Ինչպես նշել է Կ. Պոլսո պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը, հոկտեմբերի 15-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, առանց կողմերից որևէ մեկի անունը նշելու, հանդես էր եկել Գազայում համամարդկային արժեքները հարգելու կոչով և մասնավորապես ասել. «Մեծ վշտով շարունակում եմ հետևել Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Ինձ հատկապես հուզում է երեխաների և ծերերի վիճակը: Կրկնում եմ պատանդներին ազատ արձակելու իմ կոչը: Պահանջում եմ, որ անհապաղ ազատ արձակվեն երեխաները, հիվանդները, ծերերը, կանայք և բոլոր պատանդները: Անհրաժետ է Գազայում հարգել համամարդկային արժեքները, ինչպես նաև հումանիտար օգնության համար մարդասիրական միջանցքի տրամադրումը ժողովրդին»:
Ըստ ամենայնի՝ իսրայելական կողմը Նորին Սրբության կոչը իր վրա է վերցրել. Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենը դրան արձագանքել է բուռն հակազդեցությամբ, Վատիկանից պահանջել բացահայտորեն խստագույնս դատապարտել Իսլամական դիմադրության շարժման՝ մարդասպան ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունները Իսրայելի խաղաղ բնակիչության դեմ:
Այս տեղեկությունը հոկտեմբերի 16-ին հաղորդել է «Timeturk.net» կայքը: Ըստ թուրքական կայքի տեղեկության՝ Կոհենը Վատիկանի պաշտոնակցին՝ Paul Gallagher-ին ասել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի, հետևաբար, Վատիկանից ակնկալում է ավելի մեծ ուշադրություն իսրայելական կողմի կրած զրկանքերին: Նա միաժամանակ նշել է, որ ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ավելի վտանգավոր է, քան Իրաք-Շամ իսլամական պետության մարդասպանները:
Հակոբ Չաքրյան