3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ հայ ծանրորդների հաշվին
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակ դուրս եկան գերծանրքաշայինները: Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում Հայաստանը ներկայացրեցին Հայկ Հակոբյանն ու Հրաչ Ղարիբյանը: Ավելի հաջող հանդես եկավ մրցակցային զգալի փորձ ունեցող Հայկ Հակոբյանը, որը երկամարտի 393 կգ (182+211) արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Ղարիբյանը 7 մասնակիցների մեջ 369 կգ (165+204) արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Չեմպիոնի կոչման համար պայքարում Հայկի գլխավոր մրցակիցը ռուսաստանցի Մագոմեդ Աբուեւն էր, որն անձնական քաշով 19 կգ-ով գերազանցում էր հայ ծանրորդին, որը 126 կգ քաշ ուներ: Այս հանգամանքը քիչ դեր չխաղաց ծավալված մրցապայքարում: Պոկում վարժությունում Հայկը միայն 2-րդ մոտեցմամբ հաղթահարեց նախնական 177 կգ-ը, մինչդեռ Աբուեւը սկսեց 185 կգ-իցՙ բարձրացնելով ծանրաձողը: 3-րդ մոտեցմամբ Հակոբյանն իրեն ենթարկեց 182 կգ-ը, իսկ Աբուեւը բարձրացրեց 195 կգ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հակոբյանի արդյունքը 2-րդն էր, որի համար նա պարգեւատրվեց արծաթե մեդալով:
Առաջին վարժությունից հետո 13 կգ առավելությունը փաստորեն վճռեց մրցակցության ելքը: Բացի այդ էլ, հայ ծանրորդը հրում վարժությունում չկարողացավ բարձր արդյունք ցույց տալ: Հաջորդաբար բարձրացնելով 205 եւ 211 կգ, Հայկը 3-րդ մոտեցման ժամանակ ձախողվեց 214 կգ-ը բարձրացնելիս, որի պատճառով զրկվեց հրում վարժությունում մեդալից: Ռուս ծանրորդը միայն մեկ անգամ մրցահարթակ դուրս եկավ, երբ նրա մրցակիցներն ավարտել էին ելույթները: Բարձրացնելով պատվիրած նախնական 215 կգ ծանրությունը, Աբուեւն ապահովեց ոսկե մեդալները հրում վարժությունում եւ երկամարտումՙ ցույց տալով 410 կգ (195+215) արդյունք: Հրում վարժության արծաթե մեդալը 213 կգ-ով նվաճեց լեհ Կրժիժտոֆ Կլիցկին, որը երկամարտի 385 կգ (172+213) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Իսկ հրում վարժության բրոնզե մեդալին արժանացավ ռուսաստանցի Սոսլան Կատաեւըՙ 212 կգ: Հրաչ Ղարիբյանն այս վարժությունում 204 կգ-ով 5-րդն էր:
Տալլինում Հայաստանը ներկայացրած 7 ծանրորդներից 5-ը մեդալների արժանացան: Հիշեցնենք, որ մինչեւ 20 տարեկանների մրցաշարում Սմբատ Մարգարյանը (56 կգ) երկամարտում բրոնզե մրցանակակիր դարձավ, իսկ հրում վարժությունում արժանացավ արծաթե մեդալի: Մինչեւ 69 կգ քաշայինների մրցավեճում Վլադիկ Կարապետյանը երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր, մեկ բրոնզե պարգեւ էլ ստացավ հրում վարժությունում: Իսկ Վարդան Միլիտոսյանը քաշային այդ կարգում 3-րդ տեղը գրավեց պոկում վարժությունում:
Մինչեւ 58 կգ քաշային աղջիկների մրցաշարում Իզաբելա Յայլյանը բրոնզե մեդալներ նվաճեց երկամարտում եւ պոկում վարժությունում: Ընդհանուր առմամբ հայ ծանրորդները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճեցին 3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ: