«Հայրենասերի խաղեր» (Patriot Games), «Կարմիր հոկտեմբերի որոնումները» (The Hunt for Red October) եւ այլ սառը պատերազմական թեմաներ շոշափող «թրիլլերների» հեղինակ Թոմ Կլենսին վախճանվել է Բալտիմորում հոկտեմբերի 1-ին 66 տարեկան հասակում: «Պենգուին Գրուպ» (ԱՄՆ) հրատարակչատան հաղորդման մեջ, որը հետագայում տարածել է Ասոշիեյթեդ պրեսը, չի նշվել մահվան պատճառը:
Բարձրահասակ, նիհար, փոս ընկած աչքերով (որոնք գրեթե միշտ ծածկված են եղել արեւի մուգ ակնոցներով) Կլենսին համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել որպես ռազմական, հետախուզական ոլորտի տպավորիչ վեպերի հեղինակ: Ըստ իր հրատարակչի ավելի քան 100 միլիոն օրինակ է վաճառվել իր գրքերից, որոնցից մի քանիսը դարձել են նաեւ հետաքրքրաշարժ եւ հիշարժան կինոնկարներ: Նրա երազանքն է եղել գրել մի այնպիսի գիրք, որը կնպաստի իր անունը դասելու կոնգրեսի գրադարանի անվանի հեղինակների շարքում: Պետք է նշել, որ նրա ցանկությունը լիուլի կատարվել է:
Քաղաքական ասպարեզում պահպանողական դիրքորոշում ունեցող Կլենսին 1982-ին սկսել է գրել «The Hunt for Red October» գիրքը, հիմնվելով 1975 թվի նոյեմբերին խորհրդային հրթիռատար Ֆրեգատ (հետախուզանավ)ՙ «Ստորոժեվոյի» հետ կապված իրական պատահարի վրա: Վեպը լույս է տեսել 1984-ին եւ ինչ-որ մեկը այն որպես Ծննդյան տոների նվեր նվիրել է նախագահ Ռեյգանին: Վերջինս մի ճաշկերույթի ժամանակ նշել է, որ քունը կորցրել է, որովհետեւ գիրքն այնքան հետաքրքրական է, որ չի կարողանում այն ցած դնել: Այս արտահայտությունը նպաստել է, որ Կլենսիի անունը հայտնվի «Նյու Յորք Թայմսի» «բեստսելլերների» ցուցակում:
Կլենսին ծնվել էր Բալտիմորում 1947-ին: Հաճախել է Լոյոլա քոլեջ, որտեղ ֆիզիկայի մասնագիտությունը երկրորդ կուրսում փոխել է անգլերեն գրականությամբ: Մեծ մասամբ ապրել է Մերիլենդում: Իր մյուս գրքերի ցուցակում են «The Bear and the Dragon» (Արջը եւ վիշապը), «The Cardinal of the Kremlin» (Կրեմլի կարդինալը), «Red Storm Rissing» (Կարմիր փոթորիկը բարձրանում է) եւ «The Sun of All Fears» (Բոլոր վախերի արեւը) վեպերը, որոնցում հետագա իրադարձությունների կանխագուշակումները խիստ հատկանշական են: