Հոկտեմբերի 13, 14-ին համաշխարհային ճանաչում վայելող հայ ջութակահար Արա Մալիկյանը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում։
Համերգների տոմսերի վաճառքի ամբողջ հասույթը մենակատարը կհատկացնի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
«Արա Մալիկյանի հետ ծանոթացել եմ մոտ երկու տասնամյակ առաջ, երբ հանդես էի գալիս Մադրիդի թագավորական օպերային թատրոնում, որտեղ նա նվագախմբի կոնցերտմայստերն էր։ Նրա կատարմամբ Բախի սոլո պարտիտների և սոնատների կատարումը ինձ համար մինչ օրս անգերազանցելի է։ Փորձենք ուժ գտնել մեր մեջ՝ նաև մշակույթի օգնությամբ հաղթահարելու մեր աննկարագրելի ցավը…»,- Արա Մալիկյանի համերգի տոմսերը գնելու և այդ համերգին ներկա լինելով՝ արցախցիներին մեր աջակցությունը հայտնելու կոչ է անում ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։