Օբամայի հետ նրա հանդիպումը չկայացավ
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Հոլոքոսթըՙ հրեաների ողջակիզումը, որպես նացիստների կատարած հանցագործություն, «արժանի է պարսավանքի եւ դատապարտման»:
«Ես պատմաբան չեմ, բայց կարող եմ ասել, որ մարդկության դեմ ուղղված ամեն մի հանցագործություն, այդ թվումՙ հրեաների եւ ոչ հրեաների դեմ նացիստների կատարածը, արժանի է պարսավանքի», հայտարարել է Ռոուհանինՙ ի պատասխան իրանյան ծագումով հայտնի լրագրողուհի Քրիստիան Ամանպուրի այն հավաստման, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քանիցս «առասպել» է անվանել Հոլոքոսթը:
Միեւնույն ժամանակ Ռոուհանին ընդգծել է, որ նմանօրինակ պատմական իրադարձությունները այս կամ այն ազգին իրավունք չեն տալիս զավթելու ուրիշի հողերը եւ այնտեղից դուրս մղելու մարդկանց:
«Ֆիգարո» թերթի կայքէջը այս կապակցությամբ նշում է, որ անցյալ շաբաթ մեկ ուրիշ հեռուստազրույցի ժամանակ Ռոուհանին խուսափել էր ուղղակիորեն պատասխանել Հոլոքոսթի հետ կապված հարցին: Այս անգամ նա դատապարտել է ոչ միայն հրեաների ողջակիզումը, այլեւ Իսրայելի պետության ստեղծումը ի հաշիվ «մեկ ուրիշ բնակչության»:
«Կյանքից զրկելը նողկալի բան է: Տարբերություն չկաՙ հրեայի կյանք է, քրիստոնյայի, թե մահմեդականի: Մեզ համար դա միեւնույն բանն է: Սակայն դա որեւէ մեկին թույլ չի տալիս ասելՙ քանի որ նացիստները ոճիր գործեցին մարդկանց մի խմբի դեմ, ուրեմն հիմմնավորված են մեկ ուրիշ խմբի հողի բռնատիրումն ու օկուպացումը», ասել է Ռոուհանին CNN-ի լրագրողուհուն:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում սեպտեմբերի 24-ին Իրանի նախագահի ունեցած ելույթին, Իսրայելի պատվիրակությունը բոյկոտել էր այն: Վարչապետ Բենիամին Նաթանյահուի անձնական կայքէջը հաղորդում է բառացիորեն հետեւյալը. «Վարչապետ Նաթանյահուն ՄԱԿ-ում Իսրայելի պատվիրակությանը հրամայեց վարվել անցյալ տարվա պես եւ ներկա չլինել Իրանի նախագահի ելույթին: Չնայած նոր նախագահի հմայքին, Իսրայելի նկատմամբ Թեհրանի վարչակարգի քաղաքականությունը չի փոխվել»:
ՄԱԿ-ում Ռոուհանին հայտարարել է, որ ինքը չի ձգտում սրել Իրանի հարաբերություններն ուրիշ երկրների հետ: Նա նշել էր, որ պատրաստ է անհապաղ բանակցություն սկսել իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ, ընդգծելով, որ վերջինս խաղաղ բնույթ է կրում: Բացի դրանից, Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանի դեմ ուղղված միջազգային պատժամիջոցները չափազանց «կոշտ» են, եւ որ դրանցից տուժում են ոչ թե «քաղաքական գործիչները», այլ «հասարակ մարդիկ»:
Լրատվամիջոցներին նա նաեւ հայտնի է դարձրել, որ ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հրաժարվել է կազմակերպել Ռոուհանիի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել ամերիկյան կողմը: