսենել, թե ինչ է կատարվում Իրանում, իսկ դրա համար պատրաստի հող է տրամադրում Ալիեւը: Իմ հարցազրույցներում միշտ եմ ասում, որ երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսվել, եւ սկսվել է հենց մեր տարածաշրջանում, պարզապես այն դեռեւս պասիվ փուլում է: Եվ երբ, Աստված չանի, այն մտնի նաեւ Իրան-Իսրայել դաշտ, ապա Թուրքիան, վստահաբար, որպես դիտորդ չի մնալու: Եվ, կարծում են, այդ ժամանակ թուրք-իսրայելական հարաբերություններն արտահայտվելու են հենց այնպես, ինչպես կան՝ բարեկամական, եղբայրական: Այսինքն՝ միավորվելու են ընդդեմ Իրանի: Եվ ես դրա համար եմ ասում, որ Էրդողանի հայտարարությունների հակառակ կողմում (ինչն իրականությունն է) երկու երկրների սերտ համագործակցությունն է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ