Հովհաննես Գաբուզյանն արժանացավ բրոնզե մեդալի
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել են շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունները, որոնք անցկացվում են տարիքային 6 խմբով: Սկզբում պատանի շախմատիստները վիճարկեցին կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության պարգեւները: Հայ շախմատիստներից գերազանց հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, որը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Հայկը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավորՙ մնալով անպարտելի: Հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված ռուսաստանցի Սերգեյ Լոմանովից:
Պատանի շախմատիստը տոնեց 6 հաղթանակ Վլադիսլավ Սիպետինի, Նիկիտա Չեթրարիի, Վլադիմիր Պետրովի, Թեոդոր Դոլանայի, Վիտալի Գուրվիչի եւ Վիկտոր Մատվիշենի հետ մրցախաղերում, հաշտություն կնքեց Գեորգ Ներոյի, Կիրիլ Շեւչենկոյի եւ Սերգեյ Լոբանովի հետ: Վերջինիս հետ Հայկ Մարտիրոսյանը մրցեց ավարտական տուրում:
Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում հանդես եկած Կոնստանտին Յայլոյանը 5 միավորով գրավեց 21-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 3,5 միավորով 40-րդն էր:
Մրցանակակիր դարձավ նաեւ մինչեւ 18 տարեկան պատանիների մրցաշարին մասնակցած Հովհաննես Գաբուզյանը: Նա 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 3-րդ տեղըՙ արժանանալով բրոնզե մեդալի: Ընդ որում հայ գրոսմայստերը միայն լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը զիջեց ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկուն, որը եւս 7 միավոր էր վաստակել: Իսկ չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, որը վաստակեց 7,5 միավոր:
Հարկ է նշել, որ Գաբուզյանը մարտականորեն էր տրամադրված եւ 9 պարտիաներից ոչ մեկում հաշտություն չկնքեց: Նա տոնեց 7 հաղթանակ Վալենտին Եժելի, Պաուլ Նաստասեի, Արման Միքայելյանի, Օտտոմար Լադվայի, Լարս Ռինդլիսբաչերի, Դմիտրի Խեգայի եւ Մաքսիմ Լուգովսկու հետ պարտիաներում, պարտվեց Ռադու-Մարիան Դորուսին եւ Կիրիլ Ալեքսեենկոյին:
Տարիքային այս խմբում հանդես եկած հայ շախմատիստներից 2-րդ արդյունքը ցույց տվեց Կարեն Գրիգորյանըՙ 6,5 միավորով գրավելով 4-րդ տեղը: 6 միավորով 7-րդ հորիզոնականում հանգրվանեց Մանուել Պետրոսյանը, նույնպիսի արդյունքով 9-րդն էր Կարեն Հովհաննիսյանը: Արման Միքայելյանը 5,5 միավորով գրավեց 14-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարին մասնակցած հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ մինչեւ 10 տարեկանների մրցավեճի մասնակից Մանե Հովհաննիսյանը, որը 6 միավորով գրավեց 4-րդ տեղը: Ընդ որում Մանեն միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց բրոնզե մեդալը նվաճած բելառուս Եվգենիա Սցեպինային: Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց ռուսաստանցի Ելիզավետա Սոլոժենկինան, որը հաղթեց իր բոլոր մրցակցուհիներին:
Մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարի մասնակից Քրիստինե Սմբատյանը 4 միավորով գրավեց 18-րդ տեղը: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանը 5 միավորով 10-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Սվետլանա Միրզաբեկյանը 4,5 միավորով 16-րդն էր: