Չնայած ընդդիմադիր պատգամավորների թունդ քննադատությանը դատախազական համակարգի վերաբերյալ, երեկ Հայաստանի նոր գլխավոր դատախազին Ազգային ժողովի պատգամավորները 103 կողմ, 3 դեմ, 2 անվավեր ձայներով ընտրեցին: Այնպես որ քննադատողները արդեն այժմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կամ համակարգի մարդ չեն համարում, կամ համակարգը քննադատում են կոնյունկտուրայից ելնելով, իսկ անձնավորման տիրույթում վատամարդ չեն ուզում լինել (նրանց կարելի է հասկանալ, քանի որ ուրիշ էլ ո՞վ, քան մեր պատգամավորները, ավելի լավ գիտեն, թե ցանկության դեպքում դատախազությունն ինչպես կարող է բոլորի մոտ օրենքի խախտում գտնել եւ գործ հարուցել): Կամ, ինչպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց լրագրողների հետ զրույցում, դեր էր խաղացել երիտասարդ դատախազի մասնագիտական դիապազոնը` «պրոֆեսիոնալ է, ունի լավ գիտելիքներ, եւ աշխատած տարիներին մենք դրանում համոզվել ենք» ձեւակերպմամբ:
Բոլոր դեպքերում դեմ քվեարկելու մասին հայտարարել էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը». ՀՅԴ-ն ազատ էր թողել իր պատգամավորներին, իսկ ԲՀԿ-ն պաշտոնապես խմբակցության տեսակետ չէր հայտնել, թեեւ քվեարկությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լրագրողներին ասում էին, որ կողմ են քվեարկել, շանս տալով երիտասարդ ու նորմալ սկզբունքներ առաջարկող Կոստանյանին: Դե իսկ կողմ քվեարկելու մասին նախապես հայտարարել էին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր ելույթում նշել էր, որ հազիվ թե ձայների պակաս ունենան:
Համենայն դեպս հատկանշական է, որ մոտ մեկ տասնյակի հասնող պատգամավոր ասում էր, որ դեմ է քվեարկել, իսկ արձանագրված դեմերը ընդամենը երեքն էին: Իսկ թե ո՞վ է կողմ քվեարկել, բայց ասում է` դեմ եմ, սա թող մի ավելորդ անգամ լինի մեր ընդդիմադիր քաղաքական դաշտի անհեթեթության գնահատականը, եւ այն, որ բոլոր մնացած հարցերում էլ հենց այդպես լղոզված է վարվում ընդդիմությունը:
Ի դեպ, Հ. Աբրահամյանը նաեւ նախկին գլխավոր դատախազի աշխատանքը պրոֆեսիոնալ եւ նորմալ գնահատեց, իսկ «Ազգի» դիտարկմանն ի պատասխան, թե ընդդիմությունն ասում է` անձը չի կարող ոչինչ անել, քանի որ համակարգը հնարավոր չէ բարեփոխել, Հ. Աբրահամյանը նկատեց. «Ցավոք, մեր երկրում անձերից դեռ շատ բան է կախված», իսկ իր արտահերթ ելույթում էլ հույս էր հայտնել, թե անձը կարող է փոխել համակարգը եւ Կոստանյանը դրական փոփոխություններ կիրականացնի:
Համաներմամբ մոտ 500 մարդ ազատ կարձակվի, իսկ համաներման ընդգրկման հաշվարկն էլ դեռ կատարվելու է
Երեկ Ազգային ժողովը քննարկեց անկախ Հայաստանի թվով ութերորդ համաներումը, իսկ վերջին չորս տարում Հայաստանի նախագահը երեք անգամ արդեն համաներում է հայտարարել: Այս առումով հետաքրքրական էր ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանի այն մեկնաբանությունը, որ եթե վստահ լիներ արդարադատությանը` այդքան շուտ- շուտ համաներում չէր հայտարարի:
Համաներումը սովորաբար պայմանավորում են այդ ակտի մարդասիրական կողմով, Հայաստանի դեպքում` նաեւ ծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկների թեթեւացմամբ: Քրեակատարողական հիմնարկներում այժմ պահվում է 4697 դատապարտյալ, մինչդեռ այդ հիմնարկների կարողությունը կամ մասնագիտական լեզվով` լրակազմը 4395 մարդու է, այսինքն մոտ 300 դատապարտյալով ծանրաբեռնված են այդ հիմնարկները, իսկ նրանցից ամենածանրաբեռնվածը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկն է: Համաներման ինստիտուտի արդարացվածության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Հայաստանում վերջին երկու համաներումներով ազատ արձակվածների միայն 4,8 տոկոսն է վերադարձել կալանավայրեր` ասել է թե կրկնահանցագործություն կատարել: Այսինքն` համաներվածների գերակշիռ մասը հետեւություններ է անում:
Այս համաներման շրջանակը նախորդի համեմատ լայնացել է եւ տարածվելու է անցյալ համաներմամբ չընդգրկված մի շարք հանցագործությունների վրա: Համաներումը տարածվելու է մինչեւ երեք եւ հինգ տարի դատապարտված, հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող, վաթսուն տարին լրացած, մինչեւ տասնութ տարեկանը հանցագործություն կատարած անձանց (նախկինում դիտավորյալ հանցագործության համար չդատապարտված), առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների վրա: Հարցը ներկայացնող Հրայր Թովմասյանը նշեց, որ քանի որ համաներման բովանդակությունը մինչեւ երեկվա հրապարակումը գաղտնի է եղել, քրեակատարողական հիմնարկներում դեռ չեն հաշվել, թե քանի՞ անձի պատիժ է թեթեւանալու համաներմամբ, բայց ազատ արձակվողների մասին ասաց, որ իր ելույթի պահին հայտնի հաշվարկով դրանք կլինեն 400-500 սահմաններում: Տարածման շրջանակը այժմ ավելի մանրակրկիտ հաշվարկվում է: Պատժի կրումից կազատվեն մարտական գործողությունների մասնակիցները, բռնադատվածի կամ նրանց հավասարեցված կարգավիճակ ունեցողները (պարզ է` անցյալում ազատությունից զրկվելու հետ կապված պատիժ չկրողները կամ դատվածություն չունեցողները): Համաներումը մինչեւ այս տարվա սեպտեմբերի մեկը հանցագործություն կատարածների վրա է տարածվելու, բացառությամբ ծանր հանցագործություն կատարածների: Համաներումը կիրառվելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ, այս իմաստով հատկապես պատգամավորներին մտահոգում էր կիրառման թափանցիկությունը, որի ուղղությամբ մի շարք առաջարկներ հնչեցին, բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը եւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարների ինքնագործունեությունը` ակնկալիքների դիմաց: Այս իմաստով ամեն անգամ համաներման վրա մեծ ստվեր է գցում համակարգի ներսում իշխող կոռուպցիան, որը Հրայր Թովմասյանը խոստանում է այս անգամ հաղթահարել ողջ գործընթացի թափանցիկությամբ: