2024թ պետական բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ Երևանին հատկացվող գումարները կրճատվում են (շուրջ հինգ միլիարդ դրամով), և կրճատվում են ոչ թե պարգևավճարների կամ ներկայացուցչական ծախսերի ու գործուղումների, այլ կարևոր ուղղության համարվող սուբվենցիոն ծրագրերի մասով. կարծում է Երևանի Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
«Ի՞նչով է սա պայմանավորված։ Նրանով, որ ներկայիս կառավարող ուժը, իր սեփական շահը գերադասելով հանրային շահից, նախընտրական 2023թ պետբյուջեից Երևանի կապիտալ շինարարության ծախսերի համար հատկացրել է աննախադեպ մեծ գումարներ։ Ի՞նչու։
Պատճառը պարզ է, որպեսզի իշխանական թեկնածուն, հանրային գումարները ծախսելով այս կամ այն ծրագրի վրա, կարողանար դա օգտագործել նախընտրական քարոզչության համար նաև՝ ընտրություններից առաջ գովազդելով պետական միջոցներով և իր բուն պարտականություններից բխող աշխատանքը։
Իսկ հիմա էլ եկել է «գերածախսը» հետ բերելու ժամանակը, և կառավարությունը որոշել է տնտեսել սուբվենցիոն ծրագրերի վրա։ Եթե կառավարող ուժը և քաղաքային իշխանությունները իրոք ցանկանում են տնտեսել հարկատուների գումարները, ապա դա կարելի է անել այլ հոդվածներով՝ կրճատելով ճոխությունների վրա ծախսվող գումարները՝ ներկայացուցչական ծախսերը, գործուղումների գումարները, պարգևավճարները, ուռճացված անձնակազմի ծախսերը և այլ։
Ի դեպ, որպես Ավագանու անդամ ես ներկայացրել եմ համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է արգելել քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսել 2 մլն-ից ավել գումար։ Այդ որոշումը պետք է ներառված լինի Ավագանու առաջիկա նիստի օրակարգում։ Հուսով եմ, որ այդ նախագիծը հավանության կարժանանա Ավագանու կողմից և առնվազն այս մեկ հոդվածով կկարողանանք տնտեսել հարկատուների գումարները»,- գրել է Գրիգորյանը։