Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Վելասկեսի «Հայելիով Վեներայի» վրա հարձակված էկոակտիվիստներին մեղադրանք է առաջադրվել

Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել  Just Stop Oil բնապահպանական շարժման մասնակիցներին, որոնք նոյեմբերի 6-ին Լոնդոնի Ազգային պատկերասրահում վնասել են իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի (1599-1660) «Հայելիով Վեներան» նկարի պաշտպանիչ ապակին։

Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ըստ Սքոթլանդ Յարդի տարածած հայտարարության՝ վնաս հասցնելու համար մեղադրանքներ են առաջադրվել Նոթինգհեմից 20-ամյա տղամարդու և Լոնդոնից 22-ամյա մի կնոջ նկատմամբ:

«Պատմական նկարին նվազագույն վնաս է հասցվել, բայց այն տարվել է վերականգնման», – նշել են ոստիկանությունում։

Նոյեմբերի 6-ին ցուցարարներին վթարային մուրճերով հաջողվել էր մասամբ կոտրել 1647-1651 թվականներին ստեղծված կտավի պաշտպանիչ ապակին։

Մեղադրանքներ են  առաջադրվել նոյեմբերի 6-ին Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 100 բերման ենթարկվածներից ևս 44-ին, հայտնում է ոստիկանությունը։