Երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլի գլխավորությամբ երկրի խոշորագույն քաղաքաներում բազմահազարանոց հանրահավաքներ էր կազմակերպում, հռչակելով Իսրայելը «պատերազմի հանցագործ» եւ մեղադրում վերջինին Գազայում «պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու» մեջ, որպեսզի բարձրացնի թուրքական պետության հեղինակությունը, եթե ոչ միջազգային ասպարեզում, ապա գոնե Պաղեստինում եւ արաբական աշխարհում, թուրք քաղաքական դիտորդներն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող Halk TV -ի էկրանից հայտարարեցին. «Իսրայելը չի վստահում Թուրքիային, զարմանալի է, որ ոչ էլ Համասը, վստահության հարցում տալով նախապատվությունը Քաթարին»:
Հատկաշական է, որ մինչ Էրդողանի հանրահավաքներում հնչեցրած կարգախոսները հակաիսրայելական եւ հակահրեական հիստերիա էին բարձրացնում գրեթե Թուրքիայի ողջ տարածքում, ահա Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս դոկտ. Իբրահիմ Նեբիօղլում սոցցանցում հանդես է գալիս Իսրալելին գովաբանող գրառումներով:
Այդ մասին հոկտեմբերի 28-ին տեղեկացրել է Time Turk -ը, առանց ներկայացնելու նախկին հյուպատոսի գրառումները: Թուրքկան կայքէջը պարզապես նշել է, որ Նեբիօղլուն ինտերնետի իր էջում տեղ է տվել արեւմտյան լրատվամիջոցների իսրայելամետ հրապարակումներին, ինչպես նաեւ նոր պահպանողականների օրգան Wall Street Journal թերթի պնդումներին, որոնցում ամերիկյան թերթն անվերապահորեն պաշտպանել է Իսրայելին:
Այդ պնդումների մեջ, որոնց այնուհետեւ թուրք լրագրող Քենան Ալփայի վկայությամբ հենց Իսրայելն է հերքել, ադրբեջանցի հյուպատոսը տեղ էր տվել «40 նորածինի գլուխը կտրելու» մասին պաղեստինցիներին վերագրվող հանցագործությանը: Ելնելով այս հանգամանքից՝ Ալփայը հարցնում է Նեբիօղլուին. «Դուք Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսն եք եղե՞լ, թե՞ Իսրայելի օգտին աշխատող գործակալ: Գուցե ձեզ մեր պաղեստինցի եղբայներին վարկաբեկելու եւ մահմեդականների մեջ խժդժություն սերմանելու առաջադրանք են տվե՞լ»:
Թեեւ զավեշտական կթվա, բայց այդ նույն Նեբիօղլում մի քանի ամիս առաջ, մայիսի 15-ին, ինքն էր հակազդել եւ դատապարտել հեռուստալրագրող Ֆաթիհ Փորթաքալին, տեղական հեռուստատեսություններից մեկի հաղորդմանը, ուղիղ եթերում բառացի արտասանած խոսքերի համար, թե «Ադրբեջանից բարեկամ դուրս չի գա Թուրքիային»:
Ի պատասխան թուրք լրագրողին, Թուրքիայում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նեբիօղլուն ասել է. «Էությամբ փչացած Փորթաքալ (նարինջ է նշանակում), Ադրբեջանը բարեկամից էլ վեր՝ եղբայր է: Այնքան ողորմելի ես, որ այս պարզ ճշմարտությունն անգամ չես հասկանում»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ