Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ֆլեյտայի թագուհին» Հայաստան է գալու

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնելու է  համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին:

Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ:

 Ջասմին Չոյն իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է։

Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն: «Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»… ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին:

Նրա անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը օգնեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: