Ալբանացի բանաստեղծ Ետոն Քելմենդիի խոհական պոեզիան օրերս հայ ընթերցողին առանձին գրքով ներկայացվեց բանաստեղծ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ: Խորհրդանշական էր Թարգմանչաց տոնի նախօրեին Քելմենդիի «Սպասում եմ քեզ» գրքի լույսընծայումը: Քելմենդիի պոեզիան սիրո մասին խորհրդածություն է, եւ մեր օրերի համընդհանուր լարվածության, քաղաքական անհավասարակշռության եւ գերաճող ատելության մթնոլորտում սիրո ծագման, ներդաշնության հասնելու, սպասման եւ սեփական եսից անջատվելու ուղով սիրո նախնական էության փնտրումի մասին բանաստեղծական տողերը եվրոպացի ընթերցողի համար գնահատելի եւ արժեքավոր են եղել, եւ արդ` նաեւ հայ ընթերցողի սեղանին են: Կոսովոյի ծնունդ 45-ամյա Քելմենդիին շատ գրաքննադատներ համարում են եվրոպացի մեծ բանաստեղծ. նա բազմաթիվ միջազգային մշակութային հաստատությունների, պոեզիայի ակումբների անդամ է, աշխարհի տարբեր լեզուներով գրական եւ մշակութային ամսագրերի մշտական հեղինակ: Սովորել է Պրիշտինայի համալսարանում, ստացել զանգվածային հաղորդակցության արվեստի բակալավրի աստիճան: Ավարտել է Բրյուսելի Ազատ համալսարանի ասպիրանտուրան՝ մասնագիտանալով միջազգային եւ անվտանգության ուսումնասիրությունների գծով, ավարտել է մագիստրոսի երկրորդ աստիճանը դիվանագիտության բնագավառում: Քելմենդին AAB համալսարանական քոլեջի պրոֆեսոր է, Զալցբուրգի (Ավստրիա) Եվրոպական գիտությունների եւ արվեստների ակադեմիայի անդամ: Ետոն Քելմենդին մեծ ճանաչման է արժանացելԿոսովոյում 1999 թվականին իր առաջին իսկ «Խոստումների դարը» բանաստեղծական գիրքը հրատարակելուց հետո: Ամենաշատ թարգմանված ալբանացի բանաստեղծն է. նրա բանաստեղծությունները թարգմանվել են շուրջ քառասուն լեզուներով:
Քելմենդիի սիրո պոեզիան շատ ավելի խոհափիլիսոփայություն է. սիրո խոստովանությունները, սպասման, կարոտի, երազանքի պահերը պաճուճավորված են խոհական մտածումներով, զգացմունքի խորքն ու տարածականությունը հաղորդելու խոսքի թվացյալ անկարությունից նա ընթանում է դեպի լռությանն ապավինելը, ինքնության փնտրտուքը հանգեցնում է երջանկության բազմապիսի բանաձեւումների:
«…Խաղն անվերջ է ամեն մեկիս ինքնության,եւ կա մեր մեջ անօրինակ ինչ–որ ԵՍ,
որ մինչեւ մահ թե դուրս չգա, դարձի չգա,
չօտարվի,
մարդ կմեռնի մարդկայնորեն գեղեցիկ:
Երջանիկ է նա, ով մահը
դիմավորում է այդպես»:
Գեղարվեստական պատկերների հնարքով խոսում է սիրո, երազանքների, ժամանակների սահմանագծումների մասին, եւ որտեղ կա փոխաբերություն, համեմատություն կամ գեղարվեստական սիմվոլիկա, այնտեղ պոեզիան առավել գեղեցիկ է եւ դյուրըմբռնելի.
«…Թե հյուսիսային քամի լինեի,
կսլանայի դաշտերով արձակ ու գագաթներով,
եւ կստիպեի, որ խոնարհվեին կաղնիներն իմ դեմ,
գլխարկ հանեին:
Ամեն հույսի դեմ դուռ կբացեի,
եւ կլինեի ինքս էլ
ավելի լավ ժամանակի հույսերով լեցուն…»:
Բանաստեղծը շարունակ գնում է դեպի իր էության սկիզբը, ճշմարտության իր փնտրումը հաճախ հանգեցնում է իմաստազրկության ունայնությանը.
«Հավատքը խախտվել եւ վերածվել է անհավատության,
չար ժամանակը ամրապնդել է չարիքն ամենուր,
պատրանապատել հույս ու ցանկություն:
Նեռի չարաղետ ժամանակն է դա՝
Արգելված խոսքի եւ խաբեության»:
Նատուրալիստական պատկերներ չկան կամ համարյա չկան. ընթերցմանս ընթացքին պեղածներն են, օրինակ՝
«…մի ուշ գիշեր էր, աշուն եւ լուսին.
Եվ սիրով հեղված մտքերն այն գիշեր
դարձան սիրո ծով,
եւ մենք լողալով հասանք էքստազի…»,
եւ կամ՝
«- Օ՜, ինչ ջերմություն,- կշշնջայի աչքով անելով,-
եւ իմ մատները կմոլորվեին
նրա գզգզված խոպոպների մեջ,
բայց այս ամենը ցանկություն է լոկ…»:
Խոսքի արժեքի անկման մասին են իր խորհրդածությունները, երբ գրում է.
«Շատ ավելի լավ կլիներ տիրապետել
ժամանակից դուրս գտնվող
անայբուբեն լեզուների,
քան թե խոսել մեր անիմաստ իմաստների
բլուրներով»:
Մեր խառնակ ժամանակների սարսափն ու արիությունը հավասարապես իր ուսերին կրելով՝ արհամարհում է ներքին դեգերումների բարդությունները, բայց ապրած տարիների փորձառությունը, սիրո մեջ անհավատարմությունը հանգեցնում են մարդկանց հանդեպ անհավատության, նոր օրերի իր ապագայի հանդեպ անվստահության.
«Եկող–գնացող դեպքերի բովում այս քաոսային
չկարողացա թաքցնել սակայն
կանխատեսումներս այլ ժամանակի
քաջություն է պետք, որ համարձակվես հավատալ սիրուն»:
Ետոն Քելմենդիի խոսքը բարձր հասկացությունների մասին է՝ «հավատ՝ աներեր արիության հետ եւ քաջություն՝ անձնազոհության»: Դրանք սահմանակցում են իր երազներին, եւ նա փնտրում է բառը՝ դրանք մեկնելու համար. «Ես ինձ բանաստեղծ ինչպե՜ս անվանեմ, //եթե չեմ կարող մեկնել հարթմնի իմ երազները…// Գրելն այնքան խորն արմատներ ունի, // որ չի կարելի պարզապես դիմել թերասացության»:
Փնտրում է երջանկության բանաձեւը կամ փորձում է ձեւակերպել այն, եւ դա անում է սիրո հանգույցներում՝ «հիշողության սահմաններից հեռու մի տեղ, // չարտաբերված խոսքերի մեջ համբերության»: Եվ այդ պահերին, երբ ավարտվում է փնտրտուքը, ձերբազատվում է կասկածներից եւ ապավինում լոկ սիրուն.
«Ես այլեւս կասկած չունեմ, քանզի գիտեմ,
որ ջնջել ես հետքերն անգամ կասկածներիս,
եւ քանի որ հարցեր չունեմ, բավական է,
ես հիշում եմ քո անունը»:
«Սերը միմիայն Աստծուց է գալիս: Եվ ծագման մասին Նա գիտի միայն»,- սրան է վերջնարդյունքում հանգում բանաստեղծը: Անուղղակի խոսելով հանրային կյանքի մասին՝ նա դարձյալ շեշտում սիրո ուժը. «…Սիրո ուժով զորեղներն են դառնում հոգին երեւույթի, եւ ամեն մի գեղեցիկ բան հոգու հետ է լինում միայն»:
Դառն իրականությունից փախուստ տալու ձգտումը հիշեցնում են կյանքից անապատ հեռանալու՝ իսահակյանական տողերի տրամադրությունը.
«…եւ ոչ լռություն, ոչ հանգստություն
եւ ոչ էլ վերքեր
իրադարձային հորձանուտներում,
միայն ու միայն չնչին քերծվածքներ
եւ մի այնպիսի իրականություն,
որ աղերս չունի ճշմարտության հետ,
բայց ինչպե՞ս փախչել նրանից,
եւ ո՞ւր»:
«Վատ ժամանակներում» վերնագրված բանաստեղծությունում Ե. Քելմենդին խոսում է հավատի մասին, որ գալու են «լավ ժամանակներ».
«Թե ճիշտ է դա,
ես կգրեմ նրանց մասին վառ գույներով
կանխատեսված ճակատագրի:
Եվ իսկապես, ժամանակ անց
կգա ուրիշ մի ժամանակ,
եւ բանն այն է, որ հավատանք լավին,
ուստի
նկարիր քո բաղձանքները
եւ զարդարիր ծաղիկներով,
որ ընծայես երանելի ժամանակին»:
Բնության բանաստեղծական պատկերը, թերեւս, խոսուն վերջաբանը դառնա՝ նոր թարգմանական գիրքը ներկայացնելիս, քանզի նրանում սիրո, հավատի եւ լավատեսության միախառն զգացումն է գերակա.
«Լուսաբացի ծիսակարգով
Արեւի շողն աղոթում է ծլվլացող թռչնի նման…»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ