Հայ լուսանկարիչների պատմություններին ծանոթանալն է
Իրանցի աշխարհաճանաչ լուսանկարիչ Ռեզա Դեղատին սեպտեմբերի 23-ին ավստրիական «Դի փրեսսե»-ին տված հարցազրույցում բացահայտում է, թե ինչպես է ճարտարապետի իր մասնագիտությանը հրաժեշտ տվել, երբ Իրանում շահի դեմ կազմակերպված ցույցի ընթացքում հայտնաբերել է լուսանկարչական սարքը ձեռքին ուսանողներից մեկին, որ քաոսի մեջ պատմությունն էր արձանագրում, որոշումՙ այդ սարքից անբաժան է լինելու: «Նեյշընըլ ջիոգրեֆիկ», «Նյուզուիք», «Թայմ» ճանաչված հանդեսներին թղթակցած լուսանկարիչն ինչպե՞ս է համաձայնվել Նեսփրեսսոյի աշխատանքային առաջարկին» թերթի հարցին ի պատասխան իրանցի արվեստագետը մանրամասնել է. «Լուսանկարներիս միջոցով ազգերի, մարդկանց միջեւ կապ ստեղծելն է գլխավոր գործս», ասել է Դեղատին պարզաբանելով, թե ինքը գովազդային լուսանկարիչ չէ, այլ ֆոտոլրագրող, ավելի ճիշտՙ պատմություն ներկայացնող, անձամբ գնացել է Բրազիլիա, Կոլումբիա, Գվատեմալա, հանդիպել ֆերմերների հետ, եւ քանի որ նախագիծը միտված է ֆերմերների կյանքը բարելավելուն, հետաքրքրել է:
Հարցազրույցը ներկայացնում է իրանցի արվեստագետի խոհերը դիկտատուրայի, ազատության, վախի, «արաբական գարնան» մասին: «Ես Եգիպտոս մեկնեցի: Կարծում եմ շատ դրական շարժում էր, բայց երկու, երեք սերունդ հետո միայն մարդիկ կստանան այն, ինչ ուզում ենՙ ազատություն եւ ժողովրդավարություն: 1981-ին Իրանը լքելուց հետո այնտեղ չի վերադարձել, ինչպես ասում էՙ ինքն է ընտրել աքսորյալ լինելու ուղին: «Կառավարությունը չի ուզում իմ լուսանկարները: Այն, ինչ հրապարակել եմ, մատնացույց է անում նոր կառավարության վարքագիծը»: Բնական էՙ կարոտում է երկիրը, ընտանիքը, բայց տարիների հետՙ ինչքան ճամփորդում, այնքան առավել համոզվում է, որ ըստ էության ողջը մի երկիր է, մի աշխարհ, իսկ այն, որ դեռ կռվում են միմյանց դեմ, քարեդարյա մարդու մտայնությունից է: «Համոզված եմՙ 500, 5000 տարի հետո մարդիկ կդիտեն մեզ ու կասենՙ տեսեք, 21-րդ դարի բարբարոսներն են»: «Ո՞րն է եղել Ձեզ հանդիպած վատթարագույն դեպքը» հարցին, իրանցի լուսանկարիչը պատասխանում էՙ «մարդկային դաժանությունը: Երբ տեսնում ես, թե ինչպես են հարեւանները թշնամանում: Ադրբեջանումՙ Լեռնային Ղարաբաղի մոտ ականատես եմ եղել մարտերին, թե ինչպես էին հայ զինվորները մարդկանց աչքերը հանում:Վայրագություններ են, որ երբեք չեն մոռացվում»: «Ի՞նչ եք անում այդ հիշողություններից ազատվելու համար», «Դի փրեսսեի» հարցին Ռեզա Դեղատին պատասխանում էՙ «բանաստեղծություն եմ կարդում: Դա հոգին մաքրելու լավագույն ձեւն է»:
Ավստրիական «Դի փրեսսեն» չի իրազեկում, որ1952-ին Թավրիզում ծնված Ռեզա Դեղատին ազգությամբ ադրբեջանցի է: 1981-ից ապրում է Ֆրանսիայում, այդ երկրի քաղաքացի է: Իբրեւ ֆոտոլրագրող աշխատել է աշխարհի ճգնաժամային, պատերազմական գոտիներում, հեղինակել 27 գիրք: Մասնագիտական իր փորձն է հաղորդել Սթենֆորդի, Վաշինգտոնի, Հարավային Կալիֆոռնիայի, Սորբոնի, Պեկինի, Ստամբուլի համալսարաններում, դասախոսություններ կարդացել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ազգային աշխարհագրական ընկերությունում (National Geographic Society).
Փարիզում վերջերս բացված նրա ցուցահանդեսը 4 ամսում դիտել է մեկ միլիոն այցելու, սուրճ աճեցնողների մասին պատմող նրա լուսանկարները կարելի է տեսնել Նեսփրեսսոյի խանութներում: